
4 միլիարդ դրամ՝ անցակետերի արդիականացման ծրագրերը շարունակելու համար
Կառավարությունն այսօր հավանության արժանցրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի ներայացրած որոշման նախագիծը, որով 2017 թ. պետական բյուջեում և կառավարության 2016 թ. դեկտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն՝ ՊԵԿ-ին գումար հատկացնելով։
Այդ գումարները պետք է ծախսվեն Հայաստանի պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման ծրագրերը շարունակելու, ինչպես նաև մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրմանը հատկացնելու համար։
«ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերը կավելանան 3 956 450.0 հազ. դրամով (8,1 մլն դոլար)` ի հաշիվ 2016 թվականի տարեվերջյան մնացորդի»։
ՊԵԿ-ի ներկայացրած փաստաթղթերով՝ 2017 թվականի պետական բյուջեի հայտերը 2016 թվականի օգոստոս ամսին ներկայացնելու ժամանակ դեռևս հայտնի չէր նշված ծրագրերի մասով գումարների մնացորդների քանակի մասին, այդ պատճառով այժմ են ներկայացնում գումար հատկացնելու այս նախագիծը։
Դեռևս հունվարի 19-ի կառավարության նիստին չքննարկվող կարգով հավանության էր արժանացել ՊԵԿ նախագահի մեկ այլ առաջարկը, որով թույլատրվում է ՊԵԿ-ին «Այյունեթվորքս» ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի վերջնաժամկետը երկարացնել ևս 3 ամսով։ Այս ընկերությունն է, որ մոնիթորինգային կենտրոնի տեղադրման աշխատանքներ պետք է իրականացնի բոլոր մաքսատներում և մաքսակետերում: Առաջարկվել էր երկարացնել ծառայության մատուցման պայմանագիրը Բագրատաշեն և Գոգավան մաքսակետերում, քանի որ կատարվել են վերակառուցման աշխատանքներ և դեռևս գտնվում են հանձման-ընդունման փուլում, իսկ Բավրա մաքսակետի վերակառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել ապրիլ ամսին։
«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագիրը մեկնարկել է 2013-ին, նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է: 60,6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին, իսկ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ը նախատեսում է անցակետերը համալրել ավտոմեքենաների որոնման և վերահսկման համակարգերով և կիրառել «Մեկ պատուհան» սկզբունքը: Ըստ նրանց՝ սա թույլ կտա պարզեցնել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելով գործառույթների կրկնությունը:
Մեկնաբանել