HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատազրկված լեյտենանտ Արամ Աղայանի բաց նամակի հետքերով

2 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված լեյտենանտ, օրերս Շուշիի բանտից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արամ Աղայանի՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված բաց նամակի հետքերով երեկ նրան են տեսակցել ՄԻՊ-ի երկու ներկայացուցիչ: Այս մասին «Հետքին» հայտնեց Արամ Աղայանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, ով երեկ է տեսակցել իր պաշտպանյալին:

Փաստաբան Պապիկյանը երեկ կարողացել է մտնել «Նուբարաշեն» ՔԿՀ. «Փորձեցին նյութերս խուզարկել, չթողեցի, բայց, կարծում եմ, ոչ թե Արամ Աղայանի, այլ՝ Խանդոյան Արայիկի պատճառով: Ամեն դեպքում նյութերս առանց խուզարկության մտցրեցի»:

Արամ Աղայանը ՄԻՊ ներկայացուցիչներից հետաքրքրվել է՝ արդյոք պլանային այցով են ացելել իրեն: Պատասխանել են, որ եկել են պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ ու բաց նամակի հետքերով: «Արամը շոյված է զգացել իրեն»: Մեր հարցին պատասխանելով՝ փաստաբանը նշեց, որ մեկ տարուց ավելի Շուշիի բանտում լինելով՝ որևէ պաշտոնյա, այդ թվում նաև Ղարաբաղի ՄԻՊ-ի գրասենյակից, չեն այցելել Արամին:

Փաստաբանը փոխանցեց, որ երեք խումբ հարցեր են հետաքրքրել պաշտպանի ներկայացուցիչներին՝ բաց նամակում Արամի բարձրացրած հարցերը, պահման պայմանները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և ընթացող քրեական գործի որոշակի հանգամանքներ:

Արամ Աղայանը պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին փոխանցել է, որ բնականաբար տեղյակ է՝ քրեական գործի ընթացքի վրա օրենքով որևէ ազդեցություն ունենալ չի կարող ՄԻՊ գրասենյակը: Պահման պայմանների վերաբերյալ ասել է՝ որևէ գանգատ չունի, իսկ բաց նամակում բարձրացրած հարցերի հետ կապված կրկին շեշտել է՝ ոչ թե կոնկրետ իր խնդրի մասին են դրանք, այլ ընդհանրապես՝ անտարբերության մեջ հայտնված զինվորները բանակի ուշադրության կարիքն ունեն:

Արայիկ Պապիկյանը նաև նշեց, որ երեկ զանգահարել են Արամենց տուն երկու կազմակերպությունից, հաղորդել՝ հետաքրքրված են Արամ Աղայանի բաց նամակով, նրա խնդրով: Նշել են, որ մոտ օրերս հանդիպելու են պաշտպանության նախարարի հետ, ցանկություն են հայտնել խոսել Արամ Աղայանի մասին: «Այսինքն՝ նկատելի է հանրային հնչեղություն այս գործով»,-ասում է Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանի Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է մարտի 1-ին, ժամը 14:00 -ին: Վերաքննիչ դատարանից փաստաբանը մեկ ակնկալիք ունի՝ արդարացման դատավճիռ:

«Հետքն» անդրադարձել է լեյտենանտի կալանավորմանը, մեղադրանքին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռին, փաստաբանի նշած խախտումներին ու Վերաքննիչ բողոքին: Հիշեցնենք, որ Արամ Աղայանը դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Սակայն, հատկանշական է, որ Գրիգորյանը որևէ բողոք չունի Աղայանի դեմ, հակառակը՝ «Հետքի» հետ զույցում ավագ Գիրգորյանը՝ Ռուդիկի հայրը, նշեց. «Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց դատարանում, որ մտերիմ են եղել»:

Նշենք, որ առաջին ատյանում նիստերն անցկացվել են Ստեփանակերտում, «բայց քանի որ իրավունք չունեն վճռի մեջ նշել Ստեփանակերտ, հասկանալի պատճառներով, իսկ գործը ընդդատյա է Սյունիքի մարզի դատարանին, նշել են Սյունիքի մարզի դատարան: Ի դեպ, ես ծանուցումներ ստացել եմ Ստեփանակերտ, Դավիթ Բեկի 7 հասցեում նիստերի մասին, սակայն վճռի մեջ նշել են N զորամաս»,-ասում է փաստաբանը:

Նրա դիտարկմամբ, եթե այս գործի քննությունը տեղափոխվի ՄԻԵԴ, ապա լրջագույն խնդիրներ են առաջանալու: «ՄԻԵԴ-ի մասին մտածել է պետք, հատկապես իշխանություններին. պարզ է, թե ինչ ընթացք կունենա, փաստացի միջազգային իրավունքի սուբյեկտ չհամարվող մարմնի տարածքում են նիստեր եղել»:

Ի դեպ, այս գործը «Դատալեքս» համակարգում անհասանելի է: Փաստաբան Պապիկյանն ասում է, որ այս տարվա հունվարից զինվորական գործերի մի մասը փակել են, անգամ՝ պաշտպանների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter