«Ազատություն Հաց բերողին». կոչեր Գլխավոր դատախազության դիմաց
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ակցիա էր կազմակերպել՝ «շտապ հավաք»՝ «Հաց բերողի» կյանքի ու Ազատության համար:
«Մենք (ես և ընկերներս) դուրս ենք գալու փողոց և պահանջենք Հաց Բերողի խափանման միջոցի փոփոխումը»,- գրել էր նա իրադարձության էջում:
«Ազատության» հրապարակում հավաքված մարդիկ «Ազատություն Հաց բերողին», «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերով երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն:
Գլխավոր դատախազության շենքից դուրս եկած պաշտոնյայից ակցիայի մասնակիցները պահանջում էին պարզաբանում, թե ինչու է կալանավորված Արթուր Սարգսյանը:
Երթի մասնակիցների մի մասը ցանկանում էր գնալ նաև «Դատապարտյալների հիվանդանոց», մյուս մասը կողմնակից էր ակցիան վաղը նորից շարունակելուն:
Շահեն Հարությունյանն ասաց, որ իր համար այս պահին գերակա է Արթուր Սարգսյանի կյանքը, ոչ թե նրան ոգևորելը. «Մեր ձայները նրան չեն հասնելու, քիչ ենք, իսկ հիվանդանոցի մոտ մեզանից քչերն են հասնելու»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ առաջարկելով վաղը շատանալ ու ժամը 18:00-ին կրկին հավաքվել Ազատության հրապարակում և գնալ «Դատապարտյալների հիվանդանոց»:
Ինքը՝ Շահեն Հարությունյանն իր ընկերների հետ, ասաց, որ նստացույց է սկսում Ազատության հրապարակում:
Մեկնաբանել