HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Բյուջեի տնտեսում՝ հիվանդների հաշվի՞ն, թե բիզնես շահերի պաշտպանություն

2013թ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պետության կողմից տրվող «Զիպրեքսա» դեղը փոխարինվեց  հայկական արտարդրության «Օլանզապին» դեղամիջոցով։ Հիվանդներից ոմանք դժգոհեցին,  Հայկական հոգեբուժական ասոցիացիան հրապարակեց 2 դեղերի հետազոտության արդյունքները, որտեղ արձանագրեց, որ ջեներիկը (գեներիկ) որակի առումով զիջում է։

Հերոսների անուններն իրենց խնդրանքով փոփոխված են, համընկնումները՝ պատահական են:

Տիկին Ռուզաննա

«Իմ ամուսնու (67 տարեկան, հեղ․) վիճակը հիմա բավականին բարելավված վիճակում է, էն վիճակում, որ մենք տանը կարողնաում ենք հանգիստ շնչել, հանգիստ ապրել։ Որդուս մահից հետո նա շատ ծանր էր տանում, սկսեց խմել, վիճակը վատացավ, 2-3 անգամ ինքը պառկել է Ավանի հոգեբուժարանում։ Եվ ոչ մի դեղորայք էնպիսի լավ արդյունք չէր տալիս, ինչպես «Զիպրեքսան»։Մինչ այդ մեզ ուրիշ դեղորայքներ էին տալիս, որոնցից վիճակն շատ էր վատանում, նույնիսկ հիվանդանոցից տուն էինք բերում, ու չանցած 3 օր, ստիպված նորից հետ էինք տանում, մինչև հիվանդնաոցում մեզ տրամադրվեց «Զիպրեքսան»։ Հետո արդեն հերթագրվեցինք այդ ցուցակում, ու 3-4 տարի է դա է խմում, արդեն ոչ մի բան, վիճակը բավականին լավացել է։ Ճիշտ է, չի աշխատում, որովհետև հաշմանդամության կարգ ունի, բայց ամեն դեպքում, արդեն հեռուստացույց է դիտում, ընտանիքի անդամների հետ նորմալ շփվում է, իսկ առաջ չէր ուզում շփվել ոչ մեկի հետ, մեր տուն էլ դուռ բացող մտնող չկար։ Հիմա արդեն գնում գալիս են։ Եթե հիմա փորձարկում անեն ու նոր դեղորայք տան մեզ, ինչ է գալու մեր գլխին»։

 
Աստղիկ, 55 տարեկան 

 « 2004թ եկել եմ Հայաստան, արդեն հիվանդ վիճակում։ Հասկացել եմ, որ ընտանիքս քայքայվում է, որովհետև բժիշկ լինելով, տեսել եմ, որ հոգեկան հիվանդը մտավ հիվանդանոց, արդեն էնտեղից դուրս չի գալիս, իսկ ես ունեի անչափահաս երեխա։ Ունեի հալյուցինացիաներ, ոչ մի օրգանս նորմալ չէր աշխատում՝ սիրտս նորմալ չէր աշխատում, անքնություն ունեի և այլն։ Ինքնասպանության փորձ եմ կատարել և ընկել հիվանդանոց։ Ամուսինս 6 ամիս դեղորայքն ուղարկում է,  հետո դադարում է ուղարկել։ Ես մնում եմ երեխայիս հետ։ Գնում եմ բժշկի։ Ասում եմ՝ ինձ տվել էն մի քանի դեղ, որոնց թվում նաև՝ «Զիպրեքսա» դեղը։ Բժիշկը երբ ինձ նայում է, ասում ՝ դու լավ ես զգում, ես ասում եմ՝ ոչ։ Ճարում եմ մասնավոր մեկին, ասում եմ ՝ «Զիպրեքսա» եմ ընդունել, պիտի ինձ օգնեք, ասում է՝ դա էլ խմի։ Գնում եմ աշխատանքի, որպեսզի կարողանամ նաև երեխայիս պահել։

Երբ «Զիպրեքսան» փոխարինում են «Զոլաքսա»-ով, զգում եմ, որ վիճակս գնալով վատանում է՝ սրտխառնոց, գլխապտույտ, անքնություն, ճնշման բարձրացում, ինչ, նյարդային եմ և այլն։ Էլի նախկին դեղորայքս ստանում եմ, վիճակս կարգավորվում է։ Եթե չեն էլ տալիս, ես կարող ա հագուստ չառնեմ, սնունդ չգնեմ, բայց այդ դեղը գնեմ։

Մեզ ասում են՝ կախվածություն ունեք այդ դեղից։ Ինչ է նշանակում կախվածություն, ասում են՝ վախենում եք ուրիշ դեղերից, չէ, մենք փորձարկել ենք այդ դեղերը մեզ վրա։ Մեզ վրա, որպես կենդանիների, անընդհանտ տարբեր դեղեր են փորձարկում»։

Նունե, 43 տարեկան

25 տարի է խնդիր ունեմ։ Շատ դեղեր եմ ընդունել՝  կանադական, հնդկական «Օլանզապին», հայկականն արդեն չեմ վերցրել։ Կանադական «Օլանզապին» եմ խմել, էլի վատ վիճակում եմ եղել։ Անմիջապես փոխել եմ «Զիպրեքսա», 3-4 հաբից հետո արդեն կարողանում եմ վերադառնալ իմ բնականոն կյանքին։

Կարող է գա մի ժամանակ, երբ այդ դեղ նույնիսկ պետք էլ չգա։

 

2015թ․ տվյալների համաձայն՝ Հայաստանում կա F20-29 հիվանդություն (շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ` ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման) ունեցող 13 513 մարդ (2016թ տվյալները հավաքաագրման փուլում են)։ 2013թ․համեմատ նրանց թիվն աճել է մոտ 3500-ով։

Նրանց տրվող հայկական «Արփիմեդ» ընկերության «Օլանզապին»-ի, ինչպես նաև մի քանի այլ (տես՝ «Կարբամազեպին», «Դինգա») դեղերի մասին «Հետք»-ն արդեն գրել է։

2013թ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող «Զիպրեքսա» հոգեմետ դեղամիջոցը, որն ընդգրկված է Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռքբերվող և անվճար հատկացվող դեղերի ցանկում, փոխարինվեց օլանազապին ազդող նյութը պարունակող ջեներիկ դեղամիջոցով։ Հիվանդներն ու նրանց հարազատներից ոմանք դժգոհ էին տրամադրվող նոր դեղերի որակից, այդ պատճառով 2015թ․ Առողջապահության նախարարությունը նորից սկսել է գնել «Զիպրեքսա» դեղը, բայց արդեն՝ «Արտահիվանդանոցային ծառայություն, ցերեկային ստացիոնարում հոգեկան հիվանդների արդյունավետ բուժման» ծրագրի շրջանակներում,  որում ընգրկվել են մոտ  300 հիվանդ։ «Զիպրեքսա» դեղի գնման գործընթացն իրականցրվել է՝ համաձայն 2016թ․ մարտի 17-ի N 276-Ա որոշման՝ «Նորք» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ-ի կարիքների համար։ Ծրագրի ֆինանսական գնահատականը կազմել է 127 մլն ՀՀ դրամ, որից «Զիպրեքսա» դեղի գնման համար հատկացվել է 112 մլն-ը։

Դեղերը, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, գնվել են «Մ ԼՆՖարմ» ՍՊԸ-ից, 5 մգ-ի դեղահատը՝ 575 դրամ, իսկ 10մգ-ի 1 դեղահատը՝ 1150 դրամ արժեքով՝ ներառյալ ԱԱՀ։ «Մ․Լ․Ն․ Ֆարմ» ընկերության 100 % բաժնետերն է Վասիլ Հարությունյանը՝ «Զիպրեքսա» դեղորայքն արտադրող «Էլայ Լիլլի ընդ Քոմփանի» ընկերության տարածքային մենեջեր Սիլվա Բարսեղյանի ամուսինը։

 Տարիներ առաջ այս ընկերությունը և «Նատալի Ֆարմ» -ը  ինսուլինի գնումների մրցույթի ժամանակ համագործակցել են՝ դեղը իրար վերավաճառելով ու պետությանն ավելի թանկ գնով տրամադրելով։

Այս մասին ևս «Հետք»-ը ևս գրել է։

2017թ փետրվարի 15-ից  «Արտահիվանդանոցային ծառայություն, ցերեկային ստացիոնարում հոգեկան հիվանդների արդյունավետ բուժման»  ծրագրի իրականացումը դադարեցվել է։ Թեև դեղատներում այս դեղը վաճառվում է, բայց օրական մեկ հաբ խմելու համար ամսական պահանջվում է նվազագույնը՝ 17 000 ՀՀ դրամ։

Ծրագրում չընդգրկված հիվանդներին տրվել և մինչ օրս էլ տրվում է ԱՆ կարիքների համար կենտրոնացած կարգով ձեռք բերված «Օլանզապին» 10մգ N30 դեղը, որն արտադրում է հայկական «Արփիմեդ» ընկերությունը։

 

«Ջեներիկ դեղամիջոցը զիջում է իր բուժիչ հատկություններով» Հայկական հոգեբուժական ասոցիացիա

Հայկական հոգեբուժական ասոցիացիան 2015թ «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ում հրապարակել էր  օլանզապին պարունակող «Զիպրեքսա» և օլազնզապին ջեներիկ դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին հետազոտության ադրյունքները։ Այն կատարվել էր «Ավան հոգեկան առողջության» կենտրոն ՓԲԸ-ի դիսպանսեր բաժանմունքում՝  2014թ. մարտ-մայիս ամիսներին։ Որպես հետազոտական նյութ ծառայել են հոգեկան առողջության կենտրոնում  հաշվառված հիվանդների ամբուլատոր քարտերի տվյալները, ուսումնասիրությունը կրել է ռետրոսպեկտիվ բնույթ։ Կատարված հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են տարբեր սեռի եւ տարիքային խմբերի՝ 24-65 և ավելի տարեկան։  Հետազոտական նյութ ծառայել են հոգեկան առողջության կենտրոնում  հաշվառված հիվանդների ամբուլատոր քարտերի 3,5 տարվա տվյալները։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը 3,5 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ փոխել է  դեղամիջոցը («Զիպրեքսա» դեղամիջոցը օլանզապին պարունակող ջեներիկ դեղամիջոցով)։ Այն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ (էջ 43-48)։

Այս հետազոտության խնդիրն  է եղել՝  բացահայտել ջեներիկ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների միասին հանդես գալու հավանականությունն ու հաճախականությունը, գտնել կապը հիվանդի տարիքի և կողմնակի երևույթների ի հայտ գալու, ինչպես նաև կապը՝ հոսպիտալացման հաճախականության և  այդ ընթացքում ընդունված դեղերի միջև։

Հետազոտության մեջ նշվում է, որ ջեներիկ դեղը ստացողները 2013-2014թթ մոտ 3 անգամ ավելի շատ են հոսպիտալացվել հոգեկան վիճակի սրման պատճառով, իսկ կրկնակի և ավելի հոսպիտալացվողների գերակշիռ մեծամասնությունը եղել են մինչև 34 տարեկան։ «Զիպրեքսա» օգտագործողների համեմատ՝ ջեներիկ դեղ օգտագործողների մոտ  4 անգամ ավելի հաճախ է նշվում հոգեկան վիճակի վատացման մասին, 3 անգամ ավելի է  դողը, բարձր են ընդհանուր թուլության ցուցանիշները, «ինչը հստակ խոսում է այն մասին, որ ջեներիկ դեղամիջոցը զիջում է իր բուժիչ հատկություններով «Զիպրեքսա» դեղամիջոցին »,- ասված է հետազոտության մեջ (էջ 48, հեղ․)։

Այսպիսով, հետազոտության եզրակացության մեջ նշվում է, որ «Զիպրեքսա» դեղամիջոցի փոխարինումը օլազնապին ջեներիկ դեղամիջոցով տնտեսում է Հայաստանի Հանրապետության՝ այդ դեղամիջոցի կենտրոնացված կարգով ձեռքբերման համար բյուջեից հատկացվող գումարները, տեղափոխելով սակայն ծախսերի մեծ բեռը լրացուցիչ հոսպիտալացումների և երիտասարդ վերատադրողականության  և աշխատունակության փուլում գտնվող երիտասարդների հաշմանդամության, անաշախտունակության ծախսերի դաշտ։

«Խնդիրն այստեղ ոչ թե մատչելիությունն է, այլ  հենց այս ընկերության արտադրանքը»ԱՆ օգնական

Առողջապահության նախարությունը վերը թվարկված 2 դեղերի վերաբերյալ  բողոքներ չի ստացել։ Հայկական «Օլանզապին» դեղը ստացող 198 հիվանդների՝ սոցիումին ընդգրկման ցուցանիշը, ըստ ԱՆ-ի, 30 % է։

Դեղն ընդունելու ժամանակահատվածում մոտ 5 %-ի մոտ արձանագրվել է հոգեկան վիճակի սրացում, որը «պայմանավորված է եղել հինվանդի կողմից դեղի ոչ կանոնավոր ընդունման հետ»։

Մենք Առողջապահության նախարարությանը խնդրեցինք մեկնաբանել «Հոգեկան առողջության հայկական հանդես» -ում հրապարակված հետազոտությունը։

Սաթենիկ ՄկրտչյանՆախարարի օգնական Սաթենիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ ոք չի հերքում, որ ««Զիպրեքսա»-ն լավ դեղ է։  Այն նկատառմանը, որ ջեներիկը թեպետ էժան է, բայց հոսպիտալացման դեպքերն ավելի շատ են, Ս․ Մկրտչյանը պատասխանեց, որ իրենք բողոքներ և դժգոհություններ չեն ստացել․ «Եթե լիներ խնդիր, աղմուկը մեծ կլիներ։ Բնակչության մի ստվար զանգված խմում է հայկական արտադրության «Օլանզապին» ու որևէ խնդիր չի ունենում։ Որևէ դժգոհություն, որ իրենց կյանքի որակի վատթարացում կա, չի մատնանշված»,-ասաց նա։

Ս․Մկրտչյանը նշեց, որ ԱՆ առաջնորդվում է նրանով, որ հայկական «Օլանզապին»-ը արտադրվում է պատշաճ դեղագործական գործունեության բոլոր սկբունքներին համապատասխան, բացի այդ՝ արտադրական և բաշխման պրոցեսը ևս վերահսկվում է․ «Դեղի հումքը որակյալ է, անցնում է անհրաժեշտ փորձաքննությունը, դեղը գրանցված է, անցել է բոլոր հնարավոր և անհրաժեշտ փուլերը, ու դրա հետ կապված որևէ խնդր չկա»,-ասաց նախարարի օգնականը։

Անհատական անտանելիություն ունեցողների համար ծրագրին այլ ձևակերպում է տրվել, որպեսզի նրանք ստանան կանադական արտադրության օլանզապին։

Կան դեղի իսրայելական, հունգարական և այլ տարբերակներ՝ թե՛ ավելի թանկ, թե՛ ավելի մատչելի։ Խնդիրն այստեղ, ըստ Ս․ Մկրտչյանի, ոչ թե մատչելությունն է, այլ այն, որ ուղղորդվածություն կա հենց այս ընկերության արտադրանքը գնելու․«Որևէ այլ երկրի դեղի արտադրության մասին չի գնում խոսքը, այլ հենց անպայման՝ «Էլայ Լիլլի» ընկերության դեղի արտադրության»,-եզրափակեց նա։

Սաթենիկ Մկրտչյանի նկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter