HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ ըրեխանց համար ամեն աշխատանք կանեմ»,- ասում է գոմին կից հացատանն ապաստանած ընտանիքի հայրը

Անասնագոմի վերջնամասում նախկին հացատունն է: Այդտեղ հիմա ապրում է Մարատի ընտանիքը: Փոքր խցում մեծ մահճակալը, թախտն ու օրորոցը հազիվ են տեղավորել: Արմինեն՝ Մարատի կինը, ասում է՝ անասունի հոտը սենյակում էլ է տարածվել, հագուստին է կպնում, հետո հարցնում է, թե դրանից հո չենք նեղվում: «Գոնե սենյակում տաք է, եթե էս հացատունը չլիներ, փողոցում կլինեինք»,- ասում է նա:

Նրանց խոսքի մեջ գոհունակություն կա Գեղարքունիքի Նորաշեն գյուղի այս ժամանակավոր կացարանը անշահախնդիր տրամադրած Անդոյի հանդեպ, ասում են՝ Անդոն ամեն օր կաթնամթերք է տալիս երեխաների համար: Սենյակի գույքի մեծ մասը հարևաններն են տվել՝ գորգերը, օրորոցը, սեղանը, իսկ իրենց բերած գույքը Մարատը հինգ մատների վրա է հաշվում՝ փոքր պահարանը, մահճակալներն ու փափուկ խաղալիքները:

«Կներեք, աթոռ չունենք, կռավաթին նստեք»,- ասում է Արմինեն, քիչ անց պնդում է ասածը: Սենյակում մի կերպ տեղավորվել ենք: Երեխաները թախտին են նստել՝ Մարատի մոր՝ Ալվինայի կողքին, ով հյուր է եկել նրանց:

Փոքրիկները չեն խոսում, երբեմն ուշադիր նայում են մեզ: Երեքի աչքերն էլ թաց են: Ծնողներն ասում են՝ լացել են, որովհետև թույլ չեն տվել բակ դուրս գալ (բակում ցուրտ է, երեխաներն էլ հիվանդ են): Տատն ավելացնում է, թե՝ գիտե՞ք, ինչ աշխույժ են: Մենք ժպտում ենք:

31-ամյա Մարատ Քառյանը Թումանյանից է: Ասում է, որ այնտեղ եղբայրների հետ ապրում էին պապական տանը: Մոտ 6 տարի առաջ, ըստ Մարատի, տանիքը փլվել է, ստիպված լքել են գյուղը: «Ապրելակերպը շատ զոռ էր, անասուն էինք պահում, բայց ահավոր դժվար էր, ֆինանս չկար, մի օր սոված, մի օր կուշտ, ապրում էինք»,- ասում է Մարատը:

Որոշել էին, որ մեկ այլ տեղում աշխատանք կգտնեն ու մի օր կվերանորոգեն հայրական տունը: Հաշվարկել էին, որ 3-4 հազար դոլար է հարկավոր դրա համար:

Թումանյանից դուրս գալուց հետո Մարատը աշխատանք է գտել Արզնիում: Այդտեղ էլ ծանոթացել է Արմինեի հետ, ով անասնաֆերմայում կթվորուհի էր, ինքը՝ անասնապահ: Ամուսնանալուց հետո ապրել են ֆերմայի աշխատակիցներին հատկացված կացարանում (ասում են՝ մոտ 20 ընտանիք էր ապրում այդտեղ): «Ռաֆուլս էլ էդտեղ ծնվեց»,- նշում է 30-ամյա Արմինե Բաղդասարյանը:

«Գումար չէին տալիս, ձու էին տալիս, հավ էին տալիս, միս էին տալիս աշխատավարձի փոխարեն: Ամսական 90.000 դրամի ձու էին տալիս, հավ ու միս: Տանում ծախում էինք, հազիվ մի 70.000 դրամ էր մնում: Խանութներում խոսում էինք, 40 դրամով հանձնում էինք ձուն: Մարդ կար 250 հազար էր ստանում, էդքանի ձու էին դուրս գրում: Էդտեղ 2,5 տարի ենք աշխատել»,- պատմում են ամուսինները:

Արզնիից հետո տեղափոխվել են Կոտայքի Պտղնի գյուղ, Արմինեն այստեղից է, սակայն հայրական ընտանիքը գյուղում չի ապրում: Պտղնիում նորաստեղծ ընտանիքն աշխատել է եզդի ընտանիքի համար՝ անասուն են պահել: Պատմում են, որ այդտեղ էլ կացարանում էին ապրում ու ամսական 120.000 դրամ էին ստանում: Բայց նախորդ տարվա նոյեմբերին եզդի ընտանիքը Եվրոպա է մեկնել, իրենք էլ հայտնվել են դրսում: «Մի աղջիկ կար Աբովյանից, կարիքավոր ընտանիքներին օգնում է, մեր տվյալները դրեց «Ֆեյսբուքում», դրանից հետո Անդոն արձագանքեց, մեզ հատկացրեց էս հացատունը, նախօրոք ասաց, որ փոքր տեղ ա, եթե կարաք յոլա գնաք, եկեք ապրեք, գոնե էս ձմեռն անցկացրեք»,- նշում է Մարատը:

Այս ընթացքում գյուղում մասնավոր գործեր է անում. անասնագոմ է մաքրում 1000 կամ 2000 դրամով, ինչ գործ լինում է, անում է: «Իմ ըրեխանց համար ամեն աշխատանք կանեմ, որ գոնե կյանք տեսնեն, մենք կյանք չենք տեսել»,- ասում է 4 երեխաների հայրը: Հետո դժվարանում է խոսքը, երբ հասնում ենք սոված ու կուշտ օրերին: Աչքերում կորում է ժպիտը, ասում է. «Մենք սոված լինենք՝ ոչինչ, կարևորը ըրեխեքը հաց ունենան»:

Մարատն ասում է՝ իրենք աշխատող են, ինքը գործ է փնտրում, ուզում է, որ երեխաներն ապահովված լինեն տարրական պայմաններով, փոքր են, բայց ամեն բան հասկանում են: Արմինեն շարունակում է, որ օրեր են եղել, երբ հաց չեն ունեցել, բայց էրեխեքը մի անգամ չեն լացել, կարծես, հասկանան իրենց:

Դեռ 40 օրականը չլրացած Էդուարդին Արմինեն դնում է մահճակալին: Երեխան հիվանդ է: Մարատը մեր հանդիպման օրը դեղ էր բերել Սևանից: Սենյակի լույսը մինչ 40 օրականը չեն անջատում, Արմինեն ասում է՝ մեծերն են խորհուրդ տվել:

Նորաշեն տեղափոխվելուց հետո Արմինեն թոքաբորբով հիվանդացել էր, ասում է, որ նոր-նոր է լավացել:

Երեխաների համար ընտանիքն ստանում է 37.500 դրամ նպաստ: Նորաշեն տեղափոխվելուց հետո 3 ամսվա նպաստը չեն տվել: Սևանում քաշքշուկ էին ստեղծել դրա համար:

«Ենոքյան Հուսիկին ենք դիմել, երեք ամիս տարավ-բերեց, օր ա եղել, տանը հաց չկար, բայց մենակ 500 դրամ տալիս էինք ավտոբուսին, որ Սևան հասնենք, հետո մեզ ասացին՝ 3 ամսվա կանխավճար պիտի տաք, որ ձեր նպաստը դասավորենք: Հենց Ենոքյանն ասաց, որ մաղարիչ անենք, որ դասավորեն նպաստը: Դեկտեմբերին է ասել: Ասաց՝ երեք ամսվա նպաստը իմն ա, մնացածը՝ ձերն ա: Մենք դրանից հրաժարվեցինք (նկատի ունի առաջարկից- հեղ.)»,- պատմում է Մարատը: Նորաշեն տեղափոխվելու հաջորդը օրն այստեղ գրանցում են ստացել, որպեսզի կարողանան ստանալ նպաստը: Իսկ երեք ամսվա նպաստը՝ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար, այդպես էլ չեն ստացել: Բացի դրանից՝ ընտանիքը չի ստանում մայրական խնամքի համար նախատեսված գումարը Էդուարդի համար: Մարատն ասում է՝ Սևանի սոցապ ծառայությունից իրենց պատասխանել են, թե իբր Արմինեն պետական աշխատող չէ, որ այդ գումարը ստանա:

Մարատը հպարտությամբ է նայում որդիներին՝ 5-ամյա Ռաֆայելին, 3-ամյա Կամոյին, 2-ամյա Գարիկին ու նորածին Էդուարդին: Ասում է՝ մի տան մեջ 4 զինվոր է մեծացնում, ու իրենց հետաքրքիր է՝ ինչպիսի՞ զինվորներ կդառնան: 4 որդիներն իրենց ամենաշատն են ուժ տալիս: Հայրն ասում է՝ տաքերն ընկնեն, աշխատանք է գտնելու, անասուն է պահելու, որդիները պիտի ավելի լավ կյանքով ապրեն:

Ռաֆոն

Արմինեն ասում է, որ օրեր են լինում, երբ հաց չեն ունենում, բայց երբ հյուր գնան, տղաները լիքը սեղանից մի բան չեն վերցնի, աչքները կուշտ է: Սա ասելուն զուգահեռ մայրը նայում է Ռաֆայելին: «Ռաֆուլս էնքան զուսպ ա: Էս տարիքում արդեն օգնում է հորը: Ասում ա՝ անասնաբույժ ա դառնալու: Գոմ ա գնում, անասունների առաջ խոտ է դնում, գառներին գրկում ա»,- շարունակում է 4 երեխաների մայրը, ապա Ռաֆոյի ռեզինե սապոգներն է հագցնում: Քիչ անց տղան հոր հետ գնում է գոմ: Նրա հետևից վազում է Կամոն:

Կամոն

Գարիկն սկսում է լացել: Արմինեն վարդագույն ամանից հաց է հանում: «Էրեխեքի մեջ միակն ա, որ չոր հաց չի ուտում, հեսա հացը բացելու ա, տեսնի՝ մեջն ի՞նչ կա»,- Գարիկին թախտին դնելով՝ ասում է մայրը: Քիչ անց նկարագրվածի պես էլ լինում է. Գարիկը հացը բացում է, նայում, որ մեջն ուրիշ բան չկա, հետո գցում է ձեռքից:

Գարիկը

Արմինեն վառարանի մեջ ցախ է դնում: Հարցնում է՝ հո ցուրտ չէ՞, հո չե՞ք մրսում: Սենյակը տաք է: Ներս են մտնում Ռաֆոն ու Կամոն, նրանց հետ՝ կատուն: Մարատը դարձյալ հպարտությամբ նայում է որդիներին, որոնք կատվի հետ են խաղում: «Իմ երջանկությունն իմ 4 ըրեխեքն են, էստեղ ապրելու երկիր չի, բայց իմ ըրեխանց համար կապրեմ»,- ավելացնում է 31-ամյա հայրը:

Հ.Գ. «Հետքն» առաջիկայում անդրադառնալու է այս ընտանիքի սոցիալական նպաստի պատմությանը:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Լավ, հնարավորություն չունեք, խի եք երեխա ունենում? Չեմ հասկանում, մեղքը չեն էդ էրեխեքը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter