
Դավթաշենում ծառերի հատման նախաձեռնողը «Դելֆինի» տնօրենն ու համասեփականատերն է
Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ հայտնաբերվել է Դավթաշենում 23 բարդիներ հատած անձը: Խոսքը վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում «Դելֆին» լողավազանի դիմաց հատված ծառերի մասին է:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ արարքը կատարել է 1966 թ.-ին ծնված Ա. Ս-ն, որը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պատճառված նյութական վնասի չափը, ըստ հաղորդագրության, ճշտվում է: Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն:
Մեր տեղեկություններով՝ ծառերը հատած անձը նույն լողավազանի տնօրեն Ալեքսան Սամսոնյանն է:
Նա «Սամսոն Սամսոնյան» ՍՊԸ-ի տնօրենն է: Ընկերությունը Ա. Սամսոնյանը հիմնադրել է 1997-ին: 2016-ի դեկտեմբերին որպես փայատեր Սամսոնյանին են միացել դուստրը՝ Սվետլանա Սամսոնյանը, ինչպես նաև Մարիամ Սարդարյանն ու Վահե Համբարձումյանը:
Ընկերության կանոնադրական կապիտալը 16,7 մլն դրամ է: ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Ա. Սամսոնյանի բնակարանն է: Հարկ վճարողների փնտրման համակարգում ընկերության գործունեության տեսակ է նշված ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Ընկերությունը գազալցակայան ունի Դավթաշենից ոչ հեռու՝ Զովունի համայնքում:
Ինչ վերաբերում է «Դելֆինին», այն լողի մանկապատանեկան մարզադպրոց է, որը գործում է 2007-ից: 2013-ին այստեղ բացվել է փոքր տարիքի երեխաների համար նախատեսված խումբ:
Մեկնաբանել