
Շ. Թորոսյանը ՀՀԿ-ի հետ քննարկելու է հետագա համագործակցության հարցը
«Ես որևէ քայլ ձեռնարկելու խնդիր չունեմ, որովհետև խնդիրն արդեն իմ մեջ չի: Ես հրապարակային քաղաքականությամբ եմ զբաղվում, և այն մեղադրանքները, որ հնչեցվում են իմ նկատմամբ, չհիմնավորված են և չձևակերպված: Վրացական կողմն այդպես էլ չկարողացավ հիմնավոր ձևով ներկայացնել, թե ինչու են արգելել իմ մուտքը»,- ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ում 2009թ.-ին վրացական իշխանություններն արգելել են հատել Վրաստանի սահմանը:
«Ես կարծում եմ, որ ավելի շատ խնդիրը Հայաստանի իշխանություններինն է, իրանք պետք է հիմնականում պայքարեն, որ իմ խնդիրը լուծվի: Բայց նաև հասկանում եմ, որ վրացական իշխանությունների շատ կոշտ դիրքորոշումը դժվարություններ է հարուցում մեր իշխանությւոնների համար: Ես տեղյակ եմ և համոզված, որ բոլոր մակարդակներում հարցը բարձրացվում է: Բայց նաև կոշտ արձագանքի է հանդիպում վրացական իշխանությունների կողմից: Այնպես որ, այս խնդիրը պետք է լուծվի երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Դա իմ մարդկային, անձնական խնդրից վեր է կանգնած: Ես որևէ քայլ չեմ էլ կարող ձեռնարկել և իմաստ էլ չունի ձեռնարկել»,- ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շ. Թորոսյանը:
Նա նշեց, որ չնայած ինքը չի կարողանում գնալ Վրաստան, բայց իրենց միության գործունեությունը կարողանում են կազմակերպել մյուս անդամների միջոցով, ովքեր մասնակցում են Ջավախքի բոլոր միջոցառումներին: Միությունը Ջավախքի տարբեր հարցերի շուրջ կարողանում է տեղ հասցնել իր կարծիքն ու դիրքրոշումը, այնուամենայնիվ, որոշակի խնդիրներ առաջանում են հեռավորության պատճառով:
«Ամենամեծ կորուստն ինձ համար այն է, որ ես մոտ 3 տարի է՝ արդեն զրկված եմ հայրական տուն այցելելու հնարավորությունից»,- հավելեց Շ. Թորոսյանը:
Անդրադառանալով առաջիկա ընտրության ժամանակ իր թեկնածությունն առաջադրելու հարցին՝ Թորոսյանը նշեց, որ միությունում և քաղաքական շրջանակներում այդ հարցը նոր են սկսել քննարկել:
«Եթե որոշում կայացվի, որ ես պետք է շարունակեմ որպես պատգամավոր իմ քաղաքական գործունեությունը, ապա կառաջադրվեմ: Դա պայմանավորված է նաև ընդհանուր քաղաքական դաշտի դրսևորումներով, որովհետև ես այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր եմ և, ըստ երևույթին, պետք է նաև մենք քննարկենք հետագա հնարավոր համագործակցության խնդիրները»,- հավելեց Շ. Թորոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել