
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում «Հետք»-ի հրապարակման հիման վրա
Երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ ապրիլի 9-ին արշավականների մի խումբ Իջևանի ու Հովք գյուղերի մոտակայքում՝ Աշոտ Երկաթի բերդ բարձրանալու ճանապարհի երկայնքով հատված առողջ ծառեր էին տեսել և լուսանկարահանել։
Այսօր Տավուշի մարզային վարչության Իջևանի ոստիկանական բաժանմունքից հաղորդագրություն էին ուղարկել՝ նշելով, որ նյութեր են նախապատրաստվում ՝ «Հատված ծառեր՝ Աշոտ Երկաթի բերդ տանող ճանապարհին» հրապարակման վերաբերյալ։
Ինչպես մեզ հայտնեց բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը՝ բնապահպանական պետական տեսչությունը հաշվարկել է ապօրինի ծառահատման վնասը և պարզել, որ այդ ծառահատման հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 930 հազար դրամի վնաս։ Նրա փոխանցմամբ՝ ապօրինի ծառահատում իրականացնողները եղել են տարածաշրջանի գյուղացիները։
Տավուշի մարզում սա ծառահատման միակ դեպքը չէ, մարտի 26-ին էլ նյութ էինք հրապարակել այն մասին, որ «Դիլիջանի ազգային պարկ»-ում հատվել էին առողջ ծառեր և այսօր նամակ ենք ստացել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, ով տեղեկացրել է, որ մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում պարկում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 4 դեպք և 14 հատված ծառի վերաբերյալ վարույթ է կայացվել։
Տավուշի տարածքային պետական տեսչության բաժնի կողմից հաշվարկվել է այդ ծառահատման հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը և այն կազմել էր գրեթե 1,9 միլիոն դրամ։
Մեր այդ հրապարկման հիման վրա ևս ոստիկանական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Մեկնաբանել