
Մոնղոլիայից 6 տարի առաջ Հայաստան տեղափոխված Բայինան քաղաքացիություն է ստացել
2011թ-ին Մոնղոլիայից Գեղարքունիքի Անտառամեջ գյուղ տեղափոխված Բայանդոլգոր Օյունչիմեգն արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Այս մասին նրան տեղեկացրել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Հիշեցնենք, որ Բայանդոլգորը (Բայինա) Հայաստան էր տեղափոխվել ամուսնու և երկու երեխաների հետ: Ամուսինը՝ Հրահատ Երիցյանը, 2015թ-ին մահացել էր սրտամկանի ինֆարկտից: Նույն տարվա մարտին Բայինան դիմել էր պետական մարմիններին՝ երեխաների հայրությունը ճանաչելու և իրեն քաղաքացիությունը շնորհելու հարցով:
![]() |
Մոնղոլիայից Անտառամեջ․ Հայաստանի քաղաքացի դառնալու դժվարին ճանապարհը |
Քանի որ Ուլան Բատորում Հրահատի և Բայինայի ամուսնությունը չէր գրանցվել, Հրահատի մահից հետո անհրաժեշտ էր եղել դատական ճանապարհով հաստատել հոր և երեխաների ազգակցական կապը: 2015թ-ի նոյեմբերին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր 10-ամյա Արշակի և 11-ամյա Վարսիկի հայրության ճանաչման հայցը: Մոտ մեկ տարի անց՝ 2016-ի սեպտեմբերին, Արշակն ու Վարսիկը հայկական անձնագրեր ստացան:
Մեկնաբանել