HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոնդարնայա․ Այդ տանն ապրել է հայ ընտանիք

Մի քանի տարի առաջ  լուրերով լսել էի,  իսկ հետո  համացանցում տեսա, որ ապամոնտաժվում են Բաքվի կենտրոնի հին շենքերը: Դրանք հիմնականում հայերի հին տներ են եղել: Մտածում էի՝մայրս իմանա՞, թե՝չիմանա: Զգուշորեն ասում եմ, որ, իբր էսպիսի մի բան եմ լսել, իսկ նա  շատ անկեղծ պատասխանում  է. «ավելի լավ, թող օտար մարդիկ չապրեն մեր տներում»:

Մայրս մեծացել է, ինչպես ընդունված է ասել,  Բաքվի անվանի ընտանիքներից մեկում: Տեղափոխվել է Երևան իր որոշմամբ, ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո՝ 1968 թ-ին: Եկել է մի քաղաք, որտեղ ոչ մի բարեկամ ու ընկեր չուներ, եկել է մի քաղաքից, որի ուսյալ, հարգարժան  ու քաղաքի պատմության մեջ հետք թողած մարդիկ իր հարազատներն են եղել, որտեղ ամեն հին փողոցի վրա մի հարազատ տուն ուներ, ուսանողական՝  հայ, հրեա, լեհ, բուլղարացի, ռուս ընկերներ: Մորս պատմություններում Բաքուն մի ուրիշ  իրականություն է, որին մենք՝ երևանցիներս, ծանոթ չենք: Մորս դպրոցի ավարտական լուսանկարը մի փաստաթուղթ է, որը վկայում է ,թե  Բաքու քաղաքի կենտրոնի համար 24 դպրոցի  1962 թ-ի ավարտական  35 հոգանոց դասարանում թվով ամենաքիչը ադրբեջանցիներն էին, մնացածը՝ հայ, հրեա, ռուս, լեհ,վրացի:

Մորս հորական պապը՝ Բաղդասար Ղահրամանյանը 1905-ին Բաքվի  կենտրոնում գրախանութ է ունեցել, մորս հայրը ՝Բաբկեն Բաղդասարի Ղահրամանյանը գնդակահարվել է 1946 թ-ին, երեսուներկու  տարեկանում: Մորս մանկությունն անցել է տատիս մորեղբոր՝ Բաքվի հայկական եկեղեցու ավագ քահանա Ներսես Տեր-Կարապետյանցի տան մթնոլորտում: Այդ տունն իր վարք ու բարքով, կենցաղով, զրույցներով, երգերով, գրականությամբ, ծիսակատարություններով՝ մորս զարմանալի հայկականության հիմքն էր:

Ներսես Տեր-Կարապետյանցին գնդակահարել են 1937-ին: Մայրս նրան չի տեսել: Այդ տունն արդեն Ներսես Տեր-Կարապետյանցի որդու՝ Նորայր Տեր-Կարապետյանցի տունն էր, որն ինչպես հասկացվեց տեքստից, տատիս մորեղբոր տղան էր, իսկ հետո նաև տատիս հարազատ քրոջ ամուսինը, որովհետև Բաքվի գիմնազիայում սովորելու եկած և մորեղբոր տանն ապրող տատիս Արաքսյա քույրը գեղեցիկ լինելու պատճառով հմայեց մինչ այդ իրեն անծանոթ մորեղբոր տղա Նորայրին: Ամուսնությունը երբևէ չընդունեց Ներսեսի մայր Հերիքնազը, որն այդ տան տիրուհին էր մինչ մահը, քանի որ Նորայրի մայրը՝ Շուշիից հարս բերած Աննա Մելիք-Շահնազարյանը որդու ծնվելուց անմիջապես հետո մահացել էր:

Շատ անվանի բժիշկներ եղել են Նորայր Տեր-Կարապետյանցի ուսանողը, որոնց թվում՝ պրոֆեսոր Ճաղարյանը: Բաքվում ծնված ու մեծացած, մասնագիտությամբ բժիշկ այս մարդը փայլուն տիրապետել է գրաբարին: Հայրս պատմում է, որ առաջին անգամ աշակերտ ժամանակ է լսել «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթինկան» նախադասությունը, երբ սեղանապետը բժիշկ Նորայրն էր ու արդեն մի քանի բաժակից հետո այս տողերով շնորհավորում էր նորապսակներին: Սովորություն է ունեցել կենցաղում օգտագործել գրաբար բժշկական տերմիններ ու այդ  բառերն արտասանել է պոետիկ հնչերանգով:

Մեր տանը հաճախ էր հնչում նրա «մանիշի թրմոց» արտահայտությունը, որը յոդն էր, ամենայն հավանականությամբ: Լավ երգել է ու իրենից է մայրս լսել բոլոր հայկական երգերը, ռոմանսները, բանաստեղծությունները:Նա ողբերգական կերպար էր, բայց միաժամանակ մեծ սիրով շրջապատված ընտանիքի հայր: Անմայր մեծացած երեխայի համար հայրը՝ Տեր Ներսեսը, փոխարինել էր ամեն ինչ: 1937-ին  հոր ձերբակալությունն ու գնդակահարությունը նրա կյանքի ամբողջ ընթացքում մնացել էր անմխիթար կորուստ: Մայրս  պատմում էր, թե ինչ երջանիկ էր այս մարդը, երբ Էջմիածնից իրեն որպես Ներսես Տեր-Կարապետյանցի միակ ժառանգի, հրավիրել էին Վազգեն կաթողիկոսի օծման արարողությանը: 

 Բոնդարնայա-Դիմիտրովի 92 տան տերն, այսպիսով քաղաքում հայտնի բժիշկ Նորայր Տեր-Կարապետյանցն էր՝ մորական տատիս մորեղբոր տղան  ու միաժամանակ քրոջ ամուսինը: Թիկնեղ,երևելի տղամարդ ու նաև մտավորական մարդ, որովհետև իր մասին խոսողները՝ հարազատ լինեն, ծանոթ, թե գիտնական՝ խոսում էին մեծարումով ու խորը պատկառանքով:

Տեր Ներսեսի մոր մահից հետո միայն, տան տիրուհու իրավունք ստացավ  Նորայր Տեր-Կարապետյանցի կինը՝ մորս հարազատ մորաքույր Արաքսյան:

Մորս բարեկամները միշտ, երբ պատմում էին այդ զույգի անհավանական սիրո մասին, վերջում ավելացնում էին՝ հարազատ արյուն էր՝ դրանից էր:

Այսպիսով, Բաքվի հայկական եկեղեցու ավագ քահանա Ներսես Տեր- Կարապետյանցի, իր  բժիշկ եղբոր՝ Զարմայր Կարապետյանցի և Սիրանուշ քրոջ բոլշևիկյան հեղափոխությունից շատ առաջ Բաքվի կենտրոնում  կառուցված երկհարկանի գորշ քարից այս տան հասցեն հեղափոխությունից առաջ Բոնդարնայա էր, հեղափոխությունից հետո՝ Դիմիտրովի 92, որն ինչ-որ անվանի հեղափոխական էր, իսկ հիմա ,երբ այլևս հայ չկա այդ քաղաքում, փողոցը կոչվում է Շամսի Բադալբեյլի: Վերջին անունը իմացա համացանցից:

Այդ նույն փողոցի վրա է Բաքվի կոնսերվատորիայի ներկայիս  շենքը, որը կառուցվել է  Բաքվի Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցու տեղում, որտեղ ավագ քահան էր տատիս մորեղբայրը՝ Ներսես Տեր-Կարապետյանցը, Տեր Ներսեսը:Նա ավարտել էր Գևորգյան ճեմարանը, ավարտաճառը Խաչատուր Աբովյանի կյանքի ու ստեղծագործական գործունեությանն է նվիրված եղել, որը ,հետագայում, իր գրականագիտական արժեքավորության շնորհիվ տպագրվել է առանձին գրքով և Աբովյանի մասին առաջին լուրջ հետազոտություններից է համարվել:

Բոնդարնայա-Դիմիտրովի փողոցում ապրել ու իր հոգևոր ծառայությունն է   մատուցել այս մարդը: Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս եկեղեցու  ճարտարապետը Հովհաննես Քաջազնունին էր: Ահա, այսպիսի զուգահեռներ:

Մայրս հայերեն  սկսել է խոսել Երևանում,  բայց գրաբար ինչ-որ տեքստերի պատառիկներ գիտեր, բառեր, որ հայերեն չիմացողի համար տարօրինակ էր, օրինակ Զատկի տոնին ծիսական բառեր էր ասում ու մեզ զարմացնում, կամ հարցնում էր մեզ՝ հայախոսներիս. «բուրվառը գիտես ինչ է՞»: Չէ, մենք սովետական  մանուկներ էինք, բուրվառը չգիտեինք ինչ էր:Մայրս հայերեն լավ չէր խոսում, բայց երգում էր «Կռունկ», «Ծիծեռնակ», «Կիլիկիա» ու սիրում էր Մակար Եկմալյանի «Պատարագը»: Սա էլ Բաքվի մի մաս էր, Բաքվի այն խավը, որին հայաստանաբնակներս ծանոթ չեղանք, որովհետև այս մարդիկ գնացին, իսկ հետնորդները, որ Հայաստան չեկան՝ կորցրին արմատների կապը:

Մորս մորաքրոջ տղաները՝ Տեր Ներսեսի թոռները՝ Ժիրայր և Հրայր Տեր- Կարապետյանցները, որոնք  1990-ին վաթսունն անց տարիքում ստիպված եղան թողնել իրենց քաղաքը, հայրական տունը ու տեղավորվեցին Ուկրաինայի տարբեր քաղաքներ, մի օր, Հեյդար Ալիևի թաղման օրը, զանգել էին մորս՝ Երևան, ասել էին «նայո՞ւմ ես թաղումը, տրասնլյացիա կա»: Մայրս զարմացել  էր. «Էլ անելիք չունեմ, դրա թաղումը նայեմ»: Եղբայրներն ասել էին. «Հենց հիմա միացրու ու նայի, արդեն ժամուկես մեր տունն են ցույց տալիս»: Հայի տարօրինակ կենսագրություն:

Այդ տունը, Բոնդարնայա- Դիմիտրովի վրա ես տեսել եմ ութերորդ դասարանում,երբ կյանքիս մեջ մի անգամ հյուր էի գնացել մորս քաղաք:

Տան շքամուտքի դուռը բացվում էր երկրորդ հարկից, երկար պտուտակի վրա փաթաթվող պարանով, երբ տնով մեկ հնչում էր մեխանիկական զանգը: Մաքուր 19-րդ դար:

Խորհրդայնացումից  ու տան բռնազավթումից հետո, այնուամենայնիվ հինգ սենյակ մնում է տերերին: Հյուրասենյակի պատին տեր Ներսեսի մեծ նկարն էր, որ ամեն մտնողի մի քիչ զգաստացնում էր, ինձ, համենայնդեպս, այդպես թվաց ութերորդ դասարանում:

Այդ նկարը մի ողբերգական պատմություն ունի, որի պատմելու թույլտվությունը ստացա մորիցս, քանի որ ուրիշ որևէ այլ մարդ արդեն չկա, բոլոր պերսոնաժներն անցյալում են:

1953-ին, երբ մայրս դպրոցական աղջիկ էր, տանը պատրաստվում էին  որդիներից մեկի հարսնացուի ծնողների հետ հանդիպմանը: Շքեղ շքամուտքից մտնում են հյուրերը, բարձրանում երկրորդ հարկ, արժանանում տանտերերի սիրալիր ընդունելությանն ու հուզական ուրախությանը. տղան հարսնացու էր բերել: Ու երբ տեղավորվում են շքեղ մեծ սեղանի շուրջ, որի մանրամասները մայրս պատմում էր միշտ՝օսլայած ասեղնագործ ճերմակ սփռոց, որի հեղինակը բազմաշնորհ մորաքույր Արաքսյան էր, նույնանման կտորից ասեղնագործ անձեռոցիկներ, որի պատառները հիմա մեր տանն են, նրբաճաշակ սպասք, ամեն ինչ տոնական: Ու երբ խնամի-հոր աչքն ընկնում է Տեր Ներսեսի մեծադիր նկարի վրա, շատ անկաշկանդ հարցնում է այդ մարդու ով լինելն ու նույնքան անկաշկանդ պատմում, որ այդ մարդու գործը ինքն է վարել, իսկ ինքը հին չեկիստ էր: Մայրս ասում է, ինքը փոքր էր ամեն ինչ հասկանալու համար, բայց այն, ինչ կատարվեց հարազատներիս հետ՝ սարսափելի էր, սարսափելի էր լռությունը, քեռի Նորայրի սեղանից հեռանալը ու հյուր կոչվածների հեռանալն առանց սեղանին կպնելու:

Բժիշկ Նորայր Տեր-Կարապետյանցը որդու՝ Ժիրայրի հետ

Մորս եղբայրը իրոք սիրել էր այդ աղջկան, որի հայրը անկաշկանդ որոշեց պատմել իր հերոսական ստորության մասին: Ամուսնությունը չկայացավ:

Բայց ես հիշում եմ, որ երբ մորեղբայրս՝ Տեր Ներսեսի թոռը գալիս էր Երևան ու մեր տանն էր ապրում, ամեն անգամ մայրս շատ խնամքով եղբոր հագու կապը սարքելուց ու հորս լավագույն փողկապը կապելուց հետո, նրան ինչ-որ տեղ էր ճանապարհում ու երբ վերադառնում էր՝ մայրս ու եղբայրը երկար հիշում էին այդ պատմական չկայացած խնամախոսությունը: Մորս եղբայրը գնում էր իր չկայացած հարսնացուի հետ հանդիպման արդեն պատկառելի տարիքում: Այդ կինը Երևանում էր ապրում, ու մայրս ասում է, որ շատ հաճելի ու խելացի կին էր, ու նրանք իրոք սիրում էին իրար ու միշտ ավելացնում էր. «Հիմար հայրը եթե գոնե լռեր, միգուցե ամեն ինչ լավ լիներ»:

Այսպիսի զարհուրելի պատմություններ էլ են եղել Բոնդարնայա-Դիմիտրովի վրայի այդ տանը:

Տունը գորշ քարից էր: Ոչ մեկի ալբոմում չի պահպանվել տան հին լուսանկարը: Հավանաբար, որովհետև ոչ մեկի մտքով չի անցել, որ իրենց քաղաքից ու իրենց պապենական տնից, որն, ինչպես ասում են, ավելի հին է, քան Ադրբեջանը, երբևէ, որևէ մեկը կարող էր դուրս հանել, այն էլ այդպես: Ես փորձեցի Տեր Ներսեսի  Ուկրաինայում ապրող ծոռներից իրենց տան որևէ լուսանկար խնդրել, իրենցից մեկը կարոտել էր տունը, որտեղ մեծացել էր ու Բաքվում ապրող համադասարանցուն խնդրել էր լուսանկարել Դիմիտրովի 92  հասցեի իրենց տունն ու համացանցով ուղարկել: Հենց այդ լուսանկարն էլ  ներկայացնում եմ ընթերցողին, ինչի համար շնորհակալ եմ Արևիկ Տեր-Կարապետյանին, որը Տեր Ներսեսի հարազատ եղբոր՝ Տեր Գարեգինի թոռն է ու իմ լավ բարեկամն ու ընկերը: Նրա խնդրանքով այս լուսանկարները ուղարկեցին իմ «ուկրաինական» բարեկամները,  որոնց չեմ տեսել 1990 թ-ից հետո:

Լուսանկարում տունն այլևս գորշ քարից չէ, քանի որ ռեգիոնում, հավանաբար նույն ճաշակի պատճառով, երեսպատման՝ «աբլիցովկայի,,  անհասկանալի  ձգտում կա: Ժամանակակից այս երեսպատման տակ , այնուամենայնիվ հենց այն շենքն է, որի մասին պատմեցի:Երկհարկանի տան երրորդ հարկը կցակառույց է և արվել է խորհրդային շրջանում: Կլոր պատշգամբն ու տան այդ հատվածը ժամանակին պատկանել է տեր Ներսեսի եղբորը՝ Զարմայրին, որը Խարկովում ավարտած զինվորական բժիշկ էր: Իսկ  փոքր պատշգամբից, մայրս ասում է մայիսի մեկին  «ընդունում էինք» շքերթը, որովհետև այդ փողոցով էին անցնում մայիսմեկյան, նոյեմբերյան շքերթները:

1956թ-ին Բաքվի այդ հին տանը, Բոնդարնայա-Դիմիտրովի վրա, փոստատարը բերում է Ներսես Տեր-Կարապետյանցի  արդարացման՝ ռեաբիլիտացիայի ծանուցումը: Մայրս պատմում է, որ մորեղբայրը իր հսկա մարմնով  նստել էր հյուրասենյակի հատակին ու համբուրում էր ծանուցագիրը, լաց էր լինում ու անընդհատ կրկնում. «Հայրիկ, հայրիկ»:

Այդպես են դիմել հորը Բաքվի այդ տանը խորհրդային խորը ժամանակներում:

1990-ից հետո, բժիշկ Նորայրի որդու՝ իմ մորեղբայր Ժիրայրի միակ ցավը Բաքվի հայկական գերեզմանատանը հոր ու պապի գերեզմանները վայրենաբար ջարդված լինելու փաստն էր: Նա ամեն անգամ ինձ հարցնում էր. «Իսկ, միգուցե սուտ են ասում, իսկ միգուցե ասում են քանդել ենք, որ մենք պրովոկացիայի ենթարկվենք» ու սպասում էր, որ ես խաբեի: Ես էլ խաբում էի ու ասում ՝չեն քանդի, կվախենան, հավատացյալ ժողովուրդ են: Ինքը հաճույքով հավատում էր իմ ստին: Բայց մի անգամ եկավ շատ տխուր ու պատմեց, որ իրենցից հետո փախածները տեսել են, որ գերեզմանները չկան, ու լաց էր լինում այդ յոթանասունին մոտ տղամարդը ու ասում՝ «խելագարվում եմ, որ պատկերացնում եմ»:

Իսկ տունը կա, տունը կանգուն է, թեև երեսպատված ու այլ հասցեով՝ Բոնդարնայա-Դիմիտրովի-Շամսի Բադալբեյլի 92…

Այս տանը ապրել են հայեր:

Այսպիսի հայեր են ապրել այս տանը:

Գլխավոր լուսանկարում՝ Բոնդարնայա-Դիմիտրովի 92 հասցեի տունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter