HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասյայի ճերմակ լավաշները

Բոլորն իրար նման են վիրավորված: Բոլոր գյուղական տներում, որտեղ վիրավոր զինվոր կա, մայրերն իրար նման են վիրավորված, հայրերն՝ իրար: Վիրավոր զինվորների մայրերը բոյով մեկ, կյանքով մեկ, հնարավորությամբ մեկ պայքարում են, լաց են լինում, թղթերն առած` վազվզում են բոլոր կողմերը ու ուզում են հաստատել իրենց վիրավոր տղայի վիրավորված իրավունքը: Իսկ հայրերը լուռ, լուռ, երկար լուռ են մնում… Մայրերն իրենց վիրավոր տղաների համար կյանքից պատիվ են պահանջում, հայրերը իրենք իրենց աչքից ընկած՝ վերանում են…

Նազրվանն (Ղազարավան) աշխարհի վերջում չէ, Երևանից մի քսան կանգառ այն կողմ է:

Մայիսի 9-ին քաղաքը թնդում էր, Նազրվանում այնքան լուռ էր՝ կարծես գյուղում քնած մարդ կար: Գյուղում ապրիլյան օրերին ծանր վիրավորված զինվոր կա, ապրում է Նազրվանում, բայց մայիսի 9-ը գյուղ չէր հասել:

Յասամանի մեջ թաղված մեծ տանը ապրում է երեք մարդ՝ Խուդոյան Գևորգը, իր հայրը՝ Խուդոյան Վազիրը, մայրը՝ Խուդոյան Ասյան: Ես չգիտեմ` ինչու են եզդիներն ինձ այսքան սիրուն թվում, բայց, իրոք, սիրուն են: Հոգնած են, արևից վառված են, բայց սիրուն են ու ազնիվ:

Մայրը ցավերի մեջ էր, երբ մտանք տուն, ու տղային ուղարկել էր դեղատուն: Տղան զանգեց, հարցրեց` ինչ դեղ էր ուզել, ես առանձնապես ոչ մի տարօրինակ բան չտեսա դրա մեջ, իսկ մայրը հուզվեց: Ասում է` գլխի վնասվածքից հետո չի կենտրոնանում, մոռանում է…

Բեկորը Ջեբրայիլի դիրքերում կանգնած երեք ընկերներից երկուսին՝ Արամին ու Արամայիսին, սպանում է տեղում, իսկ Խուդոյան Գևորգին գանգոսկրի ծանր վնասվածքով հասցնում Ստեփանակերտի հիվանդանոց:

Այդ օրը` ապրիլի 2-ին, իր սլացիկ մայրը ոչինչ չգիտեր, հագած-կապած նստել էր Աշտարակի ավտոբուս, որ շուկա գնա: Ավտոբուսում տղան զանգել է իրեն ու նախապատրաստել, որ եթե հեռուստացույցով վատ լուրեր լսի՝ չվախենա, ինքը շատ ապահով տեղում է: Մայրը լավ չի հասկացել, բայց առանձնապես չի կենտրոնացել. կարևորը տղայի ձայնը լսել է:

Ասյան ասում է` երբ իջա Աշտարակի շուկայում, զգացի` մի բան էն չի: Ամեն տեղից ականջին է հասել «պատերազմ» բառի «Զ» -ն: «Զ» տառի էդ բզզոցը վախեցնում է: Ասյան ասում է՝ այդ պատկերը շատ նման էր «Հին օրերի երգի» այն հատվածին, երբ ներկայացման ժամանակ մեկն ասում է. «ժողովուրդ, պատերազմ է». սկզբում չեն լսում, ծիծաղում են, ու աղմուկի մեջ չի հասնում բառի նշանակությունը, հետո հասնում է ու կյանքը քաշում է արգելակը:

Ասյան ասում է՝ «Էդ պահին հասկացա տղայիս զանգի իմաստը, հետ զանգեցի, վերցրեց՝ ահավոր աղմուկ էր, ասեցի՝ էդ ի՞նչ աղմուկ է, ասեց՝ բան չկա, խրամատ ենք փորում»: Այնինչ, պատերազմ էր:

Ասյան գրագետ կին է, թեև բարձրագույն կրթություն չունի: Խոստովանում է, որ Ջեբրայիլի անունը գիտեր, բայց քանի որ կոորդինատները չգիտեր, չէր հասկանում, թե հարավ-արևելքը որն է, հարավ-արևմուտքը` որը:

Երբ գիշերվա երկուսին Գևորգի համարից զանգ է հնչում, Ասյան զարմացած, բայց վստահ ասում է՝ ապե՞ր, ո՞նց ես… Իսկ հեռախոսի մյուս կողմում հարցնում են. «Դուք Խուդոյան Գևորգի մա՞յրն եք…»:

- Ու թող ամենավատ մարդը չլսի էդ հարցը,- ասում է Ասյան:

Գյուղը, բոլոր գյուղերը՝ մի առանցքային հատկանիշ ունեն. որ ժամն էլ լինի, եթե վիշտ կա, բոլորը արթնանում ու հավաքվում են: Գիշերվա մեջ գյուղի տղամարդկանցից մի խումբ Գևորգի հոր հետ ճանապարհվում են Ստեփանակերտ: Մինչ նրանք հասնում են, Ստեփանակերտից տեղեկացնում են, որ Գևորգին ուղղաթիռով տեղափոխում են Մուրացանի հոսպիտալ:

Հոսպիտալում ցերեկը մայրն էր խնամում, գիշերը՝ հայրը: Բացի իրենց Գևորգից` խնամում են նաև ղարաբաղցի մի տղայի, որի մայրը չորրորդ օրն է միայն հասնում հոսպիտալ: Ոչ մի տարբերություն՝ իրենցն է, իրենցը չէ: Հարազատանում են խնամող բոլոր ծնողները:

Գևորգի հայրն ասում է, որ երբ տղան գիշերները բղավում, ուզում էր վեր կենալ, վեր էր կենում, որ փախչի՝ հայրը չէր դիմանում տեսարանին ու խնդրում էր քույրերին գան, նստեն իր փոխարեն: Ինքը գնում էր ծխելու…

Ապրիլյան դժոխքից Ասյան էլի ինչ-որ կարևոր լավ բաներն է հիշում. ոնց էին անծանոթ մարդիկ գալիս, առաջարկում տանեն լվացքն անեն-բերեն, գումար էին դնում գրպանը` առանց ներկայանալու, առանց հիշվելու, ճաշ էին բերում: Մարդիկ մարդկություն էին անում:

Գևորգն ինչ-որ չափով ապաքինվում է, գալիս են տուն: Բայց Գևորգը առողջ չէ՝գլխացավ ունի, հիշողության խնդիր, աշխատել չի կարողանում, շատ է քնում, շուտ է հոգնում: Բայց ժպտերես ու կարգին տղա է Գևորգը: Ստեփանակերտի հոսպիտալում կիսագիտակից վիճակում բարկացել է բուժքրոջ վրա, թե ինչու է մորն ասել, որ ինքը վիրավոր է: Մայրն ասում է` հեռախոսի մեջ լսեցի ձայնը ու դա ինձ համար միակ մխիթարանքն էր, որ ինքը խոսում է: Լավն է Գևորգը:

Գևորգի կարգավիճակի շնորհիվ անվճար վիրահատում են նաև մորը, հեռացնում են վահանաձև գեղձը: Սթրեսն իր չար գործն անում է: Ամիսներ անց, երբ Ասյա Խուդոյանը գնում է արյան հետազոտության, ասում են, որ արդեն վճարովի է: Վահանաձև գեղձի հորմոնների արյան հետազոտություններից ամեն մեկը մոտ տասը հազար դրամ է: Իսկ փող չկա: Նազրվանը Մոնակոն չէ: Համարյա դատարկ գյուղ է:

Գևորգ Խուդոյանի մայրը, աղջկական ազգանունը՝ Սնջոյան, արմատներով Ղարսից է: 1915-ին միայն հայեր չեն գաղթել, Սնջոյանները եզդի ընտանիք էին` Ղարսում ապրող: Գալիս են Հայաստան՝ Ամասիա, հետո՝ Նոր գեղ: Ղարսեցի է Ասյան: Ասյան բջջային հեռախոսները չի սիրում, ասում է` երբ բջջայինը չկար, գյուղում շփումն օրվա մեջ շատ էր. «Ամեն մանր հարցով գնում էինք իրար տուն` ասելիքներս ասելու»: Իսկ հիմա կամ հեռախոսով են ասում կամ չեն ասում ու իրար տուն էլ չեն գնում, ամիսներով իրար չեն տեսնում»:

Ամեն ընտանիք օգնության մասին կարևորության իր սանդղակն ունի: Մեկին պետք է, որ վարկերը փակեն, մյուսին՝ ուրիշ կոնկրետ բան: Ասյան նեղվել է միայն անտեսված լինելու զգացումից: Իր տղան պետության կողմից որևէ պարգև չունի: Ասյան ուզում է գնահատված տեսնել իր միակ որդու վիրավոր գլխի փաստը: Մարդկանց հոսք է սպասել ու հիմա էլ սպասում է: Ամուսինը ամբողջ զրույցի ընթացքում լուռ է հիմնականում, լուռ է ու շատ հիվանդ: Գլխուղեղի սնուցման խնդիր ունի: Բայց Ասյայի ասածից հետո ասաց. «Օրինակ, էսօր դուք էկաք ու մեր օրը լցվեց»: Այսքան քիչ բան: Իսկ օրը մայիսի ինն էր…

Գևորգի ֆեյսբուքյան էջից զինվորական հագուստով նկար ենք ուզում, ֆեյսբուքյան տվյալների մեջ կարդում եմ՝ ավարտել է 114 դպրոցը: Ճշտելու համար հարցնում եմ. «Գևորգ ջան, դու 114-ն ես ավարտե՞լ»: Պատասխանում է մեղավոր ժպտալով. «Չէ, ստից գրել եմ»: Ու ժպտում է: Ժպտում ենք իրար խորամանկ, ու Գևորգը խոստովանում է, որ աղջիկներին դուր է գալիս, եթե 114-ն ես ավարտել:

- Այ Գևորգ, դու դիրք ես պահել, դիպուկահար ես եղել, պատերազմի օրերին կռվել ես առաջնագծում, զանգել ես նախօրոք մորդ, որ չվախենա, գլխից վիրավորվել ես, վիրավոր ժամանակ կատաղել ես, որ զանգել են մորդ սարսափեցրել ու դու ֆեյսբուքիդ պատին ստից գրում ես 114 դպրոց, որպես մեծ պատի՞վ: Գինդ չգիտես, Գևորգ ջան:

Մեր բարքերն ու մեր կարգախոսները ոնց որ  հականիշներ լինեն:

- Ապագադ ո՞նց ես պատկերացնում, Գևորգ:

- Երևի գնամ Ռուսաստան:

- Ի՞նչ ես անելու էնտեղ:

- Մի բան կանեմ, էլի, ինչ էլ անեմ, ոչ մի բան չանելուց լավ կլինի:

- Բա Ռուսաստանում ձեր գյուղի տղամարդկանց պես մարդիկ չեն լինելու, որ եթե պետք լինի՝ գիշերով հավաքվեն, հորդ հետ գան քեզ հասնելու:

- Հա, գիտեմ, դրանից չի լինի…

Նազրվանը Արագածի ստորոտում է, Նազրվանի իրենց մեծ տունը սարքել են մարդ ու կին՝ Ասյան ու Վազիրը: Ու գրադի բեկորը գլխի մեջ զգացած իրենց միակ տղան ուզում է գնալ: Անարդար դասավորություն է իրադարձությունների:

Իսկ կիսաբաց դռան հետևից երևում են ճերմակ լավաշների դարսերը, մինչև առաստաղ բարձրացող սպիտակ, սիրուն լավաշները՝ երևի մի հինգ հարյուր հատ:

 

 

Լուսանկարները' Է. Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (4)

Լալա Մնեյան
Ի՜նչ լավ եք գրել Լուսինե, ավելի ճիշտ` Լուսինե ջան։Հազվագյուտ ճիշտ, ու կենդանի ներկայացված , ջերմ ու սրտառուչ։Շնորհակալությո'ւն Ձեզ։
Նունե
Շատ ճիշտ է ողջ մնացած հերոսների մասին գրել: Կարծում եմ տղային մեիւանիկական աշիւատանք է պետք սովորեցնել իր հացը վաստակելու համար: Իսկ Ռուսաստանում նա կկործանվի:
Լուսինե
Ապրի Լուսինե Հովհաննիսյանը, որ այդ մարդկանց գոնե մեկ օրը լցրել է իր այցելությամբ ու փարատել մոռացության մատնվելու վախը, շատ ապրված նյութ էր, կեցցե՛ս
Մարգարիտ
Ինչ լավ հոդված էր: Էս կյանքի դառնության համը ասես բերնումս զգացի: Ու իսկապես երեքն էլ գեղեցիկ են: Մայրը Գալյա Նովենցին է հիշեցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter