HY RU EN

Անուշ Քոչարյան

«Վրձնահարված Նոյի երկրում»․ միջազգային սիմպոզիումի մեկնարկը՝ մայիսի 15-ին

Այսօր Հայաստան են ժամանել 14 երկիր ներկայացնող 26 նկարիչներ, ովքեր 7 օր շարունակ ստեղծագործելու են Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում։ Մայիսի 15-ին Էջմիածնում կմեկնարկի «Մաչանենց» միջազգային արվեստի սիմպոզիումը, որն իրականացվում է «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի կողմից արդեն երրորդ անգամ (այս տարվա խորագիրը՝ «Վրձնահարված Նոյի երկրում»)։

Հայաստանից 22 նկարիչներ նույնպես կմասնակցեն սիմպոզիումին․ հետաքրքրական է այն փաստը, որ 24 տարի անց Հայաստան է ժամանում հոլանդաբնակ հայ նկարիչ Ալիկ Ասատրյանը, սիմպոզիումին մասնակցում է նաեւ ամերիկաբնակ Հենրիկ Խաչատրյանը (Սէվը)։

Այսպես, մայիսի 15-22-ը ընկած հատվածում սիմպոզիումի 67 արվեստագետների շրջանակներում կարելի է հանդիպել  փայտի փորագրիչ Աբդերզարկ Բաուզիդին՝ Ալժիրից, սեպագրող Բեհնամ Նիսսան Քերիոնին՝ Իրաքից,  հայ եւ օտարազգի գեղանկարչների, լուսանկարիչների, քանդակագործների, խեցեգործների եւ երկաթագործների։

Մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ սիմպոզիումի նկարչական ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա լուսանկարիչ Գերման Ավագյանի «Տեսողական Պոեզիա» լուսանկարների ցուցահանդեսը, խաչքարերի եւ հազարամյա հայկական խեցեղենի նմուշների եւ մյուս արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը:

«Հետք»-ն այս օրերին պաբերաբար հանդես կգա սիմպոզիումի մասնակիցների առօրյան եւ գործունեությունը լուսաբանող հարցազրույցներով։

ՀԳ«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է: Հիմնադրվել է 1991թ․-ին Գրիգոր (Մաչանենց) Բաբախանյանի կողմից։ Գործում է Էջմիածին քաղաքում։