HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խտրական վերաբերմունք` պաշտպանական կողմի նկատմամբ

Դատարանում խախտվում էին քաղաքացիների իրավունքները

«Ժիրայր Սեֆիլյանի և այլոց» գործով դատական երկրորդ նիստն այսօր դարձյալ սկսվեց ավելի քան 30 րոպե ուշացումով: 7 ամբաստանյալներից շատերը դարձյալ ոտքի չկանգնեցին «Ոտքի´, դատարանն է գալիս» արտահայտությունից հետո:

Քաղաքացիներին նիստերի դահլիճ էին թողնում խուզարկությունից ու անձնական տվյալները լրացնելուց հետո, ինչը մենք առաջին անգամ էինք տեսնում:

«Հետքի» հարցին, թե ինչ օրենքով են կարգադրիչներն իրենց իրավունք վերապահել քաղաքացիների անձնագրային տվյալները արձանագրելու, նրանք մեջբերեցին Դատական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասին 1-ին կետը, ըստ որի` կարգադրիչն իրավունք ունի պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը: «Պարզել» բառը մենք ենք ընդգծել, քանի որ ինքնությունը պարզելը չի ենթադրում անձնական տվյալների արձանագրում:

Լուսանկարեցինք քաղաքացիների անձնական տվյալներով թուղթը, որ կարգադրիչը փորձում էր ծածկել ձեռքով: Մենք կարմիրով փակել ենք քաղաքացիների անձնագրային տվյալները:

Կարգադրիչները փաստաբաններին զննում էին, իսկ դատախազներին` ոչ: Դատախազները նիստերի դահլիճ էին մտնում դատարանի այլ, ոչ թե գլխավոր մուտքով:

Երեք փաստաբաններ բարձրաձայնեցին խտրական վերաբերմունքի մասին` նշելով, որ Հայաստանում Սահմանադրությամբ քաղաքացիները հավասար են օրենքի առաջ:

«Մենք ունենք մրցակցային դատարան, որի առաջին սկզբունքը կողմերի հավասարությունն է, բայց դատախազները դատարան մտան հայավարի»,-ասաց փաստաբան Կարապետյանցը:

Ըստ նրա` նվաստացուցիչ է փաստաբանի համար, երբ զննության անվան տակ նախ խուզարկություն են ուզում անել, հետո էլ պարզվում է, որ մյուս կողմի` դատախազների վրա նույն օրենքի դրույթը չի տարածվում:

Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցն ու Տիգրան Հայրապետյանը թույլ չէին տալիս, որ կարգադրիչներն իրենց պայուսակները խուզարկեն: Կարգադրիչներն ասում էին, որ չեն խուզարկում, այլ զննում են:

Կողմերի միջև ևս մեկ խտրական վերաբերմունք դրսևորվեց դատական նիստի ժամանակ, երբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարություն անելու իրավունք տվեց մեղադրական կողմին, փոխարենը պաշտպանական կողմի` հայտարարություն անելու իրավունքը չէր իրացվում: Գևորգ Սաֆարյանը տեղից ընդվզում էր, բարձրաձայնում հայտարարություններ անելու իրենց իրավունքի մասին: Դատարանը առանց կանգնելու դատարանին դիմելու համար սանկցիա կիրառեց եւ Գևորգ Սաֆարյանին 3 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից, իսկ դատական նիստը հետաձգեց 1 ժամով: Մինչ այդ նիստը ևս 1 ժամով հետաձգվել էր:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու: Այն ներկայացրել էին պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը: Ինքնաբացարկի հիմքն այն էր, որ Տաթևիկ Գրիգորյանը չի կարող անաչառ գտնվել, չի կարդացել և չէր կարող 7 օրվա ընթացքում կարդալ 36 հատորանոց քրեական գործը, բացի այդ` վարույթ ընդունած վերջին երեք հատորները ոչ իրավասու քննիչի կողմից են կազմված:

Սակայն 1 ժամ անց այդ միջնորդությունը մերժվեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ըստ պաշտպան Պապիկյանի` միջնոթրդությունը նույնպես չէր կարդացել դատավորը, «քանի որ այն ներկայացրել էինք ես և Նինա Կարապետյանցը, իսկ դատավորն ասաց` մերժել պաշտպան Պապիկյանի միջնորդությունը»:   

Մեկնաբանություններ (1)

Լուսինե
Մի հարց իրավագետներին , խնդրում եմ ասեք, իսկ առանց միջնորդությունը կարդալու մերժելը դա հանցագործություն չէ? Ակնհայտ փաստ չէ արդյոք, կոռուպցիայի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter