
Նուբարաշենում շուրջօրյա ջրամատակարարում է, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ոչ
Հատկապես ամռան ամիսներին Հայաստանի գերբնակեցված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ ազատազրկվածների թիվը այս տարվա մայիսի 1-ի դրությամբ 1496-ն է, ջրի պակասն առանձնակի է զգացվում:
Ջրամատակարարման վերաբերյալ բողոքներ ենք ստացել ամենածանրաբեռնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Կալանավորներն ու դատապարտյալները մեզ փոխանցել են՝ ջուրը տարիներով ժամով են տալիս, առավոտյան և երեկոյան 2-ական ժամ են տալիս:
Սա այն դեպքում, երբ Նուբարաշեն վարչական շրջանում ջրամատակարարումն արդեն տարիներ ի վեր շուրջօրյա է:
«Վիոլիա-Ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն հանդիսանում է իրենց բաժանորդը. «ՔԿՀ-ն ջուր է ստանում «Գառնի-Երևան» ջրատարից, ներքին ցանց ասվածը չունի, ուղղակի միացված է ջրատարին, ճնշումը բավարար է, ունեն շուրջօրյա ջուր՝ լավ որակով, բոլորին հայտնի է Գառնու ջրի որակը»:
Թե որքան ժամանակ է շուրջօրյա ջուր մատակարարվում Նուբարաշենում հարցին, Մուրադ Սարգսյանը պատասխանեց՝ տարիներ շարունակ:
ՔԿ վարչությունից մեր հարցմանն էլ պատասխանեցին, որ ջրի հնամաշ խողովակների մի մասը վերանորոգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ներկայումս ջրամատակարարումը շուրջօրյա չէ:
Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների հարցը բարձրացրել է նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2016թ.-ի զեկույցում՝ անդրադառնալով առաջին հարկի խոնավությանը, անբավարար օդափոխությանը և լուսավորությանը, մշտական ջրամատակարարման բացակայությանը, մի շարք խցերում սանհանգույցներն ամբողջությամբ առանձնացված չլինելուն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել