
Սյունիքի մարզպետը «Հայանտառին» է դիմել՝ Շուռնուխի ճանապարհին ծառեր հատելու համար
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից (խոշորացման արդյունքում 2016-ից մտել է Գորիս քաղաքի կազմի մեջ) դեպի Կապան գնացող ճանապարհի եզրին ծառահատումներ են իրականացվել, հատվել են առողջ հաստաբուն ծառեր ու թփեր:
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե «իհարկե, տեսչությունը տեղյակ է այդ հատումներից»:
«Հատատեղը տրված է օրինական, կտրում են, որպեսզի ձմեռը մեքենաները չսղան, արևի ճառագայթները դուրս գան այդ ճանապարհի վրա, որպեսզի խոչընդոտներ չառաջանան».- պատասխանեց Պետրոսյանը:
Հարցին, թե որքան հատատեղ է հատկացվել, քանի ծառ է հատվել, և ուր է տարվում փայտը, բաժնի պետը պատասխանեց, որ դա գիտի «Հայանտառը»:
«Հայատնառի» «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի (ներառում է Գորիսի, Շուռնուխի, Արճվանի անտառպետությունները) տնօրեն Արմեն Իշխանյանն ասաց, որ Գորիսի ճանապարհաշինարարներն են դիմել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին՝ ճանապարհի սպասարկման գոտուն խոչընդոտող ծառերը հատելու համար: Ըստ Ա. Իշխանյանի՝ ծառերը թեքվել են ճանապարհի կողմ, որը ձմռանը սառչում է, վարորդները մեքենաներին շղթաներ են հագցնում Շուռնուխ չհասած, ապա այդ հատվածը հաղթահարելուց հետո շղթաները հանում են: Մարզպետ Հակոբյանը դիմել է «Հայանտառին», վերջինս էլ թույլատրել է Սյունիքի անտառտնտեսությանն այդ հատվածում համատեղ հաշվարկ ու հատումներ անել:
Արմեն Իշխանյանի փոխանցամբ՝ ծառերի հատումից 120-130 խմ վառելափայտ են ստացել: Ասում է, որ այն վաճառելու են բնակիչներին, 1 խմ-ն՝ 9700 դրամով: Աշխատանքներն ավարտելուց հետո, ըստ Իշխանյանի, ծառերի նմանատիպ հատում է սկսելու նաև «Արցախանտառը»՝ պատասխանատվության իր գոտում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել