HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով վկան պնդում էր, թե հավաքվածները ցանկանում էին միանալ ՊՊԾ գունդը գրավածներին

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացավ Սարի թաղում 2016թ. հուլիս 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախման ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստը: Ցուցմունքով հանդես եկավ գործով վկա ոստիկանության աշխատակից Արմեն Մաթևոսյանը:

 Դատախազը հարցեր ուղղեց` հետաքրքրվելով` արդյո՞ք դեպքի օրը Սարի թաղում հավաքված քաղաքացիները բռնություն գործադրել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Վկան դրական արձագանքեց, նաև պնդեց, որ հավաքվածները ոչ միայն ձեռքերով և ոտքերով են հարվածել ոստիկանության աշխատակիցներին, այլև շշեր, քարեր են նետել:

«Մենք փորձեցինք բացատրել, որ ճանապարհը փակվել է իրենց իսկ անվտանգության համար: Հորդորեցինք, սակայն չլսեցին և ոստիկանների վրա հարձակվեցին, սկսեցին քարերով խփել»,-հայտնեց վկան: Նշեց նաև, որ սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչեցվել ոստիկանների հասցեին. «Հնչում էին սպառնալիքներ, կսպանենք, կմորթենք: Կոչեր էին հնչում` գնանք միանանք մեր տղերքին, ՊՊԾ գնդում գտնվողներին»,-ավելացրեց Ա. Մաթևոսյանը:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին` ոստիկանների կողմից կրակոցներ եղել են, թե ոչ, վկան պատասխանեց. «ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ լսվել են, բայց չեմ տեսել, որ ոստիկանների կողմից կրակոցներ արձակվեն»:

Փաստաբանը նշեց նաև, որ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներում գրված է, թե հավաքված քաղաքացիները կրակոցներից վախեցել են և հեռացել, այնինչ վկան հակառակն է պնդում:

Ցուցմունքի մեջ վկան նշեց նաև, որ քաղաքացիների կողմից վառված անիվներ են նետվել:

Փաստաբան Գրիշա Բալասանյանի` քանի՞ վառվող անիվ է եղել հարցին ի պատասխան, վկան ասաց, թե չի հիշում: Միայն հիշում է, թե ինչպես են ոստիկանության ծառայակիցները սեփական ուժերով փորձել հանգցնել կրակը, չհիշեց նաև` տարածքում հրշեջ մեքենա եղել է, թե ոչ:

Այս պատասխանից հետո ամբաստանյալ Հրայր Իսախանյանը հորդորեց վկային «ճիշտ խոսել», այդ պատճառով էլ դատարանը դատարանը սանկցիա կիրառեց և հեռացրեց նիստերի դահլիճից 30 րոպերով: Էդուարդ Զեյթունյանն էլ միացավ Հրայր Իսախանյանին և նույնպես վկային կոչ արեց «ճիշտը պատմել»: Դատարանը նրան նույնպես հեռացրեց նիստերի դահլիճից այս դեպքում 1 ժամով: 

Փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանը և Գրիշա Բալասանյանը հրաժարվեցին առանց պաշտպանյալների ներկայության նիստը շարունակել:

«Հարգելի՛ դատարան, պիտի դատական սանկցիա կիրառեիք նաև վկայի նկատմամբ, որպեսզի ագրեսիվ տոնով և իրոնիայով պաշտպանական կողմի հարցերին չպատասխաներ»,-հայտնեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, որից  հետո դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` հայտնելով, թե դատավորը շահագրգռված է գործի ելքով, իրականացնում է ոստիկանության և դատախազության պատվերը:

Մինչ դատավորը խորհրդակցական սենյակում էր, «Հետքը» զրուցեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հետ, որի խոսքով`եթե նիստը շարունակվեր առանց իր պաշտպանյալի ներկայության, կխախտվեր վերջինիս իրավունքը. «Եթե իմ պաշտպանյալը դատարանի դահլիճում չէ, ու՞մ եմ ես պաշտպանում: Ինքն իրավունք ունի հարցեր տալու, միջնորդություն, բացարկ ներկայացնելու: Այս տղաները Սարի թաղի բնակիչներ են, լավ գիտեն կատարվածը, տեղանքը, ուղղակի կանգնել և սուտ ասել` ավելի քան վիրավորական է, քան այս տղաների ռեակցիան»:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց:

Այդ ընթացքում Հրայր Իսախանյանը և Էդուարդ Զեյթունյանը վերադարձան նիստերի դահլիճ, քանի որ լրարացել էր նրանց նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետը:

Նիստը վերսկսելուց և վկայի հարցաքննությունը ավարտելուց հետո Լիպարիտ Սիմոնյանը նոր միջնորդություն ներկայացրեց և նշեց, որ իր պաշտպանյալ Հարություն Թորոսյանը «Էրեբունի ԲԿ»-ում բժշկական ստուգման է ենթարկվել և պարզվել է, որ նրան անհրաժեշտ է էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն և բժշկի մշտական հսկողություն, դատարանին դիմեց խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությամբ:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա հուլիսի 27-ին, որի ընթացքում կքննվի միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter