
Ֆ. Մերքյուրի․ «Ես չեմ ցանկանում նույնը լինել ամեն օր»
Երբ 1975թ. Ֆրեդի Մերքյուրին գրեց «Բոհեմական ռապսոդիան», թվում էր, թե այլևս ինչ էլ ստեղծվեր, ստվերում էր մնալու: Ասվել էր անասելին, երգվել էր անհավանականը: Երգը նույնիսկ նրա կենդանության օրոք գրեթե պաշտամունքի վերածվեց: Ֆրեդին ստեղծել էր ոչ միայն խմբի գլուխգործոցը, այլև երաժշտության պատմության մեծագույն երգերից մեկը: «Բոհեմական ռապսոդիան» ուղղակի շլացուցիչ փայլ ուներ, որը չխամրեց երբևէ ու դարձավ անմահներից մեկն այդ աշխարհում: Սակայն այդ խենթ, արտասովոր ու փայլուն անհատականությամբ արտիստն, այնուամենայնիվ, խաղաղություն չէր գտնում: Մինչ բոլորը՝ ծանոթ, թե անծանոթ, քննարկում էին, որ նա այս երգում բացել է իր հոգու խորքն ու թեկուզ ոչ այնքան բառերով, որքան անգերազանցելի ձայնով պատմել այնտեղ թաքցրած կուտակումների մասին, նա պատրաստվում էր նոր «հաղորդագրության»: Ու, ինչպես միշտ, այնպիսի հայտնությամբ, որը և՛ հաստատելու, և՛ հերքելու էր նախորդի էությունը: Ֆրեդին բեմում էլ էր այդպիսին:
«Ես չեմ ցանկանում նույնը լինել ամեն օր »,- ասում էր Մերքյուրին:
Այս հեղհեղուկ հոգու և տրամադրության վառ արտահայտությունը նրա բեմական կերպարն էր՝ այսօր այսպիսին, վաղը՝ երեկվա հանդեպ հեգնանքով ու երբեմն՝ ընգծված ծաղրով: Ասում են, որ նա շատ փակ մարդ էր, և հնարավոր է, որ երեկվա թաքուն խոստովանության համար զղջալուց էլ նա արտիստիկ կերպար էր հագնում նաև երգի օգնությամբ: Ինքն էլ է խոստովանել, որ իր շուրջը մշտապես պատ է կառուցել, որպեսզի մարդկանց համար դժվար լինի ներս մտնել ու հասկանալ իր իրական «Ես»-ը:
Կա մեկը, սակայն, որն այնքան էլ զղջում չէ, բայց խորքում փորձում է բոհեմական կյանքի ռիթմում ներարկել խորը թաքնված թախծի ու սիրո կարոտագին մեղեդիներ:
«Somebody to Love». 1976թ. թողարկվեց այս երգը, «Queen» խմբի 5-րդ ստուդիական ալբոմի՝ «A Day at the Races»-ի կազմում: ««Բոհեմական ռապսոդիան» կարող է ավելի հզոր, արտասովոր և ավելի յուրօրինակ գործ համարվել,- գրում է բրիտանական «Telegraph»-ը,- սակայն իր նվաղուն թախծով խենթացնող այս բալլադը, ավելի վեր է բարձրացնում «Queen»-ին՝ զգայական խտությամբ և մեղեդայնությամբ»:
Երգը ունկնդիրների մոտ առաջին հերթին համեմատության է տանում դեպի «Բոհեմական ռապսոդիան»: Եվ իսկապես՝ որոշ առումներով այն թույլ է տալիս համեմատել այս երկու երգերը: Դրա մասին առաջինը ենթադրում է «Somebody to Love»-ի կառուցվածքը՝ բարդ մեղեդային և վոկալ խորը շերտերը, հարմոնիկ լուծումներն ու տեքստի փիլիսոփայական հայացքը, և, իհարկե, կիթառի սոլոն ու դաշնակահար Ֆրեդին: Բացի այդ, այս մեկը ևս իր կառուցվածքային բարդության պատճառով (կամ միգուցե շնորհիվ) կատարման մեծ վարպետությամբ է ստեղծվում, ուստի չափազանց դժվար է դեպի նա ձեռք մեկնելը: Թեև հետագայում մեկ-երկու փորձեր արվեցին:
Ե՛վ Ֆրեդին, և՛ խմբի անդամներն այստեղ իսկապես փայլում են իրենց երաժշտական կարողությամբ: Երգը կառուցված էր երգչախմբային կտորների զուգակցմամբ, գոսպելին բնորոշ ռիթմով ու մատուցմաբ: Եվ բոլոր այդ հատվածները ձայնագրվել են միայն Մերքյուրիի, Բրայըն Մեյի և Ռոջեր Թեյլորի կատարմամբ: Ընդամենը երեք ձայնի միջոցով նրանք ստացել էն 100 հոգանոց խմբերգային կատարմանը համապատասխանող հատվածներ: Եվ ի տարբերություն անգլիական երգչախմբայինի, «Somebody to Love» հնչում է գոսպելի ոգով: Միգուցե Ֆրեդին այսպես հատուկ ցանկացել է ընգծել նաև երգում հիշատակվող՝ Աստծո դերի ու նրան ուղղված իր հարցերի կարևորությունը:
… Lord what you՚re doing to me (yeah yeah)
I have spent all my years in believing you
But I just can՚t get no relief, Lord!
Somebody (somebody) ooh somebody (somebody)
Can anybody find me somebody to love?...
«Somebody to Love»-ը ալբոմի ամենահնչեղ ու ամենահաջողակ երգն էր: Այն բրիտանական սինգլների սանդղակում գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ ամերիկյան «Billboard Hot 100»-ում՝ 13-րդը: Եվ ինչպես միշտ, իր ողջ երաժշտական ու կատարողական փայլի հետ մեկտեղ, այս երգն էլ տպավորեց հանրությանը տեքստային իմաստով: Խոսքն այս անգամ անդրադառնում էր մարդկային կյանքում առկա տարբեր հարցականների. սա երգ էր հավատի ու հուսահատության մասին: Մերքյուրին երգում էր իր կյանքի չերևացող կողմի մասին՝ սիրո պակասի, Աստծո հանդեպ հավատի խարխլման ու առհասարակ, նրա գոյության մասին: Նրա կյանքի փորձն այլևս ուղղորդում էր հայելուն այլ հայացքով է նայել, մեծ հարցերի միջև թափառող հոգին էլ, զգացվում է, որ կասկածով է շրջապատել Աստծո դերն ու գոյությունը մարդկային կյանքում: Մի տեսակ ներքին, բայց նաև ոչ բացառիկ կռվի մեջ է նա սեփական կյանքի դեմ: Բայց անհնար է չնկատել, որ Ֆրեդին այստեղ ևս, անձնականի քողով՝ անանձնական տրամադրության մեջ է: «Նկատի ունենալով այն, ինչ հայտնի է «Queen»-ի երգչի և առաջնորդող լույսի՝ Ֆրեդի Մերքյուրիի ողբերգական կյանքից, «Somebody to Love»-ը շատ սրտառուչ երգ է: Այն մինչ օրս մնում է նրա լավագույններից մեկը՝ որպես վոկալիստի և երգահանի»:-գրել է AllMusic-ը:
«Մարդիկ շարունակում են սիրահարվել և բաժանվել, իսկ ես շարունակում եմ այդ մասին երգեր գրել»,- ասել է Ֆ. Մերքյուրին:
«Somebody to Love»-ը խմբի համերգների զարդերից էր: Ի դեպ, ձայնագրություններից որպես բեք վոկալ բացակայող Ջոն Դիքոնը բեմում անպայման ընդգրկվում էր այս կազմում, և սա այդ առումով նրա մի քանի բացառություններից մեկն էր: Կենդանի կատարումներում երգը նոր զարգացումներով էր երևում, վոկալի առավել հարուստ խաղով: «Somebody to Love»-ը հետագայում տարբեր վերաթողարկումներ ունեցավ, նոր խորագրերում և նոր հավաքածուներում, բայց՝ Ֆրեդիի մահվանից հետո: Տարբեր արտիստներ փորձել են կատարել այն, սակայն այդ համարձակ փորձերից ամենաստացվածը համարվում է Ջորջ Մայքլի կատարումը: Նա «Somebody to Love»-ով հարգանքի տուրք մատուցեց Մերքյուրիի հիշատակին՝ 1991թ. հանրահայտ «Wembley Stadium»-ում կայացած համերգի ժամանակ:
Գլխավոր լուսանկարը՝ www.freddiemercury.com կայքից
Մեկնաբանել