
«Տղայիս ոտքը երկարե՞ց». ականի վրա պայթած նախկին զինվորը պայքարում է՝ հաշմանդամության երկրորդ կարգը վերականգնելու համար
Մարինե Մարտիրոսյան
Տան դռան ներկը խունացել է, միջանցքի առաստաղը քանդվել է: Դուռը թակում ենք, ներսից կանչում են, որ ներս մտնենք: Հենակներին հենված երիտասարդը մեզ ներս է հրավիրում, մայրը բազմոցի շորն արագ ուղղում է: Տղան չի ժպտում, մի տեսակ թանձր տխրություն կա դեմքին: Հյուրասենյակ մտնելով՝ հենակները տեղավորում է բազկաթոռին, նստում աթոռին: Ուշադիր նայում է ինչ-որ կետի, ու թվում է՝ հենց այդ կետի մեջ խտացել են 12 տարիները:
Արթուր Ալեքսանյանը 31 տարեկան է: 2005-ի հունիսի 30-ին՝ ժամկետային զինծառայության ժամանակ, Քարվաճառի դիրքերից մեկում ականի պայթյունից կորցրել է մի ոտքը, մյուս ոտքի մեջ բեկորներ են մխրճվել, որոնք մինչ օրս չեն հանվել: Զգուշանում եմ Արթուրին հարցեր տալ, բայց նա պատմում է կատարվածը, որովհետև մոռանալ չի կարող:
«Երբ ոտքս խրեցի հողում, գնաց, չգիտեի, որ կորցրել եմ ոտքս»
Պատմում է, որ դիրքում ինժեներական աշխատանքներ էին կատարում, ինչով պայմանավորված տեղափոխել էին զուգարանը: Երբ մի պահ ինքն իջել էր այդտեղ, շարժ էր նկատել քիչ հեռվում: Վաշտի հրամանատարին ու տղաներին անմիջապես հայտնել էր, թե «մեր տղերքից ներքևը մարդ կա», բայց մյուսները հերքել էին դա: Այնուհետ հասկացել էին, որ հակառակորդը ներխուժել է մեր տարածք: Վաշտի հրամանատարը հանձնարարել էր նռնականետը բերել, զինվորներից մեկը՝ Գարիկը, երբ զենքը վերցրած իջնում էր իրենց ուղղությամբ, պայթյուն էր լսվել: Վազել էին Գարիկի մոտ, կոշիկի քուղով արյունահոսող ոտքը կապել, բայց զինվորն արդեն կորցրել էր վերջույթը:
Արթուրն ասում է, որ այդ տարածքով իրենք ազատ գնում-գալիս էին, բայց պատկերացում չունեին, որ ականապատ է: Ընկերոջ վիրավորվելուց քիչ անց պատահականորեն ականի վրա է կանգնել նաև Արթուրը: Ասում է՝ սկզբից մտածում էր, որ հակառակորդն է կրակել, բայց սարի այդ լանջը մեր հատվածում էր ու թշնամու կողմից չէր դիտարկվում, մյուս կողմից՝ վաշտի հրամանատարի ասելով՝ մերոնք արդեն հասցրել էին չեզոքացնել հայկական դիրքեր ներթափանցած հետախույզին:
«Ոտքս խրում էի հողի մեջ, ուզում էի փախնել, գիտեի, թե կրակում են, բայց զարմանում էի, թե այդ հատվածից ոնց են կրակում... Գարիկից 30 մետրի վրա էի, գոռացի, որ վիրավորվել եմ: Ուզում էի փախնեի, ընկնում էի, չէի կարողանում ոտքս դնել գետնին»,- հիշում է Արթուրը: Այս ամբողջը պատմելիս հայացքը չի կտրում սենյակի հեռավոր կետերից: Արթուրի պատմածը, կարծես, կենդանի ֆիլմ է:
Երկու վիրավոր զինվորներին մի ամբողջ գիշեր պատգարակներով իջեցրել են մեկ այլ դիրք, որտեղ մեքենա են նստեցրել: Տեղում ցավազրկել են և տեղափոխել Վարդենիս, այստեղ էլ առաջին վիրահատությունն են արել:
Պատի մոտ դրված ցածր աթոռակին նստած մայրը՝ Անահիտ Կարապետյանը, աչքերը սրբում է, դեմքը կարմրել է:
«Մի ամսվա մեջ 3 վիրահատություն են արել Արթուրին, վերքերը չէին լավանում»,- սա ասելուց հետո խորը հոգոց է հանում: «Ինձ մոտ լուրջ խնդիր կար, մկաններս լրիվ փտում էին, ոտքս որ խրել էի հողի մեջ, սաղ հող էր մեջը, դա էր պատճառը»,- ասում է Արթուրը:
2005-ին նրան երկրորդ կարգի հաշմանդամ են ճանաչել, 2012-ին կարգը փոխել են՝ դարձնելով անժամկետ երրորդ կարգ: Այդ որոշումը բողոքարկել է, բայց վերափորձաքննությամբ նախորդ որոշումը չի փոխվել: Ըստ Արթուրի՝ վերափորձաքննությունը ձևական բնույթ է կրում: Դիմել էր նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից, ըստ Արթուրի, հայտնել են, թե պիտի խոսեն ղեկավարության հետ, ապա ասել են, որ միևնույնն է՝ փորձաքննության հանձնաժողովն է որոշելու:
5 տարի Արթուրը պայքարում է՝ երկրորդ կարգը վերականգնելու համար: Ասում է՝ մակաբույծ չեմ, որ մտածեն, թե երկրորդ կարգ եմ ուզում, որովհետև երկիրը ծախս է անում: Ու եթե ոտքը չկորցներ, հիմա կաշխատեր: Մինչ կարգի փոփոխությունը աշխատել է կարի արտադրամասում, կաշվե պայուսակներ էր կարում: Մայրն ասում է, որ երկար չդիմացավ, որովհետև առողջ ոտքն էլ, որի մեջ բեկորներ կան, սկսեց ցավել, գիշերները ցավերից որդին չէր կարողանում քնել: Տիկին Անահիտը կարգի իջեցումը կապում է աշխատանքի հետ, ասում է՝ դե, երևի մտածել են, որ կարողանում է աշխատել:
«Փող ուզել են, ուրիշի մարդու միջոցով ասել են, թե թող վերաբերմունք ցույց տա, ես էլ ասացի՝ ցույց չեմ տալու»,- ասում է Արթուրը:
Մեր զրույցի ժամանակ նա հանում է վիրավոր ոտքի պրոթեզը: Տիկին Անահիտն ասում է, որ հատուկ գուլպաներ է հագնում: Վերջին 6 ամիսներին տղայի առողջական վիճակն ավելի է վատացել՝ վերքից արյուն է գալիս, մայրն ասում է՝ միայն տեսնեք, թե գուլպաները ոնց են արնաշաղախ լինում: «Ամեն քայլս դնելուց ցավով է լինում հիմա»,- ասում է Արթուրը: Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին «Մուրացան» հոսպիտալ է պառկել բուժման համար, այնուհետ դիմել է կարգի փոփոխման համար, բայց հունիսի 21-ին բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) հանձնաժողովը կրկին երրորդ կարգն է հաստատել:
«Չեմ հասկանում, տղայիս ոտքը երկարե՞ց: 7 տարի՝ երկրորդ, հետո երրորդ կարգ են դարձրել, ինչո՞ւ»,- հարցնում է մայրը: Քիչ անց բերում է փաստաթղթերով տոպրակներն ու թղթապանակը: Մենք հերթով նայում ենք հանձնաժողովի որոշումները: Արթուրն ասում է, թե դեպքեր գիտի, մեկը՝ հենց իր ընկերը, որ երկրորդ կարգը միշտ էլ գումարով է ստացել, բայց կրկնում է, որ ինքը ոչ մի կոպեկ չի տա, հետո հարցնում է, թե ինչու պիտի գումար տա, այդ դեպքում անօրինական գործ կանի, իսկ ինքն օրենքով է ուզում շարժվել: Երրորդ կարգի հաշմանդամության թոշակը 54 հազար դրամ է, Արթուրն ասում է՝ նախկինում 48 էր, բարձրացրել են, երկրորդ կարգն էլ, իր ենթադրությամբ, 80 հազարի կհասնի, նախկինում 72 հազար էր:
Արթուրն ընտանիքի 5 երեխաներից երկրորդն է: Եղբայրներից մեկը բանակում է, զորացրվելուց հետո մյուսն է գնալու: Ընտանիքում այսօր 7 հոգի են ու այդքանով բնակվում են Նոր Արեշի հանրակացարանում՝ 28,5 քմ տարածքում, որը 1997 թ. սեփականաշնորհել են: Բնակարանը երկու մասի է բաժանված՝ 28,5 քմ-ի սեփականատերն իրենք են, մնացածինը՝ մեկ այլ ընտանիք, խոհանոցն ու սանհայգույցն ընդհանուր են: «Արդեն 30 տարի էդպես ենք ապրում»,- ասում է Արթուրը, բայց այս անգամ հնչերանգի մեջ դառնություն է նկատվում:
«Ինձ մնար՝ էս երկրում մի րոպե չէի մնա, եթե երիտասարդությունս պիտի քայքայեմ հիվանդանոցների դռներում, իմաստը ո՞րն է,- հարցնում է Արթուրը,- ինձ պետք էլ չի եսիմինչ վերաբերմունք ցուցաբերեն, ուղղակի ինչ հասանելի է, դա անեն: Ինձ պես շատ տղերք կան, ովքեր զզվել են, ու հենց էդ տղերքն են գնալու սահման, հենց ապրիլյան դեպքերին պատրաստ էի գնալ»: Ապրիլյան քառօրյային հայրն էր կամավորագրվել, գնալուց մի քանի օր անց սիրտը վատացել էր, նախաինֆարկտային վիճակում տեղափոխել էին Երևան, հիվանդանոցում բուժվել էր:
Տիկին Անահիտն ասում է, որ տան համար դիմել են պաշտպանության նախարարություն: 10 տարի է՝ զինհաշմանդամների անապահով ընտանիքների բնակարանային հերթի մեջ են:
Արթուրը նեղսրտում է, երբ խոսում ենք ընտանիքի պայմանների մասին: Մինչ զորակոչվելը բնակարանների վերանորոգում էր անում, մայրն ասում է՝ «լավ մալյար» էր, տան մի սենյակն էլ ինքն է վերանորոգել: Հիմա այդ գործն էլ չի կարող անել՝ մի ոտքին հենվելը դժվարացել է, ամեն քայլափոխի ցավում է:
-Ես հիմա մտածում եմ եղբայրներիս ապագայի մասին,- ասում է Արթուրը:
-Բա քո անձնական կյա՞նքը,- և լուսանկարում եմ, և խոսում ենք:
-Անձնական կյանք էլ չկա, եթե 12 տարի առաջ մտածում էի այդ մասին, հիմա չէ,- պատասխանում է:
-Հիմա որոշել ես գնա՞լ երկրից:
-Հա, ընկերս՝ Գարիկը, հիմա Գերմանիայում բուժվում է, ինձ ասել է, որ կօգնի գնամ:
-Իսկ եթե մնաս էստեղ…
-Մնամ ինչի՞ համար…
28,5 քմ տարածքում հատակին էլ են անկողին բացում, երիտասարդ տղայի համար սա արժանապատիվ չէ: Մյուս կողմից, ինչպես Արթուրն է ասում, Հայաստանում դժվար է մի ոտքով աշխատանք գտնելը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել