
ԱՄՆ դեսպանատունը կտրամադրի՞ վճիռը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Բենիկ Հարությունյանի՝ վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման և հերքումը հրապարակելուն պարտավորեցնելու մասին հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ հոդվածը, որտեղ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի և նրա գործընկեր Արմեն Ասրյանի խոսքերը, որոնք պատմել են, թե ինչպես է Հարությունյանն իրենցից վերցրել 294 հազար ԱՄՆ դոլար ու չի վերադարձնում: Թեև հրապարակման մեջ ներկայացված են նաև Բենիկ Հարությունյանի և նրա փաստաբանի խոսքերը, այնուամենայնիվ, պաշտպանության նախարարի խորհրդականը դիմել է դատարան՝ օրաթերթից պահանջելով 2.2 միլիոն դրամ:
Այսօրվա նիստում հայցվոր կողմը ներկա չէր, թեև պատշաճ ծանուցված էր, այնուամենայնիվ, նիստը շարունակվեց: Օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը միջնորդեց դատարանին, որ նիստը հետաձգվի, քանի որ իրենք ԱՄՆ դեսպանատանը և ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանին խնդրել են իրենց տրամադրել դատարանի այն վճիռը, որի հիման վրա լրագրողը պատրաստել է իր նյութը: Հայցվորը այն որպես ապացույց չի ընդունել՝ մեկնաբանելով, որ վճիռը բնօրինակը չէ, այլ պատճեն է, և հնարավոր է որ այն ԱՄՆ-ի դատարանի կայացրած վճիռ չլինի:
Դատարանը բավարարեց պատասխանողի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև հունվարի 31-ը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել