
Կարո Եղնուկյան. «Իմ արդար դատաքննության իրավունքը կոպտորեն խախտվել է»
Ամալյա Մարգարյան
Վերաքննիչ դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի բողոքն՝ ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կայացման որոշման: Նախաքննության ընթացքում քննիչը մերժել էր Կարո Եղնուկյանի գործն առանձնացնել «Սասնա ծռերի» 14 անդամի գործից, Եղնուկյանը և իր փաստաբանը դիմել էին դատախազին, ով որևէ գործողություն չէր կատարել: Այնուհետև բողոքը քննվել է Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, որը ևս մերժվել է:
«Երկու դատական նիստով կարող է գործն անջատվել, որը չի խախտի նաև մյուս մեղադրյալների արդար դատավարության իրավունքը: Նկատել ենք, որ դատարանը շատ վերացական և անբավարար է ներկայացնում իմ բողոքի կարևոր հանգամանքները»,-դատարանի դահլիճում հայտնեց Կարո Եղնուկյանը:
Եղնուկյանը նշեց նաև, որ իր մեղադրանքի հիմքում դրված է հինգ հեռախոսազանգ, որից երեքը կնոջ հետ, իսկ մեկը՝ Վարուժան Ավետիսյանի: «14 մեղադրյալից միայն մեկն է իմ հետ մի քանի րոպեանոց հեռախոսազրույց ունեցել, իսկ դատարանում վերծանված հեռախոսազանգերից բացի որևէ բան չկա»,-ասաց Եղնուկյանը:
Եղնուկյանը նշեց նաև, որ խախտվում է ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը. «Որպեսզի այս ամենը հասկանալի և շոշափելի լինի, դատարանը պարտավոր է հանուն արդարության այս հարցին նայել համեմատության մեջ: 4 տարի անիմաստ գնա-արի ՝դատարամից դատարան, քանի որ նախնական կալանքը որպես խափանման միջոց այս անարդար համակարգի սիրելի պատիժն է՝ մեղքը չապացուցված անձի նկատմամբ»,-հայտարարեց Եղնուկյանը, ապա ավելացրեց. «Յոթերորդ դասարանցուն էլ պարզ է, որ իմ հիմնարար իրավունքը՝ արդար դատավարության, կոպտորեն խախտվում է»:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ նշեց, որ դատարանում «Սասնա ծռերի» 14 անդամի գործով նիստի ընթացքում գործն անջատելու մասին միջնորդությունը դեռևս չի քննվում, քանի որ դատավարության այդ փուլին չեն հասել:
Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի մերժման որոշումը հրապարակելուց հետո, Կարո Եղնուկյանը դիմեց դատավորին և հայտարարեց. «Հարգելի́ դատավոր, կշեռքները փոխելու ժամանակն է», իսկ նախագահող դատավոր Համբարձումյանը պատասխանեց. «Ժամանակը կփոխի»:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է շենք-շինությունների զավթելուն և պատանդներ պահելուն օժանդակելու մեջ:
Մեկնաբանել