HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատաշենում առևտրականները մի քանի ժամով փակել են մաքսային անցակետի ճանապարհը

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները: Այդ պահանջների համաձայն՝ մաքսակետում հուլիսի 1-ից թույլատրվում է Վրաստանից Հայաստանի մաքսային տարածք ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք:

Այսօր Տավուշի մարզի Բագրատաշեն և հարևան գյուղերի 30-40 մանր առևտրով զբաղվողներ փակել էին Բագրատաշենի մաքսային անցակետի ճանապարհը: Առևտրականները պնդում էին, որ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված պահանջների պատճառով իրենք ընտանիքներով հայտնվել են սովի ճիրաններում, քանի որ ապրուստի այլ միջոց չունեն:

Նրանք հատկապես բացասաբար էին վերաբերվում մաքսակետից դուրս եկող խոշոր բեռնատարներին և փակում էին հենց դրանց ճանապարհը: «Մինչև երբ է մեր վիճակն այսպես մնալու: Հասարակ առևտրականներիս արգելում են 7 ձմերուկ տեղափոխել: Թող ամեն մի ֆուռ ռաստամոշկա արվի օրենքի սահմանում, էլ մակարոնի փող աշխատող առևտրականներս դրանց աչքներին չենք երևա: Իրենց ֆուռերը մեր աչքի առաջ 20 հազար դրամ են մուծում ու անցնում, ասում են, թե ռաստամոշկա արավ, մեր 7 հատ ձմերուկի հետևից ընկած քաշ-քաշ են անում: Ինձ 7 ժամ արևի տակ պահելուց հետո անձնագիրս խլեցին, այն 4 օր հետո վերադարձրին ինձ»,- պատմեց  բագրատաշենցի Կարինե Աբրահամյանը:

Սաթիկ Յայիլյանի ասելով` մաքսակետում չի թույլատրվում 5 կգ-ից ավելի բանջարեղեն տեղափոխել. «Իսկ մենք ապրելու այլ միջոց չունենք»,- ասաց նա: Սաթիկը կարծում է, որ դա անհասկանալի ու անընդունելի օրենք է: Մանիշակ Ջալալյանը ամոթանք էր տալիս հայ մաքսավորներին. «50 կգ ապրանք չեն թույլ տալի անցկացնել, խիղճ ունե՞ք դուք վափշե»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բագրատաշենի մաքսակետի նորանշանակ պետ Հովհաննես Հարությունյանը «Հետք»-ին պարզաբանել է, որ առևտրականների լարվածությունը կապված է օրենսդրական դաշտի հետ, քաղաքացիները պարզապես ուզում են առանց մաքսային ձևակերպումների ապրանքային քանակություն անցկացնել մաքսակետով: Նրանք տարածաշրջանի բնակիչներ են և ամեն օր կարող են մի քանի անգամ անցնել-դառնալ հայ-վրացական անցակետը: «Բայց մեր օրենսդրությունը, մաքսային միության օրենսգիրքը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքը դա թույլ չեն տալիս»,- ասել է Հովհ. Հարությունյանը:

«Մեր երկրի քաղաքացիների կյանքի վիճակից ելնենով` օրենքներ պետք է գրեն մեր երկրի պատգամավորներն ու ղեկավարները, ոչ թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Ի՞նչ գործի են մեր պատգամավորները: Նրանցից յուրաքանչյուրը իր հարստանալու մասին է մտածում: Հասարակ ժողովրդին բանի տեղ դնող չկա: Մեզ հիշում են միայն ընտրությունների ժամանակ»,- ասաց առևտրական Կարինե Աբրահամյանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետ Ազատ Խաչիկյանը  ցուցարարներին ներկայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N 157 որոշումը ձեռքին: Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված որոշումը նա անվանեց Եվրամիության որոշում: «Հլա մի րոպե մի բան ասեմ էլի, ես Ձեր տարածքի տղա եմ, Ձեր գործով ես էլ եմ զբաղվել: Հիմա էս պահին, էս որոշումը մեզ ռուսերեն է եկել, Եվրամիության էս օրենքը մեր մեյլի վրա նոր են ուղարկել: Գրել են 5 կիլոյից ոչ ավել»,- բացատրեց Սննդամթերքի անվտանգության ծառայության մասնագետը:

«Մեքենայիս տալիս եմ 5 հազար դրամ, ինձ ասում է` դու 5 կգ գռուզ բեր, էդ գրողը գլուխ ունի՞ իր ուսերին»,- ասաց առևտրականներից մի կին: Կարինե Աբրահամյանը և մյուս առևտրականները պնդում են, որ իրենք ապրում են Վրաստանից բերվող ապրանքների առևտրի հաշվին, որի բացակայության դեպքում իրենց ընտանիքներով մատնվելու են սովի:

Բագրատաշենի մաքսային կետի պետ Հովհաննես Հարությունյանը հրաժարվեց բացատրություն տալ մաքսակետում ստեղծված վիճակի մասին: Այնուամենայնիվ, նա ասաց, որ հասկանում է առևտրականների սոցիալական ծանր վիճակը. «Սակայն մաքսային ծառայությունը սոցիալական մարմին չէ: Առևտրականների սոցիալական ծանր վիճակի մասին կառավարությանը պետք է տեղեկացնեն Տավուշի մարզպետն ու գյուղերի համայնքապետերը: Առանց այդ էլ մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում»,- բացատրեց նա:

Առևտրականների բողոքի ցույցը ցրեցին Տավուշի ոստիկանները: Առևտրականները հայտարարեցին, որ չեն զիջելու և բողոքի նոր ցույցեր են կազմակերպելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter