HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունը նախկին զինվորին առաջարկում է հաշմանդության երկրորդ կարգը վերականգնելու հարցով դիմել դատարան

Նոր Արեշի հանրակացարանի 28,5 քմ տարածքում ընտանիքի ևս 6 անդամի հետ ապրող նախկին զինվոր Արթուր Ալեքսանյանի մասին գրել էինք հուլիսի 1-ին:

Ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած Արթուրի մեծ ընտանիքն ապրում է այստեղ, եղբայրներից մեկը ժամկետային զինծառայող է, շուտով զորացրվելու է, և նրան փոխարինելու է մյուս եղբայրը:

Արթուրը 31 տարեկան է: 2005-ին Քարվաճառի դիրքերից մեկում մարտական գործողության ժամանակ ականի պայթունից կորցրել է ձախ ոտքի մի մասը, աջ ոտքի մեջ բեկորներ են մտել: Նույն թվականին նա ստացել է հաշմանդամության երկրորդ կարգ, իսկ 7 տարի անց կարգն իջեցրել են՝ դարձնելով երրորդ: Արթուրի անդամահատված ոտքի վիճակն օրեցօր վատանում է, մյուս ոտքի վրա չի կարողանում երկար կանգնել, ոտնաթաթի շրջանում էլ ցավեր ունի:

Արթուրը 5 տարի պայքարում է՝ հաշմանդամության երկրորդ կարգը վերականգնելու համար: Այս տարեսկզբին հոսպիտալում ստացիոներ բուժում է ստացել, ապա դիմել է բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) հանձնաժողովին՝ նախկին կարգը վերականգնելու համար: Հանձնաժողովը, սակայն, այն չի փոխել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գրավոր հարցում էինք ուղարկել, որտեղ նշել էինք, որ Արթուր Ալեքսանյանը, մասնավորապես, տեղաշարժման և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակում ունի: Հարցրել էինք, թե հնարավոր է արդյոք կատարել վերափորձաքննություն՝ հնարավոր հաշմանդամության խմբորոշում կատարելու համար:

Նախարարությունից պատասխանում մեջբերվել են Արթուրի ԲՍՓ հանձնաժողովի ախտորոշումները, որոնցով էլ սահմանվել են հաշմանդամության կարգերը:

2005-ին Երևանի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովի փորձաքննության արդյունքում հաշմանդամության երկրորդ կարգ է սահմանվել մեկ տարով. պատճառական կապը՝ «վիրավորումը ստացել է զինծառայության պարտականությունները կատարելիս», ախտորոշումը՝ «վիճակ՝ տարած ականապայթյունային վիրավորումից հետո 02.07.2005 թ. հետագա ձախ ոտքի կրկնակի անդամահատումով, վերջինը՝ 02.08.2005 թ. (ծայրատը պրոթեզավորված չէ), աջ սրունքի տրոֆիկ խանգարումներ՝ տարած բեկորային վիրավորվածությունից հետո, քայլելու և կանգնելու ֆունկցիայի խիստ խանգարում (ֆանտոմային ցավեր՝ ըստ անամնեզի)»:

Նույն հանձնաժողովը 2006-2011 թթ. վերափորձաքննություններ է կատարել, կրկին սահմանվել է երկրորդ կարգ մեկական տարով: Վերջին անգամ Արթուրին մեկ տարով երկրորդ կարգ է նշանակվել 2011-ին: Ախտորոշումը ներկայացվել է այսպես՝ «ձախ սրունքի միջին երրորդականի անդամահատված ծայրատ, փոքր ոլոքի շրջանի օստեոֆիտի առկայությամբ, զգալի ցավային սինդրոմով և ծայրատի մաշկի տրոֆիկ խանգարումով, պրոթեզ կրելու դժվարությամբ, հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով: Աջ սրունքի փափուկ հյուսվածքներում բազմաթիվ օտար մարմինների առկայություն (գնդակի բեկորներ) հրազենային վիրավորումից հետո (2005 թ.)»:

«Առկա պաթոլոգիան՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով, հանգեցրել է ինքնուրույն տեղաշարժվելու կարողության երկրորդ և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առաջին աստիճանի սահմանափակումների, որոնք հաշմանդամության երկրորդ խումբ սահմանելու հիմք են»,- որոշել են հանձնաժողովում:

Մեկ տարի անց՝ 2012-ին, Երևանի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովը հերթական վերափորձաքննության արդյունքում Արթուրին սահմանել է հաշմանդամության երրորդ խումբ, այս անգամ՝ անժամկետ: Նախարարությունը մեզ ուղարկած պատասխանում նշել է, որ հանձանաժողովը հաշվի է առել ՀՀ ԲՍՓ գործակալության (հանձնաժողովի վերադաս մարմինն է- հեղ.) փորձաքննական բաժնի խորհրդատվական եզրակացությունը:

Վերադասի եզրակացությունից հետո հանձնաժողովն Արթուրին հատկացրել է հաշմանդամության երրորդ կարգ՝ «ձախ սրունքի միջին երրորդականի անդամահատված ծայրատ, փոքր ոլոքի օստեոֆիտի առկայությամբ (ծայրատը պրոթեզավորվել է): Աջ սրունքի չափավոր այտուց, հին սպիներ և փափուկ հյուսվածքներում գնդակի բեկորներ»:  

Ըստ ԲՍՓ հանձնաժողովի՝ «առկա պաթոլոգիան՝ հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարումով (նախկինում խանգարումը բնորոշվել էր արտահայտված- հեղ.), հանգեցրել է ինքնուրույն տեղաշարժվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունների առաջին աստիճանի սահմանափակումների (նախկինում տեղաշարժվելու կարողության երկրորդ աստիճանի սահմանափակում էր բնորոշվել- հեղ.), որոնք հաշմանդամության երրորդ խումբ սահմանելու հիմք են»:

Այս որոշումը Արթուրը բողոքարկել է վերադասի մոտ՝ ԲՍՓ գործակալությունում, սակայն այն մնացել է անփոփոխ: 2013-ին Ա. Ալեքսանյանը դիմել է արդեն Երևանի թիվ 5 ԲՍՓ հանձնաժողովին, որը նույնպես, հաշվի առնելով վերադասի փորձաքննական խորհրդատվությունը, սահմանել է երրորդ կարգ:

Այս տարվա մայիսին Արթուրը նորից է դիմել թիվ 5 ԲՍՓՀ-ին, սակայն նախորդ որոշումը կրկնվել է, ինչին հետևել է բողոքարկումը ԲՍՓ գործակալությանը, որը նույնպես ոչինչ չի փոխել:  

Նախարարությունը, որին ենթարկվում են գործակալությունն ու դրա հանձնաժողովները, «Հետքին» հայտնել է. «Եթե Արթուր Ալեքսանյանը համաձայն չէ կայացրած որոշումների հետ, ապա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համաձայն այդ որոշումները կարող է բողոքարկել նաև դատական կարգով»:

Բացի դրանից՝ նախարարությունը տեղեկացնում է, որ Արթուրի ընտանիքն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2002-ից հետո չի հաշվառվել: Դրա համար Ա. Ալեքսանյանը կարող է դիմել սոցիալական աջակցության Էրեբունու տարածքային բաժին՝ ներկայացնելով ընտանիքի կազմի, եկամտի և այլ տվյալների վերաբերյալ հավաստի, ամբողջական տեղեկատվություն, որից հետո անապահովության միավորին համապատասխան կորոշվի նրա ընտանիքի՝ համակարգով իրականացվող որևէ ծրագրում (ընտանեկան կամ սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն, այլ աջակցություն) ընդգրկվելու իրավունքը:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Պետությունից, դատարաններից ոչ մի ակնկալիք: Բացեք հաշվեհամար ՝օգնենք: Կարելի է դիմել ապտգամավոր Արտակ Զեյնալյանին, ով վերջերս սփյուռքում հավաքված օգնությունը բաժանում էր ազատամարտիկներին, զինծառայողներին: Կարևոր է լուծել որակյալ պրոտեզի հարցը և համապատասխան աշխատանքով ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter