
Մայլս Դևիս. «Kind Of Blue» և դեպի երկինք ձգվող անսահմանություն
«Ես ուշադրություն չեմ դարձնում այն բանի վրա, թե ինչ են իմ մասին գրում քննադատները, լինեն դրանք լավ, թե վատ խոսքեր: Ամենախիստ քննադատը, ում ես հաշվի եմ առնում, ես ինքս եմ: Եվ բացի այդ, ես չափազանց սնապարծ եմ նվագելու համար մի բան, որն իմ կարծիքով վատ է»,- ասում էր Մայլս Դևիսը:
«1001 ալբոմ, որոնց անհրաժեշտ է լսել նախքան մեռնելը» գրքում զետեղված երաժշտական շարքին մենք խոստացել ենք «Ռետրո Ակումբ»-ում պարբերաբար անդրադառնալ: Այսօր կհիշենք դրանցից մեկը՝ հեռավոր, բայց միևնույն ժամանակ երաժշտության պատմության մեջ վճռորոշ դեր ունեցած 50-ականներից:
«Kind Of Blue». կարծում եմ, այս մեկն իսկ բավական է վերը նշված վճռորոշությանը որպես անքննարկելի ապացույց ընդունելու համար: Այն թողարկվեց 1959թ.՝ ներկայացնելով երաժշտի ջազ սեքստետը, որի կազմում էին Բիլ Էվանսը (դաշնամուր), Ջիմի Քոբբը (հարվածորդ), Փոլ Չեմբերսը (բաս), սաքսոֆոնահարներ՝ ջազի նորարար և հսկա Ջոն Քոլթրեյնը և Ջուլիան «Քենոնբոլ» Էդերլին: Այստեղ ընդգրկված գործերից միայն մեկում՝ «Freddie Freeloader»-ում, Էվանսին փոխարինել է դաշնակահար Ուինթըն Քելլին՝ իր կատարումների բլուզային էության ընտրությամբ: Այսօր Դևիսի «Kind Of Blue»-ն համարվում է ջազում ամենահայտնի, ամենակարևոր ու ազդեցիկ ալբոմներից մեկը, սակայն ժամանակին այն ավելին էր. դա հեղափոխություն էր, որը կոտրեց մինչ այդ եղածը՝ արմատապես փոխելով մոտեցումները, մտածողությունն ու երաժշտության լեզուն:
«Kind Of Blue»-ն մասնագետները գլուխգործոց են համարում. գլուխգործոց ոչ միայն Դևիսի ստեղծագործության, այլև երաժշտության պատմության մեջ: Մոդալ իմպրովիզացիաները, որոնք շեփորի լեգենդար երաժիշտն արդեն ներդրել էր իր նախորդ՝ «Milestones» և «Porgy and Bess» ալբոմներում, այստեղ հիմնական բանալին էին: Մոդալիզմ՝ ի տարբերություն Դևիսի նախորդ գործերի, որտեղ նա առավելապես ջազի հարդ բոփ ոճում էր:
Ստեղծագործության ամենաառանցքային, այսպես ասած, հերոսներից էր վեցյակի միակ սպիտակամորթ երաժիշտը՝ Բիլ Էվանսը: Ստանալով ակադեմիական կրթություն և բարձրագույն դիպլոմ՝ այս երաժիշտը չբավարարվեց միայն կատարողական բարձ վարպետության մեջ հմտանալով և երաժշտություն գրելով: Նա խորասուզվեց ջազի, ավանդականի ու նոր շերտեր բացահայտելու, հարմոնիկ նոր լուծումներ գտնելու անհատակ մի օվկիանոսում, որից դուրս եկավ որպես բացառիկ երաժիշտ-անհատականություն: Էվանսը ոչ թե նվագում, այլ պատմում էր երաժշտությունը իրեն հատուկ մեկնաբանությամբ: Մեղմ ու հանգիստ էր նրա ոճը, բայց երբ անհրաժեշտ էր, վառ ու բռնկուն: Էվանսը Մայլս Դևիսի խմբին միացավ 1958թ. փետրվարին, նախ՝ որպես փոխարնող նախկին դաշնակահար և արդեն խմբից հեռացված Ռեդ Գարլանդին: Նրան Դևիսի լարված փնտրտուքների ժամանակ առաջարկել էր Ջորջ Ռասելը (ջազային դաշնակահար, կոմպոզիտոր և երժ. տեսաբան):
Բրուքլինում կայացած համերգից հետո Էվանսը մտածում էր, որ այդ օգնություն-փոխարինումով պիտի ավարտվի իր պատմությունը դևիսյան աստղային սեքստետի հետ, սակայն երեկոյի ավարտին Մայլսը նրան տեղեկացրեց հաջորդ՝ Ֆիլադելֆիայում կայանալիք համերգի մասին: Տեղեկացրեց Մայլս Դևիսին հատուկ ոճով՝ որպես վերջնականապես ընդունված որոշում, որին պիտի հաջորդեր միայն առանց այլընտրանքի աշխատանքի պատրաստվելը: Երբ նա վերջնականապես ընդգրկվեց հիմնական կազմում (այս խմբի հետ Էվանսն աշխատեց ընդամենը ինն ամիս), մյուս երաժիշտներ սկզբում այնքան էլ միանշանակ չընդունեցին Դևիսի որոշումը: Նախ՝ դեռևս լավագույն տարբերակ էին համարում հին ընկերոջը՝ Գարլանդին, երկրորդ՝ սպիտակամորթ լինելը: Այդ տարիներին երաժիշտների մեջ մի տարածված կարծիք կար, ըստ որի՝ սպիտակ մարդը երբեք չի կարողանա ջազ նվագել: Դևիսը պատասխանում էր, որ իրեն միայն երաժշտությունն է հետաքրքրում, ոչ թե մարդու գույնը: Ու դրանով եզրափակում բոլոր տեսակի քննարկումները:
Էվանսի մուտքը սեքստետում իրականում շատ փոփոխություններ իր հետ բերեց: Նրա մոտեցումն ու կատարողական ոճն էին նաև հիմնական առիթներից մեկը, որոնց շնորհիվ Դևիսը այդ ժամանակահատվածում տեղափոխվեց մոդալ իմպրովիզացիաների դաշտ: Աշխատանքում խիստ պահանջկոտ, երբեմն՝ այս առումով անտանելի դժվար, իր երաժշտության մեջ չափազանց ամբիցիոզ, իսկ հաճոյախոսույունների մեջ շատ ժլատ այս երաժիտը զարմանալիորեն մեղմ ու ազատ էր Էվանսի հանդեպ: Նա հաճախ անգամ խոստովանում էր, որ Էվանսի նվագը գերում է իրեն: « Ես սիրում էի այդ մեղմ կրակը, որը Բիլը վառում էր ռոյալի վրա,- ավելի ուշ ասել է Դևիսը,- Նրա նվագելու ոճը, հնչողությունը նման էին անարատ աղբյուրից հոսող ջրի բյուրեղյա մասնիկների»:
Նրանց հարաբերությունները ներդաշնակ էին ոչ միայն ստեղծագործելիս, այլև կյանքում՝ և՛ վիճելիս, և՛ կատակելիս: Շեփորի լեգենդն ու այս հեղինակավոր սեքստետի ղեկավարը, սակայն, խառնվածքի համաձայն՝ սիրում էր երբեմն նաև «կծել» դաշնակահարին: Հարվածորդ Ջիմի Քոբբի վկայությամբ՝ Դևիսը նրան «whitey» էր անվանում, և հաճախ, երբ վերջինս փորձում էր որևէ նոր բան առաջարկել և որը դուր չէր գալիս Դևիսին, նա կատակում էր. «Հանգստացիր, հա՞… մեզ ոչ մի սպիտակ կարծիք պետք չէ»:
Մ. Դևիսը, Բ. Էվանսը, Ջ. Քոլթրեյնը և Ջ. Ք. Էդերլին «Kind Of Blue»-ի ձայնագրության օրերին
Հինգ գործ ընդգրկած «Kind Of Blue»-ում երկուսը՝ «So What»-ը և «Blue in Green»-ը Դևիսի և Էվանսի համատեղ աշխատանքն են: Խաղաղ ու խոհուն տխրությամբ «Blue in Green»-ը դարձավ ալբոմի ամենահայտնի կոմպոզիցիան:
Թեև կենտրոնական ձայնը Մայլս Դևիսն էր՝ բոլոր առումներով, և ալբոմի կայացման մեջ հիմնարար ներդրում արեց Բիլ Էվանսը, այնուամենայնիվ, այս ստեղծագործության կատարելությունը պայմանավորված էր սեքստետի բոլոր երաժիշտներով: Նրանցից ամեն մեկը անփոխարինելի էր՝ իր դերով, առանձնահատկությամբ և իր մեծությամբ: Լսեք Քոլթրեյնին և անմիջապես կհամոզվեք դրանում: Նա թեպետ այդ ժամանակ դեռևս բավականաչափ հայտնի չէր, բայց արդեն սկսել էր հստակ ուրվագծել ջազի բազմաշերտ ներդաշնակության ապագա հսկային: «Մայլսի երաժշտությունն ինձ ցույց տվեց ազատության անսահման մեծությունը»,- ասել է երաժիշտը: Երկու տարի անց նա ևս դուրս եկավ խմբի կազմից և հիմնելով սեփական քառյակը՝ ազդարարեց իր նոր ու նորարարական մուտքի մասին: Քոլթրեյնի անհատականությանն ու գործունեությանը մենք արդեն անդրադարձել ենք, ուստի այս խորագրում այսքանով կեզրափակվենք:
«Kind Of Blue»-ն Ջ. Քոբբը տարիներ անց անվանել է երկնքում ձայնագրված ալբոմ: Այն իմպրովիզացիոն հիմքով եղանակային էսքիզների մի աննման շարք է, որտեղ այդ էսքիզը գծագրող երաժիշտներից ամեն մեկն ինքն էր սահմանում գծի ուղղությունն ու չափը: Դևիսը նոտաների ու երաժշտական հստակ կանոնների փոխարեն երաժիշտներին ներկայացրել էր իր բանաձևը՝ հավաքական ազատություն, որը պիտի ստեղծվեր ոչ թե ակորդների ներդաշնակության, այլ մեղեդային տատանումների մեջ: «Ակորդների բացակայությունը ավելի է մեծացնում ազատությունը և տարածություն բացում լսելու համար,- ասում էր նա:
Լուսանկարներում՝ Մ. Դևիս, Ջ. Քոբ
Դևիսյան գլուխգործոց, բոլոր ժամանակների լավագույն ալբոմներից մեկն ու ամենավաճառված ձայնագրությունը ջազի աշխարհում. այսպիսին են «Kind Of Blue»-ի բնութագրումները: Դրանց մշտապես ավելանում է ևս մեկը՝ ամենաազդեցիկը, որը ներառում է երաժշտության տարբեր ժանրեր ու ոճեր՝ տարբեր, ոչ միայն ուղղությամբ, այլև սկզբունքներով…
«Երաժիշտների համար այն միշտ ավելին է եղել, քան միայն գեղեցիկ երաժշտություն լսելը,- ասում է Ջ. Քոբբը,- չնայած՝ այն հենց այդպիսն էլ կար` գեղեցիկ: Բայց ալբոմը նաև «ինչպես»-ի մասին է. իմպրովիզացիոն ուղեցույց, որը երաժշտին ցույց է տալիս, թե ինչպես պետք է ստանալ այն մաքուր մեղեդին, որը շատ անգամ ստվերվում է մատների էժանագին վազքի ու «հիփ» ակորդների փոփոխության արանքում: Սակայն կարևոր չէ, թե որքանով է այս նրբությունը հասանելի երաժշտին կամ ունկնդրին. «Kind Of Blue»-ն միշտ էլ ավելին ունի տալու: Եթե մենք այն շարունակում ենք լսել՝ նորից ու նորից, մեր ողջ կյանքի ընթացքում, ուրեմն միգուցե նրանից է, որ զգում ենք՝ այնտեղ դեռ ավելի ուրիշ բան էլ կա: Մի բան, որը մինչ այդ չէինք լսել: Իսկ միգուցե մեզ ուղղակի դուր է գալիս վճարել դեպի երկինք կատարվող մեր պարբերաբար այցելությունների համար»:
Գլխավոր լուսանկարը՝ «Rolling Stone» ամսագրից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել