
Որքան գումար է ծախսել Հայաստանը «Աստանա Էքսպո-2017»-ին ներկայանալու համար
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվում է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը։ Այսօր ցուցահանդեսի 56-րդ օրն է։
«Աստանա էքսպո 2017»-ը բացվել է հունիսի 10-ին։ Նախատեսված է երեք ամիս՝ մինչև սեպտեմբերի 10-ը։ Հունիսի 10-ին հայկական տաղավար է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը։
2015 թվականի ապրիլին, երբ Էկոնոմիկայի նախարարը Կարեն Ճշմարիտյանն էր, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որ Հայաստանը մասնակցելու է ցուցահանդեսին։ Շուրջ մեկ տարի անց՝ 2016-ի փետրվարին, որոշումը չեղյալ ճանաչվեց: «Խնդիրն այն է, որ օգուտների ու ծախսերի հաշվարկը վկայում է այն մասին, որ աննպատակահարմար է այս ցուցահանդեսին մասնակցությունը»,- ասաց այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Միանսյանը։ Իսկ ահա 2016-ի դեկտեմբերին կառավարությունը վերջնական նոր որոշում կայացրեց՝ մասնակցել։
Ցուցահանդեսի ՀՀ ազգային օպերատոր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից «Հետք»-ը հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսել Հայաստանը «Աստանա Էքսպո-2017»-ին ներկայանալու համար։ Ինչպես նաև՝ ինչ քայլեր են ձեռնարկվել ցուցահանդեսին ներկայանալու համար։
Հիմնադրամից տեղեկացրին, որ ցուցահանդեսին նախապատրաստվելու և ներկայանալու համար ծախսվել է 40 հազ. դոլար։ Այն հատկացվել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրված դրամաշնորհներից։
«Ցուցահանդեսի նախապատրաստման և մասնակցության համար Համաշխարհային բանկի համաձայնությամբ օգտագործվել են դրամաշնորհային միջոցներ 40 հազ. ԱՄՆ դոլարի չափով: Տաղավարի վարձակալության համար որևէ գումար չի ծախսվել, քանի որ Ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանին անվճար տրամադրել են 36քմ տարածք «Մետաքսի ճանապարհ» անվանումով մասնաշենքում, ուր տեղակայված են ևս հինգ պետությունների տաղավարներ»,- տեղեկացրին Հիմնադրամից:
Հաշվի առնելով այն, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «Ապագայի էներգետիկա» խորագրի ներքո, որի գլխավոր նպատակն է ներկայացնել աշխարհում վերականգնվող էներգիայի թեման, վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (Հիմնադրամ) նշանակվել է «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության Ազգային օպերատոր:
«Հայաստանի հավուր պատշաճի մասնակցությունն ապահովելու համար Հիմնադրամը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր։ Հայաստանի տաղավարի ստեղծման աշխատանքների համար ներգրավվել է մասնագիտացված ընկերություն Հայաստանից, որն իրականացրել է աշխատանքային այց ք. Աստանա, պատրաստել Հայաստանի տաղավարի գեղարվեստական ձևավորման կոնցեպցիա, որի ընդունումից հետո կազմակերպել դրա իրականացումը:
Հավաքագրել է Հայաստանի ներդրումների ընդհանուր կարգավորման դաշտին վերաբերող, ինչպես նաև էներգետիկ ոլորտի ներդրումային և ներգնա զբոսաշրջության դաշտի գրավչությունը ներկայացնող տեսա, տպագիր և այլ նյութեր, կազմակերպել դրանց տպագրական աշխատանքները»,- մեր հացմանն ի պատասխան՝ նշել է Հիմնադրամը։
Ստեղծվել է ինտերակտիվ էլեկտրոնային հարթակ՝ ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի տաղավարի այցելուներին տեղեկատվությունը պատշաճ ձևով ներկայացնելու համար։
Նախապատրաստական աշխատանքների համակարգման համար Հիմնադրամի ներկայացուցիչները գործուղվել են Աստանա և մեկ շաբաթվա ընթացքում համակարգել նախապատրաստական և տաղավարի գործունեությունն ապահովող աշխատանքները: Բացի այդ, իրականացվել է վերապատրաստում այն աշխատակիցների համար, որոնք աշխատում են Հայաստանի տաղավարում:
Նշենք, որ նախապես ցուցահանդեսի հայկական կողմի ազգային օպերատոր էր ընտրված Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Այնուհետև օպերատորի գործառույթը տրվել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին։
«Աստանա էքսպո 2017»-ին մասնակցում է 115 երկիր և 22 միջազգային կազմակերպություն։
Մեկնաբանել