HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարկ փողոցի անունը

Երբ օպերայի հրապարակում սկսվել էր մեր նաիվ ու հզոր շարժումը, ամեն օր մի նոր, զսպված պահանջ էինք բարձրացնում ու ավելացնում հիմնական պահանջին: Դրանց մեջ բոլշևիկների անուններով փողոցների վերանվանումն էր նաև: Հիշեցնեմ, որ մի պահ նաև սկսվեց ազգանունների թուրքական արմատների վերանայումը, դրանք թարգմանվեցին հայերեն կամ փոխվեցին ավելի մոտ ու ավելի հայի անուն ունեցող պապի անունով: Այն ժամանակ դա իրոք կարևոր էր թվում և կարևոր էր: Այն, ինչ յոթանասուն տարի արգելվել էր ու ստիպել էին՝ հիմա հնարավոր էր դառնում ջախջախել, ու դա մենք սիրով էինք անում և, իհարկե՝լավ էինք անում:

Հիմա ուզում եմ հիշել` երբ ավարտվեցին, պայմանականորեն անվանենք, կոսմետիկ փոփոխությունների պահանջներն ու վանկարկումները: Դրանք ավարտվեցին Սումգայիթից անմիջապես հետո, որովհետև ամեն ինչ լրջացավ: Մինչ այդ պահը մենք հասկանում ու բացատրում էինք իրար ինչ կարևոր է մարդասպանների անուններից ազատել քաղաքը, որովհետև դա մտածողության բաղկացուցիչ է, որովհետև եթե Կասյանի նման մեկի անունով Երևանի կենտրոնում փողոց կա՝ մենք չենք փոխվելու: Մենք դրանում համոզված էինք, որովհետև այն ժամանակ քաղաքացիները դեռ գիտեին` ով է Կասյանը և եթե դեռ նրա անունով փողոց կա, ուրեմն մենք դեռ սովետի մի մաս ունենք մեր մեջ ու չենք մերժել դրա պարտադրող ու նսեմացնող ազդեցությունը մեր ուղեղների վրա:

Երբ եղավ Սումգայիթը , ամեն ինչ մի երկար պահ լռեց: Որովհետև երբ սպանում են, գաղափարաբանությունն ինքնըստինքյան մոռացվում է: Արյունահոսող մարդու մոտ նրա վուլգար շպարը չեն քննարկում:

Հետո կամաց-կամաց սկսվեց պատերազմը: Գաղափարականն ուղղվեց ճակատ: Փողոցների անուններից ոչ ոք չէր խոսում, որովհետև մենք ամեն օր մեծ թվով զոհեր էինք տալիս:

Պատերազմը երկար տևեց ու այդ ընթացքում մենք շատ չոր դարձանք ու պակաս սենտիմենտալ: Կյանքն իր լրջությամբ պարտադրում էր մեծանալ:

Մենք մեծանում էինք: Պատերազմը ավարտվեց, մենք շատ զոհեր ունեինք ու հարաբերական անդորր: Մեր բանակում շատ ծանր հարաբերություններ ու բարքեր էին: Մեր երկրում շատ ծանր բարքեր էին: Ու մենք արդեն լավ մեծացել ու լրջացել էինք:

Մեր երկրում սպանություններ կային, բռնություն կար, առաջին մենաշնորհները, առաջին միահեծան իշխանությունը ու մենք էլ փողոցների վերանվանման մասին մտածելու համար այդքան անհոգ չէինք:

Հետո իշխանափոխություն էինք ուզում, չէր ստացվում, մեզ պատռում էինք առաջին կեղծված ընտրությունների համար: Չէր ստացվում: Մենք գնալով մեծանում, լրջանում ու արդեն հուսահատվում էինք: Կամաց-կամաց հուսահատվողները գնում էին երկրից՝ թողնելով չվերանվանված փողոցներն ու կասյան-աթարբեկյանների գոյությունը մոռացած:

Երկրում սարսափելի բաներ էին կատարվում: Երեք նախագահների օրոք մենք նաիվ, բայց հզոր ցույց անողներից դարձանք հզոր հուսահատվածներ՝ դառնալով սպանությունների, պետական կողոպուտի, խորտակվող տնտեսության, օրենքի ու իրավունքի մահվան վկաները:

2017-ի խեղդամահ ամռան կեսին այսքան կրքոտ վերադառնալ փողոցների վերանվանմանը՝ ինձ պարապությունը լցնելու «հավես» ձեռնարկ թվաց:

Ես  մեծացել եմ  առողջ հակասովետական ընտանիքում: Չէ, հայտնի դիսիդենտներ չէին ծնողներս, բայց երբ համադասարանցիներս հոկտեմբերիկ ու պիոներ էին, ես «Ամերիկայի ձայն» ու «Ազատություն» էի լսում հորս հետ՝ լինելով հոկտեմբերիկ ու պիոներ: Հետո ինձ տանը բացատրում էին, որ Լենինը հիվանդ սրիկա էր, որ բոլշևիկները տգետ ու քաղցած ամբոխ էին, որ նախնիներիս գնդակահարել են, որ հայ բոլշևիկներն ավելի սրիկա էին, որ այսինչի հայրը անձամբ է տանջամահ արել այնինչին և այսպես ես մեծացել եմ դժվար: Ես չգիտեմ լավ էր, թե` վատ, որ այդպես էի մեծանում, որովհետև հասակակիցներիս սկսում էի նայել որպես հիմարների, որոնք հերիք չի չգիտեն, չեն էլ ուզում լսել ու իմանալ` ինչը ոնց է եղել: Այսպես հարաբերություններ էին փոխվում: Մինչ եկավ ութսունհինգը, հետո՝ ութսունութը: Հիմա էլ ուզում էի ասել՝ ես էդ ամեն ինչը գիտեի ու կարդացել էի: Բայց արդեն իմաստ չուներ՝ բոլորը դիսիդենտ էին, բոլորն անկախություն էին ուզում ու արդեն անկախ էինք:

Ուզում եմ ասել, որ 2017-ի խեղդամահ անող ամռան կեսին Կասյանին, Աթարբեկյանին, առավել ևս Մյասնիկյանին այդպես կրքով հիշելը մի քիչ բեմադրած կիրք է: Մենք դա վաղուց ենք անցել, իսկ այն սերունդը, որը բոլորվին չգիտի էլ` ովքեր են Կասյանը, Աթարբեկյանը, նույնիսկ՝ Մյասնիկյանը, նրանց  մտածողության վրա հաստատ ոչ մի կերպ չի ազդելու, եթե տաքսու վարորդին ասեն. «Գնանք Կասյան»: Հաստատ: Խոստանում եմ՝ չի ազդելու:

Իսկ ես, անկեղծ ասած, կկարողանայի հանդուրժել անգամ Մուղդուսու անվան պողոտա Երևանում, եթե մի հրաշքով վերականգնվեր իրավունքը, օրենքը, դատարանն անկախ լիներ, դատավորը՝ գրագետ ու ազնիվ: Եթե դպրոցներում դասավանդեին ոչ թե թեթևակի գրագետ կանայք, որոնց պատկերացումն արժանապատվության մասին Արարատը հետ վերադարձնելու մտքից այն կողմ չի անցնում, պաշտոնյային ու իր ժառանգին քծնելը՝ կանացի սեթևեթանքի ատրիբուտ, ես իրոք կկարողանայի հանդուրժել Մուղդուսու անվան պողոտա, եթե քսանյոթ տարվա մեջ մեր տնտեսությունը հասած լիներ բավարար մակարդակի, աշխատավարձն արժանապատիվ լիներ, իսկ առողջապահության ոլորտը նախկին բոլշևիկյան երկրների մեջ լավագույնը, չէ՞ որ մենք խելացի էինք:

Ինչքան կարող էր խելագարվել մի երկիր, քանի շերտ անօրինություն պիտի լիներ ու ինչքան սուտ, որ տոհմիկ հակասովետականները դառնային սովետամետ, իսկ տոհմիկ սովետական նոմենկլատուրայի սերունդները երկիրը պաշտպանեին առաջիններից: Իմ մասին չէի ասում, ես սովետամետ չեմ, սովետից ես երկու անկրկնելի լավ բան եմ հիշում միայն՝ իմ պատանեկությունն ու ծնողներիս ջահելությունը:

Իսկ փողոցների անվանափոխության նախաձեռնությանը մաղթում եմ հաջողություն: Ես ապրում եմ Տերյան փողոցի վրա ու ամեն օր տնից դուրս գալիս առաջին միտքը, որ առաջանում է ոչ թե Տերյանի «Ախ դեռ հնչում է քնքուշ մուզիկը» բանաստեղծության սիրուն լինելն է, այլ դիմացի պատշգամբների տասնհինգ տարուց ավելի դատարկ լինելը:

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի

Մեկնաբանություններ (1)

Նորայր Պողոսյան
Լիովին համամիտ եմ։ Կեցցես, Լուսինե ջան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter