
Դատավորը թույլ չի տվել Կարո Եղնուկյանի պաշտպանին բողոքն ամբողջությամբ ներկայացնել
Ամալյա Մարգարյան
«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը և նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկում են դատախազության և քննչական մարմնի անգործությունը:
Այսօր կայացած նիստի ընթացքում ներկայացվող բողոքը կիսատ է մնացել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը նշեց, որ բողոքում ներկայացրել են, որ նախաքննության մարմինը, քննիչները խախտումներով են իրականացրել նախաքննությունը:
«Այն բոլոր փաստերը, որոնք ապացուցում են Եղնուկյանի անմեղությունը, չքացել է գործի նյութերից և չի տրամադրվում մեզ: Մենք հիմնավորում էինք ներկայացրել Եղնուկյանի անմեղության վերաբերյալ, որին որևէ պատասխան չէր տրվել: Նույնիսկ մեկ նախադասությամբ չէր ներկայացվել, թե ինչու են մեր փաստարկները ոչ հիմնավոր»,- հայտնեց Տ. Հայրապետյանը:
Փաստաբանը նշեց նաև, որ դատավոր Մարինե Մելքոնյանը թույլ չի տվել մինչև վերջ ներկայացնել բողոքը. «Նախագահողը չթույլատրեց մինչև վերջ շարունակել բողոքը, վատ էր զգում, որ այդքան խախտումների մասին խոսում եմ: Կարո Եղնուկյանն էլ հայտարարեց, որ պետք չէ բողոքը մինչև վերջ շարունակել, քանի որ նախագահող դատավորն արդեն որոշել է՝ ինչպես մերժել այն: Եղնուկյանը ասաց, որ ափսոս է ժամանակը, որը գործադրվում է»:
Փաստաբանը նշեց նաև, որ նիստին չի ներկայացել դատախազը, և չեն ներկայացվել գործի նյութեր: «Այն տպավորությունն էր, թե դատավորը ձևական նիստ է անցկացնում»,- խոսքն ամփոփելով` հայտնեց Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը բողոքարկում է այն հանգամանքը, որ նախաքննության մարմնի աշխատակիցները, ինչպես նաև դատախազությունը չեն հիմնավորում՝ ինչի մեջ է ինքը մեղադրվում:
Որոշումը կհրապարակվի օգոստոսի 25-ին` ժամը 15-ին:
Մեկնաբանել