
Քառյանները տեղափոխվել են Թումանյան. շուտով բնակարանամուտ կտոնեն
Մարինե Մարտիրոսյան
Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղում անասնագոմին կից հացատանն ապաստան գտած Մարատ Քառյանի ընտանիքը մեկ ամիս է, ինչ տեղափոխվել է Լոռու մարզի Թումանյան քաղաք, որտեղ նրանց համար տուն են գնել:
Թե՛ վայրը, թե՛ տունն ընտրել են Մարատն ու կինը՝ Արմինեն: Մարատն ինքը թումանյանցի է: Այստեղ է գտնվում նաև նրա հայրական տունը, որը, սակայն, ըստ Մարատի, կիսաքանդ է և պիտանի չէ բնակության համար:
4 երեխա մեծացնող Քառյանների ընտանիքի մասին «Հետքի» հոդվածից հետո Արմինե Չոբանյանի նախաձեռնությամբ դրամահավաք էր կազմակերպվել, ինչի արդյունքում 3000 դոլար և 105.000 դրամ էր հավաքվել: Գնված տան հարևանությամբ թոնրատուն, անասնագոմ, հողամաս կա:
![]() |
![]() |
Արմինեի հետ Թումանյան մեր այցի ժամանակ Մարատն Աթան գյուղում խոտհունձի էր, մեզ դիմավորեցին կինը, մայրն ու 4 որդիները: Տունը դեռ հոսանք ու ջուր չունի, սակայն այսօր Մարատի կինը մեզ հայտնեց, որ մի քանի օրից խմելու ջուր կունենան, իսկ մինչև սեպտեմբերի 4-ը՝ նաև հոսանք: Մինչ այդ ընտանիքն ապրում է թումանյանցի բարեկամի տանը:
Տղաներից ավագը՝ 5-ամյա Ռաֆայելը, միտքը չի փոխել, ուզում է անասնաբույժ դառնալ: 3-ամյա Կամոն ոտաբոբիկ է, ասում է, թե կոշիկ չունի, բայց Ռաֆոն հակադարձում է՝ ունի, բայց չի հագնում: 2-ամյա Գարիկն էլ ուշադիր հետևում է մեծերի զրույցին: Ամենակրտսերը մի քանի ամսական Էդուարդն է:
![]() |
![]() |
![]() |
Ընտանիքի հետ է ապրում նաև Մարատի մայրը՝ տիկին Ալվինան:
Արմինեն այսօր մեզ հայտնեց, որ ցանկանում է Ալավերդիում գործի ընդունվել. խանութում հավաքարարի տեղ կա:
Գլխավոր լուսանկարում՝ Գարիկն ու Կամոն
Մեկնաբանել