
Արագածավանի ստեղծագործ նախակրթարանն առաջնորդվում է նոր մեթոդներով ու սկզբունքներով
Մարինե Մարտիրոսյան
Ավտոլվացման կետի դիմացի մայթին՝ դարպասի վրա, գրված է «Թիվ 1 նախակրթարան»: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի միակ մանկապարտեզն է: Դարպասներից ներս ենք մտնում, երեխաները շղթայի պես ձգված նստել են, ակնդետ նայում են մեզ: Կասկածամտություն կա անծանոթներիս հանդեպ, բայց դա արագ անցնում է, երբ բարևում ենք: Խմբով վանկարկելով պատասխանում են՝ «Բա-րեւ ձե՜զ»:
Բակի ասֆալտը քայքայվել է, տեղ-տեղ փոշի է բարձրանում վազելուց, խաղահրապարակը մի քանի սահարաններն են: Քանդված ասֆալտը հակադրվում է այգուն: Երեխաները գնացք են խաղում, դաստիարակն ասում է՝ ձեռքով ողջունեք, մենք էլ ենք բարևում: Գունավոր գնացքն անցնում է այգով, ու դարձյալ հայտնվում բակում:
Աշխատակիցներից մեկին հարցնում ենք տնօրենի մասին, ասում է՝ մի քիչ սպասեք, հիմա կգա, հատակն է ներկում աշխատողների հետ:
Նախակրթարանի պատուհանները հիմնականում հին են, դրանցից մեկի ապակիների մեջ ծաղիկներ ու տերևներ են դրել, այդպիսով փորձել են քողարկել հին պատուհանը:
![]() |
![]() |
Երկար միջանցքի պատերին գունավոր կենդանիներ են՝ մի մասը նկարված, մյուս մասը՝ պենոպլաստից պատրաստված, ապա տարվա եղանակներով մեծ տիկնիկներն են ու միջանցքին կից դահլիճը: Տնօրենի սենյակի մոտ Նոյի տապանն է, կողքին՝ Նոյը: Այս ամենը տնօրենի նախաձեռնությամբ ստեղծել են աշխատողները: Ասում են՝ առանց ընկեր Մելքոնյանի, գործն առաջ չի գնում, նա բոլոր աշխատանքներին մասնակցում է:
Քիչ անց տնօրեն Ռուզաննա Մելքոնյանը մոտենում է մեզ, ներողություն խնդրում սպասեցնելու համար: Միջանցքի հատակը խճանկար են հավաքել ջարդված սալիկներով: «Այստեղ ամեն բան արվում է ստեղծագործ մոտեցումներով, հատակն էլ մեր նախաձեռնությունն է եղել»,- ասում է տնօրենը, ապա ուղեկցում իր աշխատասենյակ:
Բացի համակարգչային սեղանից, որ խանութից են գնել, տիկին Մելքոնյանն ասում է, թե մնացած գույքը պատրաստել են իրենք՝ փայտե սեղան, նստարան, կահույք: Փայտն էլ իրենց տնից է բերել: Երբ դեռ նախակրթարանը նոր էր բացվել, սպասքը, առաջին անհրաժեշտության իրերն էլ անձամբ ինքն է բերել:
«Սա մի մեծ ընտանիք է, այստեղ 10 դրամը չի կարող կորել, այն պետք է անպայման ծախսվի երեխաների համար»,- նշում է տնօրենը:
Նախակրթարանը հիմնվել է 2010-ին: Քանի որ գյուղը մեծ է, բնակիչները դիմել էին համայնքապետին՝ մանկապարետզ բացելու համար: Հայաստանի անկախությունից հետո այս գյուղում մանկապարտեզ գործել է կարճ ժամանակով: Շենքը, որտեղ այժմ տեղակայված է նախակրթարանը, մանկապարտեզի տիպային շենք էր:
Ռ. Մելքոնյանը պատմում է, որ դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ դաստիարակ է աշխատել նախկին մանկապարտեզում: Մասնագիտությամբ բանասեր է, տարիներ առաջ եղել է Արագածավանի երկու դպրոցներից մեկի տնօրենը:
Նախակրթարանի աշխատանքը սկսում է առավոտյան ժամը 10-ին, ավարտվում՝ 16-ին: Տնօրենն ասում է, որ հաստատությունը բացելիս իր առջև խնդիր էր դրել, որ այն պիտի տարբերվի սովետական մանկապարտեզներից: Օրինակ, ասում է, նախակրթարանում երեխաները չեն քնում, դրա փոխարեն հանգստի ժամ ունեն, խմբասենյակներում չեն ճաշում, այլ ճաշարան են գնում, իսկ մինչ ճաշում են, խմբասենյակներն օդափոխում են:
![]() |
![]() |
Նախակրթարանը 4-6 տարեկանների համար է: Ռ. Մելքոնյանի խոսքով՝ երեխաները չեն եկել նախակրթարան «բադիկ-բադիկ, ծիտիկ-ծիտիկ» սովորելու, համացանցի դարում, երբ նույնիսկ 4-5 տարեկաններն են կարողանում օգտվել համակարգչից, երեխաներին ժամանակակից մեթոդներով պետք է կրթել: «Այստեղ զարգանում են ստեղծագործ միջավայրում, որտեղ բարություն, խաղաղություն, զարգացում, շարժում կա»,- ավելացնում է նա:
![]() |
![]() |
Հիմա 180-ից ավելի սան ունեն, թեև նախորդ տարիներին 200-ից ավելի էր: Այս տարի դպրոց են ճանապարհել 51 հոգու, ընդունել 28-ին: Արտագաղթի ալիքը հասել է նաև նախակրթարան: Տնօրենը նշում է, որ բնակիչներն ընտանիքներով տեղափոխվում են Ռուսաստան, ինչը չէր կարող չազդել հաստատության վրա: Նախակրթարան հաճախում են թե՛ Արագածավանից, թե՛ հարակից գյուղերից: Ամսական վարձավճարը 4 հազար դրամ է:
Թե՛ տնօրենը, թե՛ աշխատակիցները նշում են, որ այն, ինչ կախված է իրենց ուժերից, անում են, գեղարվեստական նոր լուծումներ են տալիս շենքին, բայց կան խնդիրներ, որոնք չեն կարող լուծել: Առհասարակ խնդիրների մասին չեն սիրում խոսել:
![]() |
![]() |
Երբ նախակրթարանը նոր էր հիմնվել, USAID-ի ֆինանսավորմամբ մասմաբ շենքի տանիքն են փոխել, վերանորոգում են արել: Սակայն տանիքի մի մասը դեռ հին է, շենքն էլ առաջնահերթ ջեռուցման կարիք ունի: Դահլիճում վառարան են դնում, փայտ են վառում, իսկ խմբասենյակներում օգտագործում են էլեկտրական ջեռուցիչներ, ինչով շենքը համաչափ տաքացնել հնարավոր չէ: Հաջորդ խնդիրը նոր պատուհաններ ունենալն ու բակի բարեկարգումն է:
Նախակրթարանը համայնքին է պատկանում, Արագածավանի բյուջեից է ֆինանսավորվում, բայց նշված հարցերի լուծման համար համայնքային բյուջեից հատկացումները բավարար չեն:
Մանկապարտեզում ամենաբարձր աշխատավարձը տնօրենինն է՝ 80 հազար դրամ, աշխատակցիները հիմնականում ստանում են 46 հազար դրամ: «Սա մի մեծ ընտանիք է, որտեղ նվիրվածությամբ են աշխատում»,- նկատում է Ռուզաննա Մելքոնյանը, ապա ավելացնում, թե բոլորս շատ ենք սիրում քննադատել, սակայն մեծ աշխարհում փոփոխություն անելու համար մարդ պիտի սկսի իր փոքր աշխարհից: Նրա խոսքով՝ իրենց նպատակն «այս դժվար ժամանակներում խաղաղասեր ու բարի երեխաներ մեծացնելն է»:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել