
Քաջարանի երեխաների մազերի մեջ հայտնաբերվել է սնդիկի և մկնդեղի չափազանց մեծ քանակություն
"Հայաստանում իշխող ռեժիմի հիմնական գործառույթը կողոպտելն է:" Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:
Նա ասաց, որ 20 տարի առաջ իշխանությունները մտան ժողովրդի գրպանը, սեփակաշնորհման միջոցով անշարժ ու շարժական գույքը կենտրոնացավ մի քանի մարդու գրպանում: Այժմ այդ ռեժիմն անցնում է մեր ապագան վաճառելուն: Իշխանավորները շտապում են վաճառել այն, ինչ մնացել է, որվհետև գիտակցում են, որ հաշված ամիսներ են մնացել իրենց ռեժիմին:
Խոսելով Քաջարան գյուղում տիրող իրավիճակի մասին՝ Տիգրան Խզմալյանը նշեց, որ իրենք պահանջում են ոչ թե հանք չշահագործելը, այլ հանքը չշահագործել «այս կեղեքիչ ռեժիմի օրոք»: Հանքերի շահագործումից բավարար գումարները չեն մտնում պետբյուջե, այլ այդ ահռելի գումարները գնում են մի քանի մարդու գրպանը, իսկ ժողովուրդը ոչինիչ չի շահում: Հանրային գերակա շահ հայտարարված տարածքն իրականում այդ մի քանի մարդու շահն է, որոնք «մեր արյունն են խմում», իսկ հանրությունը չի ուզում ևս մեկ սահմանամերձ գյուղ կորցնել:
«Էկոլուր» ՀԿ-ի ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանը նշեց, որ իրենք պատրաստվում են նոր ֆիլմի միջոցով ներկայացնել Քաջարանում տիրող իրավիճակը՝ այն, ինչ մինչ այժմ փորձել են թաքցնել: Նա ասաց, որ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու ժամանակ հաշվի չի առնվել բնակչության կարծիքը, և հանրային լսումներ չեն կազմակերպվել: Այժմ Քաջարանը կանգնել է փաստի առջև:
Թեհիմինե Ենոքյանը նշեց, որ Քաջարանը միակ գյուղը չէ, և այդ տարածքում մոտ 600 հա հայտարարվել է հանրային գերակա շահ: Քաջարանի գյուղապետը բնապահպանների վերջերս կատարած այցելության ժամանակ ցույց է տվել այն սարերը, որոնք պետք է պայթեցվեն հանքը շահագործելու համար, իսկ այդ սարերի ստորոտում գտնվում են գերզմաններ, արոտավայրեր: Թ.Ենոքյանի խոսքով՝ գյուղացիները ոչ մի փոխահատուցում չեն ուզում, այլ ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն: Նրանք չեն ուզում թողնել իրենց հայրենի տունն ու նախնիների գերեզմանները:
«Թռչկան» քաղաքացիական նախձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը, ով նույնպես օրերս է այցել Քաջարան, ասաց, որ գյուղացիներն իրականում չեն էլ հավատում, որ փոխհատուցում կլինի: Եղիա Ներսիսյանի խոսքով՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը թշնամաբար էր տրամադրված բնապահպանների նկատմամբ. փորձել է հարվածել իրեն, սպառնացել է Մարիամ Սուխուդյանին, սակայն բնապահպանի համար նման պահվածքն առնվազն ծիծաղելի է: Տ. Խզմալյանը հավելեց, որ մարզպետն անգամ չի կարողացել գտնել գյուղի ճանապարհը. «Նա ավելի լավ է կողմնորոշվում «Մարիոթ» հյուրանոցում, քան սեփական մարզում»:
Այս ամենը բնապահպան-ակտիվիստները պատրաստվում են ներկայացնել իրենց կողմից պատրաստվող ֆիլմում:
Տ. Խզմալյանը խորհուրդ տվեց լսել Քաջարանի արդեն նախկին գյուղապետին, ով խոսում է որպես լուրջ քաղաքական գործիչ: «Սարդարապատի» նախաձեռնող խմբի անդամը համոզված է, որ գյուղապետն ավելի հասուն քաղաքական գործիչ է, քան ՀՀ նախագահը, նրա «եղունգի տակ ավելի շատ քաղաքական հասունություն կա, քան մեր ողջ քաղաքական էլիտայի՝ միասին վերցված»:
Տիգրան Խզմալյանի խոսքով՝ արդեն նախկին գյուղապետը գիտակցում է, որ չի կարելի պատերազմական իրավիճակում մարդկանց տարհանել իրենց բնակության վայրից: Բացի դրանից՝ «Էկոլուրի» մասնագետների տվյալներով՝ տեղի երեխաների մազերի մեջ հայտնաբերվել է սնդիկի և մկնդեղի չափազանց մեծ քանակություն, ու ծնողները չգիտեն՝ ինչ անել: Տ. Խզմալյանը հայտարարեց, որ «դանակն արդեն հասել է ոսկորին, հողը այրվում է մեր ոտքերի տակ», և իրենք ֆիզիկապես դիմադրելու են:
Ե. Ներսիսյանն էլ հավելեց, որ մի կողմից քաջարանցիները դիմադրում են, «հալալ է» նրանց, բնապահպանները «կանգնած են նրանց մեջքին», սակայն բնապահպաններն իրենց հայրենակիցների աջակցության կարիքն ունեն: Մյուս կողմից, Քաջարանը մեռած է, մարդիկ հուսահատ են, զոմբիացված, նրանց տալիս են փշրանքներ, և նրանք վախենում են կորցնել այդ փշրանքները: Այդ նույն վիճակում է ամբողջ ազգը: Բայց հայ ժողովուրդն ավելի պահանջատեր է, և եկել է ժամանակը այս ամենին ասել վերջ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել