HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԼՂ սահմանների նկատմամբ ագրեսիա լինելու դեպքում հայ-ռուսական միացյալ զորախումբը չի կարող միջամտել

Խորհրդարանում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրը։

Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, հղում կատարելով համաձայնագրի այն դրույթին, որ զորախմբով կովկասյան տարածաշրջանում անվտանգությունն է ապահովվելու, հետաքրքրվեց` Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների սահմանների նկատմամբ ագրեսիա լինելու դեպքում զորախումբը կարո՞ղ է որևէ կերպ միջամտել։

Արտակ Զաքարյանը հստակեցրեց՝ համաձայնագրի շրջանակներում միջամտություն կարող է լինել միայն ՀՀ-ի սահմանների նկատմամբ ագրեսիա լինելու դեպքում։

«Զորախմբի շրջանակներում կանխարգելիչ գործողություններ են լինելու ՀՀ-ի պետական սահմանների նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների վտանգի դեպքում»,- ասաց փոխնախարարը։

Արձագանքելով Արտակ Զաքարյանի պատասխանին` Աղվան Վարդանյանը հիշեցրեց` Լեռնային Ղարաբաղը ևս կովկասյան տարածաշրջանի մաս է։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց ՀԱՊԿ-ի մասին, որին անդամակցում է Հայաստանը, սակայն հարկ եղած դեպքերում այդ կառույցի կողմից որևէ միջամտություն չի եղել։

«Հայ հանրությանը և բոլորիս մի հարց է տանջում. երբ Տավուշի սահմանամերձ գյուղերը Ադրբեջանի կողմից գնդակոծվում էին, և որևէ ռեակցիա չկար ՀԱՊԿ-ի կողմից, եթե օրինակ այս համակարգը լիներ 2016-ի դեպքերի ժամանակ, կա՞ որևէ երաշխիք, որ այն գործելու էր»,- հարցրեց Փաշինյանը։

Պատգամավորը խնդրեց հստակեցնել՝ համաձայնագրով կանոնակարգվում են միայն հայ-թուրքակա՞ն սահմանին հնարավոր ագրեսիաները, թե՞ միջամտություն կարող է լինել նաև հայ-ադբեջանական սահմանի ուղղությամբ ագրեսիայի դեպքում։

Արտակ Զաքարյանի ներկայացմամբ՝ այս համաձայնագրով գործում է «մի փոքր այլ տրամաբանություն»․ «Այստեղ գործում է կոլեկտիվ անվտանգության համակարգ, որից կարող ենք օգտվել որոշակի ընթակարգերի պարագայում»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից չմիջամտելուն, փոխնախարարն ասաց, թե ՀՀ զինված ուժերն ինքնուրույն կարողացել են արձագանքել գնդակոծություններին ու կրակահերթերին, ինչի համար էլ միջամտություն չի եղել։

«Համաձայնագիրը խաղաղ ժամանակ պլանավորում է կողմերի սահմանների բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների իրականացումը, իսկ կոնկրետ իրավիճակում կարող է գործել տվյալ իրավիճակից բխող հանգամանքներից»,- ասաց փոխնախարարը։

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ խոսքը ոչ միայն ռազմական, այլ ռազմաքաղաքական միջամտության մասին է: «Այն համակարգերը, որի անունը դրել ենք անվտանգության, դիտորդի դերո՞ւմ են լինելու, թե՞ արձագանքելու են, եթե ռազմաքաղաքական միջամտություն չի լինում, որտե՞ղ է երաշխիքը, որ կլինի ռազմական միջամտություն»,- հարցրեց «Ելք»-ի պատգամավորը։

Արտակ Զաքարյանը միայն կրկնեց, որ երկու երկրների պետական սահմանների նկատմամբ ցանկացած ագրեսիայի դեպքում համաձայնագիրը գործելու է։

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հետաքրքրվեց` եթե ՌԴ-ում լինի «Մայդանի» կամ ՀՀ-ում «Սասնա ծռերի» նման գործողություն, համաձայնագրով կա՞ պարտավորություն` միջամտելու այդ դեպքերին: Պաշտպանության փոխնախարարը պատասխանեց, որ ըստ համաձայնագրի դրույթների՝ նախատեսվում են նաև ներքին ռազմական սպառնալիքների դեմ համապատասխան գործողություններ, եթե կողմերը գալիս են համաձայնության։

«Միակողմանի ներխուժում չի կարող լինել»,- հավելեց փոխնախարարը։

Գևորգ Գորգիսյանը խնդրեց հստակեցնել՝ օրինակ, եթե Չեչնիայում լինի ապստամբություն, այս համաձայնագրի շրջանակում Հայաստանը պարտավո՞ր է միջամտել, թե՞ ոչ։

«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար պլանավորում է լինում, որի վերաբերյալ կողմերն իրար ծանուցում են, թե օրինակ այդ գործողությունների համար ինչ ռազմական տեխնիկա է անհրաժեշտ, ինչպիսի զորախումբ և այլն, կողմերից յուրաքանչյուրն ինքն է իր համար գնահատական տալիս` անհրաժե՞շտ է իր մասնակցությունը, թե՞ ոչ»,- նկատեց Արտակ Զաքարյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ հարակից զեկուցող պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է հետագայում նման զորախումբ ստեղծվի նաև Ռուսաստան-Ադրբեջան պետությունների միջև։ Կորյուն Նահապետյանը ոչինչ չբացառեց՝ հիշեցնելով, սակայն, Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության, ռազմատեխնիկական համագործակցության և գործող ավելի քան 60 համաձայնագրերի մասին։

Հարցից հետո արտահերթ ելույթով արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ բացառելով ՌԴ-Ադրբեջան միացյալ զորախումբ ստեղծելու հավանականությունը։ Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներ են, Ադրբեջանն այլ դաշինքի անդամ է, որտեղ իր ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է։

Նկատենք, որ քաղաքական մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության պատգամավորներից որևէ մեկը հարցադրմամբ հանդես չեկավ, ինչի մասին էլ իր ելույթում խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Դիմելով ՀՀԿ-ական գործընկերներին` պատգամավորը զարմացած հարցրեց, թե արդյոք ՀՀԿ-ականները կարդացել են նման կարևոր համաձայնագիրը․ «Ձեզ մոտ որևէ հարց չի՞ առաջացել, թե՞ այստեղ եկել եք կոճակ սեղմելու»։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե մինչ ՀՀ-ում ուրախանում են ՌԴ-ից գնված «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերով, ՌԴ-ն վաճառում է Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգեր, որոնց մոտ «իսկանդերները խաղալիք են». «Վազգեն Սարգսյանի կողմից թողած տարածաշրջանում լավագույն բանակը Սերժ Սարգսյանի կողմից փոխարինվել է թղթապանակով»:

Հիշեցնենք, որ խաղաղ ժամանակ միացյալ զորախմբի հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Եթե հայկական բանակն իրականում «ուժեղ և մարտունակ» է,ապա ի՞նչու է հատկապե՛ս հայ-իրանական սահմանը ռուսների կողմից հսկվում: Մի՞թե այսքան ռուսահպատակ: Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները ռուսների կողմից հսկվելու պայմանագրերը կնքվել են 90-ականների սկզբին, երբ նորանկախ Հայաստանը (կանոնավոր) բանակ դեռ չուներ: Հայաստանն այսօր ազգային բանակ չունի՞: Ռուսների սիրտն այդքան եթե ցավում է, թող գնան Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին կանգնեն: Ռուսները ՏԻՐԱՑԵԼ են Հայաստանի սահմաններին ու իրենց տեր ու տիրակալ են զգում: Պերմյակովի գործը՝ վառ ապացույց: Իսկ այդ փշալարերը (հատկապես հայ-իրանական սահմանին) ռուսական գաղութացման սինվոլներ են՝ հային գաղութացման զգացումից դուրս չթողելու համար:
Վարազ Սյունի
Հայաստանը նախ Ռուսաստանի գաղութացումի՛ց պիտի ազատագրվի: Ռուսաստանը գաղութացրել է Հայաստանի տնտեսությունն ու քաղաքական դաշտը ու հիմա փորձում է ոչնչացնել Հայաստանի պետականության մյուս սինվոլները՝ բանակը,լեզուն և ազգային դրամը: Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ իշխանությունները ՀԱՅԿԱԿԱՆ գործոնն ուժեղացնելու փոխարեն (իրե՛նց աթոռները պահելու նպատակով) կրկին վազեցին դեպի Ռուսաստան՝ Հայաստանի «անվտանգությունն ապահովելու» խնդրանքով: Հենց սրա՛ համար սկսեցին հայկական բանակի մասեր հանձնել Ռուսաստանին: Պատմությունն արդեն բազմաթի՛վ անգամներ ապացուցել է,թե հայը ինչ ճակատագիր է ունենում,երբ իր ղեկը հանձնում է ռուսին: Գյումրու սպանդը իբր «մենակ» կատարած Պերմյակովի գործը հստակ ու կրկի՛ն մի բան ցույց տվեց. ռուսի հետ ցանկացած պայմանագիր թղթի վրա խզբզոց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter