HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջողության պատմություն. ողբերգությունից մինչև հաղթանակ

Գայանե Հովհանյան. «Ի՞նչ ենք անում մենք, որ արդարադատություն իրականացվի»

«Երազանքս մեկն է եղել՝ իմ հոր անմեղ արյունը չկորի: Նոր տարուն անգամ երազանք էի պահել, որ դատը շահեմ». Արարատի բնակչուհի, իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Հովհանյանի երազանքն իրականացել է. նա դարձյալ հաղթել է դատարանում:

Նրա հոր՝ Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքների վերաբերյալ քննության երկրորդ շրջանով անցած ու կասեցված գործը ենթակա չի եղել կասեցման: Վերաքննիչ դատարանը` Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, բեկանել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Թերևս, այս որոշմանը դարձյալ հետևի Արարատի բնակիչ Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքների գործով նոր քննություն: Սա այն դեպքում, երբ, ինչպես ինքը՝ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանն է ասում, շատ բարի կամեցողներ, անգամ իրավաբաններ իրեն խորհուրդ են տվել այլևս չբողոքարկել գործը: «Ինձ հավատացնում էին, որ մերժման որոշումն արդեն կայացված է, իզուր եմ նորից բողոքարկում դատարան, բայց այս անգամ էլ համառեցի, փորձեցի»,-ասում է հոր գործն ուսումնասիրած ու այդ գործի բացահայտման համար իրավաբանի մասնագիտությունն ընտրած տուժողի իրավահաջորդը:

Գայանեն ավելի քան 4 տարի փորձում է պարզել հոր մահվան իրական պատճառները: 2013թ. հունիսի 26-ին 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դին գտնվել է Արարատ քաղաքից 3 կմ հեռու մասնավոր այգում՝ ծառից կախված վիճակում՝ բռնության հետքերով: Մինչ օրս մահացածի դուստրը համոզված է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը սպանություն է, բայց որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:

Հիշեցնենք, որ «Հետքը» շարունակում է հետևել այս ողբերգական պատմությանը՝ ծանոթանալով գործի նյութերին, դատական վիճարկումներին:

Մայր ու դուստր Հովհանյանները

-Գայանե՛, հավատո՞ւմ էիք Ձեր հաղթանակին, երբ շուրջբոլորն, ինչպես Դուք եք ասում, համոզում էին Ձեզ, այլևս չպայքարել:

- Այո՛, բառացի ասվում էր, որ իմ դեմ բոլոր դռները փակվելու են: Բայց ես հավատում եմ մարդկանց, որոնք ինձ ուժ են տվել այսքան ժամանակ, հավատում ու տեսնում եմ, որ կան օբյեկտիվ դատավորներ, օբյեկտիվ լրագրողներ: Մեծ հավատով այս ամառ գնացի Արևմտյան Հայաստան, մութ էր, երբ հասանք Մհերի դուռ: Բոլորը մտածեցին իմ անձնական երջանկության համար եմ գիշերով բարձրանում Մհերի լեռան վրա: Բայց խնդրանքս արդարադատության վերականգնման մասին էր, իմ հոր մասին:

- Երբ տարիներ առաջ եկաք խմբագրություն, ծանոթացա գործի նյութերին, համոզվեցի՝ կարևոր փաստեր ինքնուրույն եք գտել, անգամ վկաների ցուցմունքների հակասությունները: Ինչպե՞ս էր հաջողվում:

-Եթե ճշմարտության հետևից ես գնում, դա նկատելի է: Իմ ներկայացրածը փաստական տվյալներ էին, այն, ինչ տեսել էի: Գոնե դրա համար փորձագիտական եզրակացություններ պետք չեն: Ու եթե 0,1 տոկոս համոզված լինեի, որ հայրս ինքնասպան է եղել, ինքս կձեռնարկեի այնպիսի միջոցներ, որ չբարձրաձայնվեր դեպքի մասին: Բայց քանի որ համոզված եմ հակառակի մեջ, փնտրում եմ արդարադատություն:


65-ամյա տուժող Գյանջիրով Հովհանյանը

-Արդեն երեք տարի է իրավագիտություն եք ուսանում: Ո՞րն է նպատակը:

-Մանկուց երազում էի դատավոր դառնալ: Բայց հորս մահը ինձ բերեց իմ կյանքի գործին: Ցանկությունս է լինել արժանի զավակ: Որոշում կայացրեցի՝ պետք է դառնամ իրավաբան, ապա՝ փաստաբան: Ընդունվեցի Մովսես Խորենացու անվան համալսարան: Եթե ավելի ազնիվ լինեմ, ֆինանսական խնդիրների պատճառով ընտրեցի առավել մատչելի ուսման վարձով բուհ: Մտածում էի՝ միգուցե իմ հոր գործի մեջ լինի մի ստորակետ, մի բազմակետ, որ քննիչը, դատախազը, դատավորը չեն նկատել: Գիտակցեցի, որ ես պետք է բացահայտեմ հորս մահվան գործը: Նպատակս այն է, որ լավ իրավաբան դառնալով՝ իմ պես անթիկունք մեկին նեցուկ լինեմ: Կիմանամ, որ կյանքս ուղղակի չեմ ապրել: Արդեն Արարատում փոքրիկ գործեր եմ անում, իրավաբանական խորհրդատվություն տալիս, ունեցել եմ նաև փոքր հաղթանակներ: Պատրաստ եմ անշահախնդիր կանգնել այն մարդկանց կողքին, որոնց նպատակը արդարադատությունն է: Ուզում եմ արդարությունը գործի: Վերջապես տեսնեմ, որ իմ հոր մահվան մեջ մեղավորները օրենքի առաջ ենթարկվեն համապատասխան պատժի:

-Երբ դատական սխալների հարցեր ենք բարձրացնում, երբեմն պաշտոնյաներից հակադարձում ենք լսում՝ մտածել եք արդյոք տուժողների մասին: Սակայն ինչպես Ձեր, այնպես էլ բազմաթիվ տուժողների իրավունքներ բազմիցս ոտնահարվում են: Ինչո՞ւ է այդպես:

-Արդարադատությունը մեզ մոտ, ցավոք, հիմականում ընտրովի է, որտեղ նժարը ծանր է, այդ կողմն էլ շրջվում է արդարադատությունը: Իմ բախտը երևի բերել է՝ ինձ են հանդիպել օբյեկտիվ, արդարադատ դատավորներ, բարեխիղճ փաստաբաններ: Շնորհակալ եմ այն բոլոր դատավորներին, նրանց աշխատակազմերին, որոնք տեսել են առողջ հատիկ իմ ու փաստաբաններիս ներկայացրած փաստերի մեջ: Շատ մեծ դեր ունեն նաև ԶԼՄ-ները, ուղենշային լուսաբանումները, քանի որ լսելի են դարձնում խնդիրը:


Գայանե Հովհանյանը դատարանում վիճարկում է քննիչի որոշումը

՞վ էր Ձեզ հուշում՝ ուր գնալ, որ դուռը թակել, չէ՞ որ սկզբում դեռ չէիք սովորում:

-Ես քայլում էի մենակ, հետևիցս՝ մի ծեր կին՝ մայրս: Անգամ փողոցները հարցնելով` գնում էի առաջ, ո՛չ քննչականների, ո՛չ էլ դատախազությունների տեղը գիտեի: Ցավն է երևի ինձ ուղղորդել: Իմ հոր բարի համբավն ինձ ուժ է տվել ամուր կանգնել երկու ոտքի վրա: Ես պարտավորված եմ զգացել գնալ, գտնել, թակել բոլոր դռները:

-Երբեմն քաղաքացիները չեն հավատում, որ իրենցից է հարցի լուծումը կախված, նահանջում են, կես ճանապարհից հետ դառնում:

-Այն, որ քաղաքացիները մտավախություններ ունեն, որ ամեն ինչ կանխորոշված է, քեռի-քավոր-սանիկական կապերով հարցերը լուծված են, չի բացառվում: Այլ հարց է, թե մենք ինչ ենք անում, որ արդարադատությունը վերականգնվի: Արդարադատության միշտ էլ դժվար են հասնում, երևի թե ամեն տեղ: Իմ օրինակով նայենք: Ոչ զանգող ունեմ, ոչ փող, իմ հետևից եկող չկա: Թվում է՝ արագ պիտի նահանջեի, համակերպվեի: Բայց միանշանակ պայքարելու կողմնակից եմ:


Վերաքննիչ դատարանի բակում՝ հաղթանակած

-Իսկ չնահանջելու համար ի՞նչ որակներ են պետք:

-Կամքի ուժ, հավատ, պետք է ունենաս ճշմարտությունը ապացուցելու բոլոր հիմքերը, հավաքես ապացույցները: Ասում են՝ երբ փողը վերջանում է օրենքը գործում է: Չեմ ուզում հավատալ այս սկզբունքին: Ուստի, խնդրում եմ՝ մի՛ նահանջեք, քանի որ այդպիսով դուք նպաստում եք, որ արդարադատությունը մնա կիսատ: Դուք եք որոշում Ձեր ճակատագիրը, օր ու գիշեր աշխատե՛ք: Փորձե՛ք, թակե՛ք դռները: Մի՛ վախեցեք, բողոքներ գրեք: Երբեք չեմ կարծել, որ արժե նահանջել: Ի վերջո, պաշտոնյաների ու մեր միջև տարբերությունը միայն իրենց աթոռն է:

Գործի մասին՝ ամփոփ

Տուժող Հովհանյանները ականատես էին եղել ավագ Հովհանյանի անհետանալուն նախորդող դեպքերին, երբ Արարատի քարի արտադրամասի (որտեղ որպես բանվոր աշխատում էր ընտանիքի հայրը) սեփականատիրոջ` Ասլան Ավետիսյանի որդիներ Նարեկ և Հովհաննես Ավետիսյանները ահաբեկել էին Գյանջիրով Հովհանյանին ու ողջ ընտանիքին՝ քարի արտադրամասից կատարված ենթադրյալ գողության համար: Սակայն Արարատի մարզի նախաքննական մարմինը, հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր քրեական վարույթը: Տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի ու նրա փաստաբան Գագիկ Մալխասյանի ջանքերով կարճման որոշումը բողոքարկվել էր դատական կարգով: Որոշումը վերացվել էր: Դատարաններն արձանագրել էին աղաղակող խախտումներ: Սկսվել էր նոր քննություն: Վարույթը դուրս էր բերվել Արարատի մարզից: Այն քննվում էր Երևանում` Քննչական կոմիտեում` ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի վարույթում: Սակայն ամիսներ անց քննիչը երկու որոշում էր կայացրել՝ քրեական հետապնդում չիրականացնելու և ինքնասպանության հասցնելու վարույթը կասեցնելու վերաբերյալ: Այս երկու որոշումներն էլ վիճարկվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, բայց դատարանը խախտում չէր տեսել: Մերժման որոշումն այս անգամ Գայանե Հովհանյանը վիճարկել է Վերաքննիչ դատարանում ու հաղթել: Բացի այդ, ներկայումս՝ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վեդիում,  լսվում է Գայանե Հովհանյանի բողոքը՝ հոր ստորագրությունների կեղծման վերաբերյալ:

 

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Շատ տխուր պատմություն։ : Օրհնվես Դու՛, Դուստր։ Հաջողություն Քեզ, Հայրիկիդ բարի անունը պաշտպանող, ու մեղավորներին գտնելու ու պատժելու գործում և ընդհանրապես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter