HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողի իրավահաջորդ. «Անտերին էլ տեր կա, փառք Աստծո»

Մոտ 2 տարի հոր մահվան առեղծվածը պարզելու համար պայքարող Գայանե Հովհանյանի ինքնազգացողությունն այսօր վատացավ Վերաքննիչ դատարանում, երբ դատավոր Սևակ Համբարձումյանն անցավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

«Հենց իմացավ, որ հայրը մահացել է, էս վիճակի մեջ ընկավ… Շտապ օգնություն կանչեք»,- ասաց Գայանե Հովհանյանի մայրը՝ տիկին Ժաննան՝ դիմելով Վերաքննիչ դատարանի կարգադրիչներին:

Շտապօգնության աշխատակիցները զննեցին Գայանե Հովհանյանին ու հանգստացնող ներարկեցին՝ ասելով, որ նյարդային սպազմ է: Բժիշկներն արդեն հեռանում էին, երբ ներս մտավ դատավորը որոշումը հրապարակելու:

Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը՝ մերժելով Արարատի դատախազության ներկայացրած բողոքը և ուժի մեջ թողելով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մասնակի բավարարվել էր Գայանե Հովհանյանի ներկայացրած բողոքը:

Որոշման եզրափակիչ մասը հրապարակելուց հետո դատավոր Սևակ Համբարձումյանը, դիմելով կողմերին, հարցրեց, թե գործի հետ կապված էր Հովհանյանը վատացել: Երբ լսեց, որ պատճառը գործի քնությունն է, պատասխանեց՝ դիմելով քննիչ Ավետյանին ու դատախազ Նիկողոսյանին. «Տեղին քննեիք գործը, որ իրենք էլ համոզվին՝ կա՞ այստեղ ինչ-որ մի բան, թե չկա»:

Գայանե Հովհանյանի ինքնազգացողությունը լավացավ միայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո: «Հետքի» հետ զրույցում նա խոստովանեց, որ չէր հավատում, թե դատարանը կմերժի դատախազության բողոքը: «Իմացել էի, որ Արարատի մարզի դատախազ Մելիք-Սարգսյանի հայրը Վերաքննիչ դատարանում դատավոր է, մտածում էի, թե ընտանեկան կապերը կազդեն, որ իրենց բողոքը բավարարվի»,- ասաց տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանը:  

Իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Մալխասյանի կարծիքով, Վերաքննիչ դատարանն այս անգամ իր բարձունքին մնաց. «Վերաքննիչը իր հերթին ևս արձանագրեց, որ այս գործով նախաքննությունը թերի է եղել, շատ հանգամանքների վրա լույս չի սփռվել: Նոր նախաքննության ընթացքում բողոքում նշված բոլոր հարցերը, կարծում եմ, իրենց պատասխանները կստանան»,- նկատեց փաստաբանը:

Գայանե Հովհանյանը մոր հետ

«Ուղղակի խոնարհվում եմ արդարադատության առաջ, որ անտերին էլ տեր կա, փառք Աստծո: Ես բոլորին կոչ եմ անում պայքարել, ունենալ չծախվող փաստաբան, ազնիվ լուսաբանում, ու կարծում եմ, որ կարելի է հասնել արդարադատության: Իմ նպատակը պարզապես իմ հոր բարի անունը բարձր պահել է: Հիմա նա չկա, բայց ուզում եմ, որ  վերևում հոգին խաղաղ լինի, իմանա, որ իր համար պայքարող կա»,-ասաց Գայանե Հովհանյանը՝ նշելով, որ չի ցանկանա, որ նոր քննությունը Արարատի մարզում լինի, նախկինի պես: Իսկ Գայանեի մայրը՝ տիկին Ժաննան օրհնում էր գործը լսող դատավորներին ու փաստաբանին: 

Հիշեցնենք, որ այս ողբերգական պատմությունը սկսվել էր 2013 թ.-ի հուլիսի վերջին օրերին, երբ Արարտի բնակիչ, 5 երեխաների հայր 60-ամյա Գյանջիրով Հովհանյանը տուն է եկել ծեծված, ապա թաքնվել հարևանի հողամասում՝ վախենալով, թե իր գործատուներ, տեղի քարի արտադրամասի սեփականատերեր Նարեկ ու Հովհաննես Ավետիսյանները ենթադրյալ գողության կասկածանքի համար սպառնացել են հաշվեհարդար տեսնել: Իսկ հուլիսի 25-ին Գյանջիրով Հովհանյանը դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել: Նրա դին հայտնաբերվել է Արարատից 3 կմ հեռու ծառից կախված վիճակում: Մարզի դատախազությունն ու նախաքննական մարմինը ի սկզբանե առաջ են քաշել ինքնասպանության վարկածը, մինչդեռ տուժողի ընտանիքը պնդում է, որ դա սպանություն է: Մահացածի դուստրը սկսել է իր սեփական հետաքննությունը, բողոքել տարբեր ատյաններ: Սկզբում նրա բողոքները մերժվել են: Բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել Արարատի մարզի դատախազ Հ.Մելիք-Սարգսյանը: Նախաքննական մարմինն ու դատախազությունը գտել են, որ Գյանջիրովին ո՛չ ինքնասպանության են դրդել, ո՛չ էլ սպանել: Այս որոշումների դեմ Գայանեն բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ մասնակի բավարարվել էր նրա բողոքը: Դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են և պարտավորեցրել վերացնել դրանք: Սակայն, այս որոշմանը համաձայն չլինելով, այս անգամ էլ Արարատի դատախազությունն էր (դատախազ Նիկողոսյան) բողոք բերել Վերաքննիչ դատարան՝ գտնելով, որ քաղաքացի Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, որ կատարվել է օբյեկտիվ քննություն, իսկ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ որպես Գայանե Հովհանյանի իրավունքների խախտում մատնանշված դրվագներն անհիմն են: Այսօր վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության այդ բողոքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter