HY RU EN

Արաքս Մամուլյան

Պավել Մանուկյան. «Զոհասեղանին կմեռնեմ, բայց պարտված հայացքով տուն չեմ գնա»

«Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր դատավարությունը հասցրեց այն փուլին, որին այս գործով նախորդ դատավոր Արտուշ Գաբրիելյանը շուրջ չորս ամիս չէր կարողանում հասցնել: Գործի նախապատրաստական փուլում Մակյանը քննարկեց դատավորին ինքնաբացարկի հարցը, ճշտեց ամբաստանյալների ինքնությունները, քննարկեց և լուծեց ամբաստանյալների տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների հետ կապված միջնորդությունները, ինչպես նաև լսեց մեղադրող կողմին բացարկ հայտնելու վերաբերյալ դատավարության կողմերի դիրքորոշումները:

Դատավոր Մակյանի վարույթում քննվում է «Սասնա ծռեր»-ի, այսպես ասած, պարագլուխների վերաբերյալ գործը: Այս գործով անցնող անձանց մեջ են արցախյան ազատամարտի հերոսներ, քաղաքական գործունեությամբ զբաղվող անձինք, ինչպես նաև անձինք, որոնք կամ վերջիններիս փաստաբանները առավել շատ ակտիվություն են դրսևորել «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունների ընթացքում:

Խոսքը ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի մասին է: Վերջին երկու անձինք մեղադրվում են նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների սպանության մեջ, և այս հանգամանքը ևս հաշվի առնելով` կարելի է «Սասնա ծռեր»-ի երեք գործերից այս գործը համարել ամենաբարդը:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման դեպքով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկու քրեական գործեր էին քննվում, որոնք գտնվում էին դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Տևական ժամանակ այս երկու գործերով դատական նիստերը գրեթե չէին կայանում. դատավորը զբաղված էր ամբաստանյալների և վերջիններիս պաշտպանների նկատմամբ սանկցիաներ կիրառելով, մինչև որոշում կայացվեց այս գործերից մասեր անջատել: Այս պահին մեկ գործ քննվում է Արտուշ Գաբրիելյանի, մեկ գործ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի և մեկ գործ՝ վերջերս Էրեբունու դատարան գործուղված Մեսրոպ Մակյանի վարույթում:

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել փաստաբաններ Արա Զաքարյանն ու Հայկ Ալումյանը: Վերջինս ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի միակ պաշտպանն է: Դատավորը ընթերցեց Ալումյանի կողմից դատարան ներկայացված դիմումն այն մասին, որ այլ դատական նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառով այսօր «Սասնա ծռեր»-ի գործին ներկայանալ չի կարող:

Ալումյանի բացակայության պայմաններում` դատավորը, շարունակելով նիստը, դատավարության կողմերից ճշտեց՝ արդյոք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ունեն, թե` ոչ: Փատաբան Լուսինե Սահակյանը բարձրացրեց հարցը, որ Ալումյանի բացակայության պայմաններում Սմբատ Բարսեղյանն անպաշտպան է մնացել, և նման պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել:

Մակյանը պարզաբանեց, որ  տվյալ  պահին դատարանում գտնվող դատավարության մասնակիցները իրավունք ունեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել, և դատարանը որևէ կերպ կաշկանդված չէ հետագայում`  Արա Զաքարյանի և Հայկ Ալումյանի ներկայանալու պայմաններում, նույն հարցը քննարկել:

«Դատարանը միայն քրեական դատավարության օրենսգրքով է  ղեկավարվելու և իրավունքի շահն է պաշտպանելու, բայց ես չէ, Տիկի՛ն Սահակյան, որ պետք է Ձեզ բացատրեմ, որ դատական քննության հետ կապված կան որոշակի իրավակարգավորումներ, և Ձեր ասածը, մասնավորապես, վերաբերում է դատական քննության ընդհանուր պայմաններին, երբ դատարանը որոշակի հարցերի առկայությամբ հետաձգում է գործի քննությունը: Իսկ մինչ դրան անցնելը դատարանը նաև պետք է որոշակի փուլեր անցնի, դատարանը պետք է  որոշակի իրավազորությամբ օժտված լինի»,- Լուսինե Սահակյանին դիմելով` ասաց դատավոր Մակյանը, ապա պարզաբանեց` որպեսզի կարողանա որոշակի հարցեր քննարկել, այդ թվում՝  հասկանալ, թե տվյալ ամբաստանյալը ցանկանո՞ւմ է արդյոք պաշտպան ունենալ, արդյոք նույն պաշտպանի՞ն է ցանկանում ունենալ, թե` ոչ, նախ պետք է ծանոթանալ ամբաստանյալների և վերը նշված հարցերի վերաբերյալ վերջիններիս դիրքորոշումների հետ:

Ապա դատավորը Բարսեղյանին նույնպես հավաստիացրեց, որ ինքը թույլ չի տա, որ դահլիճում որևէ անձի իրավունք խախտվի:

Դատավորին ինքնաբացարկ չհայտնվեց, բայց ամբաստանյալները, օգտվելով այդ հարցի վերաբերյալ արտահայտվելու իրենց իրավունքից, քաղաքական հայտարարություններ հնչեցրին:

Սմբատ Բարսեղյանը դատավորին հարցրեց, թե արդյոք վերջինս տեղյա՞կ է, որ Հայաստանում իշխանությունը յուրացված է:

Գագիկ Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ դատավորի կանխակալ վերաբերմունքը երևացել է այնտեղ, որ նա թույլատրել է տեսակցությունները միայն մերձավոր ազգականների հետ:

«Եթե իմ քույրն իր երկու անչափահաս երեխաներին բերում է տեսակցության, քրեակատարողականի ղեկավարությունը կանգնում է երկընտրանքի առաջ, թե որտեղ թողի իր երեխաներին, որպեսզի գա՝ ինձ տեսնելու»,- ասաց Եզիազարյանը՝ նկատի ունենալով, որ, օրինակ, ամբաստանյալների քույրերը կամ եղբայրները համարվում են մերձավոր հարազատ, սակայն նրանց երեխաները՝ ոչ:

Դատավոր Մակյանը նշեց, որ ինքը չի կարող իմանալ, թե ամբաստանյալներից ով ինչ ազգական ունի, և նրանք այս կամ այն ազգականին տեսակցելու համար պետք է համապատասխան միջնորդություն ներկայացնեն, և դատարանը քննարկի այդ հարցը:

Պավել Մանուկյանը նշեց` այն հոդվածներով, որով այսօր դատարանում մեղադրվում է, դատապարտվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:

«Երբ առաջին անգամ զենք եմ վերցրել,  ի շահ ճնշված իմ ազգի եմ վերցրել, և առ այսօր իմ ժողովրդի վիճակը չի փոխվել, որի համար մենք նորից` որպես նրա զինվոր, բարձրացանք զոհասեղանին... դուք պետք է մեզ դատարան կանչեիք` ցեղասպանւթյունը կանխարգելելու փորձի համար»,- դատարանին դիմելով՝ ասաց Պավել Մանուկյանը:

Վերջինս դատավորին շնորհակալություն հայտնեց, որ իրենց «ամբաստանյալով» չի դիմում, նշեց, որ իր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ դատավորը մտահոգությունը ևս  ինքը տեսնում է, բայց միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակում «օրենքը չի խոսում»:

«Երբ ես տնից հրաժեշտ եմ տվել և դուրս եկել, դուրս եմ եկել՝ հաղթանակով հետ գալու, ոչ թե պարտված հայացքով: Իմ կինն ինձ պարտված հայացքով տեսած չկա: Հիմա էլ ես զոհասեղանին կմեռնեմ, բայց պարտված հայացքով տուն չեմ գնա: Ես ուզում եմ, որ մենք ունենաք մեկ արդարադատ դատավոր, որից իշխանությունը վախենում է, իսկ ժողովուրդը՝ հարգում»,- դատարանին դիմելով` ասաց Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ այդ արդարադատ դատավորը հենց նախագահողն է լինելու:

«Հայաստանի Հանրապետությունում հանցագործները զավթել են պետությունն ու այն վերածել իրենց հանցագործությունների գործիքի»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանն ու նշեց, որ ինքը չի կարող որևէ դատավորի, այդ թվում՝ նախագահողին որպես դատավոր ընդունել:

«Դուք դատավոր չեք, այլ հաշվահարդարի գործիք, և սա դատավարություն չէ, այլ հաշվեհարդար է: Իսկ մենք ապստամբություն ենք բարձրացրել, որը քրեական որևէ օրենքի հետ առնչություն չունի»,- դատարանին դիմելով՝ ասաց Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքի ընթացքում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին խնդրեց սահմանափակել նրա խոսքը, ինչը դատարանը չարեց:

Երկրորդ անգամ Պետրոսյանը հանդես եկավ` Արայիկ Խանդոյանի խոսքը սահմանափակելու առաջարկով:

«Ես խնդրում եմ, որ էգերին թույլ չտաք, որ մեր ձայնը կտրեն, աղջիկ ջան, ձայնդ կտրի, երբ տղերքը խոսում են»,- ամենայն հավանականությամբ դատախազին նկատի ունենալով՝ ասաց Արայիկ Խանդոյանը: Վերջինիս խոսքերից հետո դատարանում իրավիճակը լարվում էր, երբ Պավել Մանուկյանը խնդրեց ընդմիջում հայտարարել, իսկ ընդմիջման ավարտից հետո Արայիկ Խանդոյանն այլևս ոչինչ չասաց:

Դատարանն այսօր կողմերին հորդորեց միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, ապա անցավ ամբատանալների ինքնությունները ճշտելուն: Պավել Մանուկյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության կողմից դատվածություն չունի, բայց շուտով կունենա:

«Չեք իմանա»,- արձագանքեց դատավոր Մակյանը: Երբ դատավորը հարց ուղղեց Մանուկյանի երեխաների վերաբերյալ, վերջինս պատսխանեց՝ «երկու զավակ ունեմ և մեր ձեռքը կրակն ընկած մի կին»:

Արայիկ Խանդոյանը հայտնեց, որ նախկինում ապրել է Ծաղկահովիտ գյուղում, իսկ այժմ՝ «Սովետաշեն» քրեակատարողական հիմնարկում: Վերջինս ասաց, որ 5 երեխա ունի:

«Հի՞նգ»- ճշտող հարց տվեց դատավոր Մակյանը:

«Այո, հինգ, զարմանո՞ւմ եք»,-պատասխանեց Խանդոյանը, և դատավորը նշեց, թե ուրախանում է:

«Որ թողեիք, մեկն էլ կունենայի»,- շարունակեց Արայիկ Խանդոյանը:

Այսօրվա դատական նիստին Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ նշելով, թե վերաքննիչ դատարանում մեկ այլ դատական գործի շրջանակներում դատախազը հայհոյել է Խանդոյանին, և նրա նկատմամբ ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ունի: Դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց և կլուծի այսօր դատարան չներկայացած Հայկ Ալումյանի ներկայությամբ:

Դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ այսօրվա նիստին ևս փաստաբան Մուշեղ Շուշանյանին դատական կարգադրիչները թույլ չտվեցին պայուսակով մուտք գործել նիստերի դահլիճ: Փաստաբանը դարձյալ ստիպված եղավ պայուսակը թողնել մեքենայի մեջ: