
«Սպասեմ՝ մոշը երբ պիտի հասնի, որ կարենամ պահեմ ըրեխեքին»
Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան
Ալավերդու հարևան Աքորի գյուղի տներից վառարանների ծուխն անշտապ բարձրանում է: Անցուդարձ գրեթե չկա գյուղի սկզբնամասում: Լռությունը գյուղ է մտել: Ճանապարհի աջ կողմում գորշ տնակներ են: Դեղնավուն ծառերի միջից ձայները հասնում են մեզ: Այգում շիկահեր երկու գեղեցկուհիներ ընկույզ են հավաքում: Դժվար է ջարդվում: Հարևան կինը, երեխաներին նայելով, ասում է, թե լավ բանը գետնին ընկած չի լինի: Երեխաները շարունակում են ընկույզ ջարդել, ընկույզը փշրվում է, միջուկը կեղևի պատերին այնպես է կպել, որ ամբողջապես հանել չի լինում:
Տնակի մոտ երեխաների մայրը՝ Ստելլան է կանգնած: Ձայն է տալիս մեզ, թե ովքեր ենք, ինչ ենք փնտրում գյուղում:
Դրսում ցուրտ է: Տնակում վառարան է վառվում: Ներսի տաքությունը հաճելի է: Վառարանի մոտ Ստելլան արքայանարնջի չիր է կախել:
Տնակը երեք փոքր հատվածների է բաժանված՝ փոքր ննջասենյակը, հյուրասենյակ-նախամուտքը և խոհանոցը: Այս փետրվարից Ստելլան երեք երեխաների հետ ապրում է տնակում: Հարևաններից մեկինն է, ժամականավոր է տվել ընտանիքին:
Ստելլան ասում է, թե ամեն կերպ փորձում է հարմարավետ ու գեղեցիկ դարձնել տնակի ներսը: Դետալներ կան, որոնք չեն կարող աչքիցդ վրիպել. կաթնագույն ու սրճագույն վարագույրների կախված ձևը, արդուկած ու մաքուր սրբիչները՝ վառարանի մոտ:
Ստելլա Վարդևանյանը 32 տարեկան է: Տնակում ապրում է երեք երեխաների հետ՝ 10-ամյա Սուսաննայի, 7-ամյա Մարիամի ու 2 տարեկան Կարենի: Վերջինս քնած է հարևան սենյակում, մենք ցածրաձայն ենք խոսում:
Ստելլայի ժպիտի տակ թաքնված դառնություն կա: Որդուն ամուսինը չի տեսել: Ասում է՝ Կարենը դեռ չէր ծնվել, հղի վիճակում ամուսնալուծվեց: Ամուսինն աշխատում էր Ռուսաստանում: «Արտերկիր գնաց, էլ չեկավ, չեմ հիշում, թե երբ, Կարենը դեռ չէր ծնվել բրախեց, գնաց»,- ասում է 32-ամյա կինը: Տխրությունը սահում է դեմքից, Ստելլան հոգոց է հանում, վառարանում փայտի ճարճատյունն է լսվում: Անձնական հարցեր չենք տալիս, Ստելլան, սակայն, չի խուսափում պատմելուց: Ասում է՝ եթե ամուսինը վերադառնա էլ, այլևս չի միանա նրան: Անցած տարի լսել էր, որ ամուսինը երկրորդ կնոջից էլ է բաժանվել:
Մինչ տնակ տեղափոխվելը երեխաների հետ ապրում էր հայրական տանը: Սակայն այնտեղ նպաստ չէր կարող ստանալ: «Երեխաների նպաստը չէի կարողանում ստանալ: Ասել էին, որ գրանցված մարդիկ կան, բալերս չէին հերիքում»,- բացատրում է 32-ամյա կինը:
«Երկու տարի նպաստը չստացա, հետո մորական տատիս տանը գրանցվեցի, ծեր կին էր, 7 ամիս ստացա, հետո բրախեց, գնաց, բանալի չունեի, որ ապրեմ էնտեղ, ծնողներիս տուն գնացի, «Փարոսից» իմացան, որ էնտեղ չեմ ապրում, 3 ամիս էլ էդտեղ կտրեցին»,- ասում է Ստելլան:
Մարիամը
Ամսական 38 հազար նպաստ ու Կարենին տրվող 25 հազար դրամն է ստանում: Երրորդ երեխայի ծնվելուց հետո պետությունը 1 միլիոն դրամ է հատկացնում, որի կեսը կանխիկ է տալիս, իսկ մյուսը որպես դրամագլուխ փոխանցվում է բանկային հաշվեհամարի: Հիմա հնարավորություն կա այդ դրամագլխից ամսական մինչև 25 հազար դրամ ստանալ: Ստացած գումարով Ստելլան պարտքերն է փակել: Նրա եղբայրներն աշխատում են Ռուսաստանում, օգնում են քրոջ ընտանիքին, բայց Ստելլայի խոսքով՝ իրենք էլ պիտի ամուսնանան, ընտանիք կազմեն, մինչև ե՞րբ պիտի իրենց օգնեն:
3 երեխաների մայրն ասում է, որ աշխատանք չունի, բայց շատ է ուզում աշխատել: Ամռանը մոշի ու հոնի է գնում անտառ: Օր է լինում, որ 6-7 հազար դրամի մոշ ու հոն է քաղում: «Ի՞նչ անեմ, ո՞ւմ է հաճելի, որ 2 տարեկան էրեխին 10 տարեկանը պահի: Եկել տեհել եմ՝ դե էրեխեք են, չեն կարողացել ճաշ պատրաստել, ցամաք հացով են յոլա գնացել: Ձմեռվա համար պահածոներ եմ արել, թեկուզ ցամաք հացը նպաստից ըլնի, էդ էլ հետը»,- ասում է Ստելլան: Ամեն նպաստ ստանալիս 13 հազար դրամով 1 խմ փայտ է գնում, բայց հազիվ է հերիքում:
Ասում է, որ երեխաները պահանջկոտ չեն, ամեն ինչին հարմարվում են: «Մեծ ըրեխեք են, հասկանում եմ, բայց հարմարվող են, պահանջկոտ չեն թե՛ ուտելիքի, թե՛ հագնելիքի տեսակետից: Պարտադրանք չեն դնում ուրիշ ըրեխեքի պես»,- նշում է երեք երեխաների մայրը:
Սուսաննան
Սուսաննան լավ է սովորում, քանոնի դասերի է գնում: Մոխրագույն փափուկ շորի մեջ կծկվել է, ասում եմ՝ ցո՞ւրտ է, ժպտում է, թե՝ չէ: Քչախոս է: Երբ խոսում էինք երազանքներից, ասում է, որ քանոն է ուզում ունենալ: Հետո Մարիամի հետ շարունակում է ընկույզ ջարդել:
Ստելլան ասում է, որ հույս չունի, թե աշխատանք կգտնի, կամ իրենց կյանքում մի փոփոխություն կլինի: «Սպասեմ՝ մոշը երբ պիտի հասնի, որ կարենամ պահեմ ըրեխեքին, թե չէ ոչ մի բան չի փոխվի»,- զրույցը եզրափակում է 32-ամյա կինը:
Հարևանի կովերը, քարե պատնեշը քանդելով, ներս են մտնում հողամաս, քարերը թափվում են, Մարիամը, հետո՝ Սուսաննան վազում են դեպի կովերը, որ չթողնեն հողամաս մտնեն: Ստելլան ասում է՝ սա էլ որերորդ անգամն է, որ անասունները քանդում են քարերով հավաքած պարիսպը: Հրաժեշտ ենք տալիս, ասում ենք՝ դե գնանք: Ստելլան ասում է՝ բա գնացեք, հո էստեղ չեք մնալու: Ծիծաղում ենք: Քիչ անց ավելացնում է՝ ամռանն էստեղ գեղեցիկ է, եկեք, մնացեք:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել