
ԵՊՀ-ում ուսանողները հացադուլ են հայտարարել
Նելլի Պետրոսյան
Երևանի պետական համալսարանի 5 ուսանող անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրանց շարքում է նաև «Հանուն գիտության զարգացման» շարժման առաջնորդ Դավիթ Պետրոսյանը:
«Նրանք դա անում են լսարանների ներսում` ապացուցելու համար, որ մենք մեր ակցիան համալսարանում ենք անցկացնելու: Անում են, որ ապացուցեն` իրենք դասալիքներ չեն: 5-ից 4-ը ծառայած տղաներ են: Նրանք էս քայլով ուզում են ցույց տալ, որ սա բանակից խուսափողների ակցիա չէ»,- նշեց շարժման անդամ Վահան Կոստանյանը:
Անվտանգության աշխատակիցները ԶԼՄ ներկայացուցիչներին դուրս հրավիրեցին համալսարանից` մեկնաբանելով, թե նրանց ներկայությունը խանգարում է դասապրոցեսին:
«Մենք պրոռեկոտրի հետ մոտեցանք, փորձում էինք հասկանալ ուսանողների` նման ծայրահեղ քայլի դիմելու մոտիվացիան, բայց մեր առջև դուռը չբացեցին»,- հայտնեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանը:
Հացադուլ հայտարարած ուսանողները պատրաստակամություն հայտնեցին հանդիպել լրագրողների և համալսարանի ղեկավարության ներկայացուցիչների հետ, սակայն ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց. «Արդեն իրենք են թելադրում` համալսարանում ոնց կազմակերպել գործընթացները: Դավիթն արդեն ինքն է որոշում` ոնց անցկացնել դասերը, քաղաքական ակցիաները կազմակերպել շենքերի ներսում: Իրենք հիմա խանգարում են դասապրոցեսին»:
Կարեն Գրիգորյանի համոզմամբ` լրատվամիջոցները շատ են շահարկում այն պնդումը, թե համալսարանում դասերի բնականոն ընթացքը խաթարված է. «Դուք կարող եք այցելել ցանկացած ֆակուլտետ, և մեր հասարակությունը իմանա, որ դաս անում են»:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` հացադուլ հայտարարած ուսանողներն այս պահին որոշել են դուռը չբացել` մտավախություն ունենալով, որ իրենց հանդեպ կարող է կամ ուժ կիրառվել, կամ տապալվել բանակցային գործընթացը. «Ներսում մենք ունենք ներքնակ, ջուր, անձեռոցիկ, հեռախոս, ինտերնետ, որպեսզի կապ պահպանենք մեր համախոհների հետ»:
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 14-ին, մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Ուսանողները դասադուլ են անցկացնում` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Նրանք հանդիպում են ունեցել վարչապետի, ՊՆ և ԿԳ նախարարների հետ, սակայն արդյունքը գոհացուցիչ չի եղել: Ազգային ժողովի նիստի չեղարկումից հետո դասադուլավորները մինչ այժմ շարունակում են իրենց պայքարը:
Մեկնաբանել