
«Կաշվից դուրս գալով էլ՝ էրեխու համար պիտի անես»,- ասում է իր և կնոջ երեխաներին մեծացնող Միշան
Մարինե Մարտիրոսյան
Փայտյա կանաչ տնակի վրա գրված է «Վաճառվում է»: Դարպաս չունեցող տնակը փողոցից բաժանված է «շիֆերից» ցանկապատով: Հողամասն այնքան կոկիկ է, կարծես, ավլած լինեն: Աջ անկյունում հավ ու ճագար են պահում: Հեռվում նոր մարգեր են: Հողամասում հիմնականում աշխատում է ուկրաինուհի Տանյան, ասում է՝ մի քանի օր առաջ սխտոր է տնկել, ամուսինն էլ՝ նոր ծառեր՝ դեղձենի, ծիրանենի, խնձորենի: Հողագործությամբ զբաղվելը Տանյայի հանգստի ձևերից է, բացի դրանից, ասում է, որ նաև օգուտ է տան համար:
Տնակի մուտքի մոտ դրված կոշիկներից կարելի է հասկանալ, որ Տանյան մաքրասեր է: Ասում է՝ կարևոր չէ, թե մարդ ինչ պայմաններում է ապրում, տունը, բակը միշտ մաքուր պիտի լինեն: Օրինակ, հիշում է, երբ այս տնակ էին տեղափոխվել, պաստառապատեցին, իսկ կողքից ասում էին, թե իր ինչին է պետք: «Երեխաներս սովոր են մաքուր միջավայրում ապրելուն, գոնե գեղեցիկը տեսնեն»,- նկատում է մայրը:
Տնակում ոչ ջուր, ոչ էլ հոսանք կա: Հարևաններից են օգտվում: Տանյայի ամուսինը՝ 37-ամյա Միշա Կարախանովը, ցույց է տալիս հարևան տունը, որտեղից հոսանք են բերել տնակ: 29-ամյա Տանյայի համար էլ հեշտ չէ ամեն օր ջուր կրել ճաշի, լվացքի, լողանալու համար: Հաշվարկել է՝ մոտ 180 հազար դրամ է անհրաժեշտ ջուր ունենալու համար:
Միշայի ու Տանյայի ընտանիքը բնակվում է Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Մինչ այս տնակ տեղափոխվելը, երկու տարուց ավելի վարձով ապրել են դիմացի տանը, հետո տանտերերը մեկուկես ամիս ժամանակ են տվել, որ դուրս գան: Հարևաններից մեկն ընդառաջել է. փայտյա տնակը հողով վաճառել է Միշայենց: Միշան վարկ է վերցրել, որը մինչև հիմա մարում են:
Հիմա նրանց գլխավոր խնդիրը ջուր ու հոսանք անցկացնելն է: Միշան ասում է, թե բողոքելու, դժգոհելու սովորություն չունի, մտածում է, թե մի օր էլ իրենց կյանքում ամեն բան լավ կլինի: «Ամեն առավոտ, որ զարթնում եմ, ասում եմ՝ փառք աստծո, էրեխեքս սոված չեն: Ծնողի պարտականությունն է, կապ չունի, կաշվից դուրս գալով էլ՝ էրեխու համար պիտի անես»,- ասում է հայրը: Սրտի անբավարարություն ունի, բայց հիվանդանոց չի ցանկանում գնալ, ասում է՝ էնպիսի ախտորոշում կանեն, որ կվախենա:
Միշայի ընտանիքն Ադրբեջանի Խանլար քաղաքից է: 4 երեխա էին: 1989-ին Երևան են տեղափոխվել: Սկզբից բնակվել են մորաքրոջ տանը, հետո որպես փախստական բնակարան են ստացել: Պատմում է, որ զինծառայությունից հետո ինչ աշխատանք ասես արել է՝ անվտանգության աշխատակից, վարորդ, ջերմոցում է աշխատել: «3 տարի ջերմոցներում եմ աշխատել, մաքրում էի, հող էի կրում, ծերտ էի կրում, ինչ պատահի անում էի: Կարևորը՝ չէի ամաչում: Մինչև հիմա էլ չեմ ամաչում, չէ, մարդ կա, որ ամաչում է, ասում է՝ վայ, էս իմ համար չի, բայց չի հասկանում, որ եթե չաշխատես, ընտանիքդ սոված կմնա»,- ասում է Միշան:
Հիմա ինտերնետի համար մալուխ է անցկացնում: Ասում է՝ աշխատավայրում էլ ոչ ոք չգիտի, թե ինչ պայմաններում է ապրում: Կաշվե բաճկոնն ու ուրախ տեսքը կարող են խաբուսիկ լինել: «Միշան չի սիրում շոր, կոշիկ առնել, ասում է՝ իրեն պետք չէ, էդ փողով երեխաներին սնունդ ու շոր կառնենք»,- ասում է Տանյան:
Միշայի կինն արևմտյան Ուկրաինայից է: Միշայի հետ ծանոթացել են սոցիալական ցանցում: Ամուսինը տարեթիվն է նշում՝ 2013 թ. ապրիլի 13-ին: Տանյան առաջին ամուսնությունից 2 որդի ունի՝ 10-ամյա Նիկիտան ու 7-ամյա Դանիելը: «Միշան իր երեխաների պես է որդիներիս հանդեպ»,- նկատում է նա:
Տնակի ներսում ենք խոսում Տանյայի հետ: Արևն ընկնում է բազմոցին քնած 1 տարեկան 4 ամսական Ռաֆայելի աչքերին, մի փոքր անց աչքերը ճպճպացնում է, արթնանում: Ռաֆայելը Տանյայի ու Միշայի որդին է, մի քանի ամիս անց էլ կծնվի չորրորդ երեխան: «Ես ալերգիկ եմ, մի քանի օր առաջ մեղու էր կծել ձեռքս, ուռեց, Միշան ինձ հիվանդանոց տարավ, այնտեղ էլ իմացանք, որ աղջիկ ենք ունենալու»,- ասում է Տանյան:
Տանյայի՝ Հայաստան գալու որոշմանը ծնողները դեմ են եղել, առաջարկել են, որ ինքը գա, բայց երեխաներին չբերի, իրենք կխնամեն: Հրաժարվել է: «Իմ կյանքի իմաստն են իմ երեխաները, ինչ էլ լինի՝ իրենք պետք է լինեն ինձ հետ»,- նկատում է նա:
Միշան ծնողներին սկզբում չէր ասել ուկրաինուհի կնոջ մասին: Տանյայի ասելով՝ ինքը գիտեր, թե Հայաստանում սկեսուրները ոնց են ընդունում օտարերկրացի հարսներին: Բայց ահա ամուսնու մայրը, երբ իմացել էր իր մասին, ջերմությամբ էր ընդունել: Նշում է, որ իր սկեսուրը ոսկե մարդ է, հարազատ մայր է դարձել իր համար:
Առաջին 6 ամիսներին Նիկիտան ու Դանիելը չէին հարմարվում, ուզում էին վերադառնալ Ուկրաինա: Բայց հետո քիչ-քիչ հարմարվել են: Հիմա նրանք Էջմիածնում ռուսական դպրոց են հաճախում: Մայրը պատմում է, որ առաջին տարում լեզվական դժվարությունները շատ էին. ուկրաիներենից ռուսերենի էին անցել, Դանին հիմա էլ խնդիր ունի, կարդացածը չի կարողանում մտապահել:
7-ամյա տղայի մեկ աչքի տեսողությունն օրեցօր թուլանում է, Երևանում աչքի հիվանդանոց են տարել, բժիշկներն ասել են, որ հնարավոր է նաև երեխայի մեկ աչքի տեսողությունը վատթարանա: Ամսական 25 հազար դրամի դեղ են գնում Դանիելի համար:
«Ինձ համար ցավոտ թեմա է մեր խնդիրների մասին խոսելը: Միշան ամեն բան անում է ընտանիքի համար, չի ուզում գնալ բժշկի, որովհետև մի բուկետ հիվանդություն կհայտնաբերեն, ինքը փակ մարդ է, հնարավոր չէ բառերով փոխանցել, առավոտից երեկո աշխատում է, հետո գալիս է, տանն է ինչ-որ բան անում: Ես կարողանում եմ տնտեսել, փորձում ենք խնայելով ապրել, հետո երեխաներս ընդհանրապես պահանջկոտ չեն»,- ասում է Տանյան, ապա ձեռքով փակում է աչքերը, լացը խլանում է: Անընդհատ մաքրում է թաց աչքերը, բայց արցունքները նորից արագ հոսում են:
«Էստեղ ժողովուրդն իսկապես ընկերասեր է, դրա համար չգիտեմ՝ երեխաները որ մեծանան, ինչ են որոշելու, բայց ես կմնամ էս հողում, իմ հոգին հանգիստ է էստեղ»,- նշում է Հայաստանի քաղաքացիություն ստացած Տանյան, որ նաև Ուկրաինայի անձնագիր ունի:
Տնակ են մտնում Նիկիտան ու Դանիելը: Խանութ էին գնացել: Ուշադիր նայում են Տանյային: Դանիելը հարցնում է, թե արդյոք հյութ կխմենք, հետո մեծ բաժակներով մոտեցնում է մեզ: Շնորհակալություն ենք հայտնում, չենք վերցնում, Նիկիտային է հյուրասիրում:
Նիկիտան հայերեն հասկանում և խոսում է, Դանիելը՝ միայն ռուսերեն: Տանյան ասում է, թե ինքն էլ լավ չի հասկանում հայերեն, եթե ծանոթ բառ է որսում, փորձում է կռահել իմաստը:
Նիկիտան երազում է ոստիկան դառնալ ու այս Նոր տարուն գիրք նվեր ստանալ, ավելացնում է՝ թող հաստ գիրք լինի: Դանիելն արագ թվարկում է երազանքները՝ ուզում է նկարիչ, ոստիկան, երգիչ ու հրշեջ դառնալ:
Նիկիտան ծնողներին օգնում է հողագործության հարցում: Բակում ցույց է տալիս նոր ցանած ծաղիկների տեղերը: 10-ամյա տղան դպրոցն ավարտելուց հետո որոշել է վերադառնալ Ուկրաինա, ասում է՝ իր տատիկ-պապիկին կտեսնի, համադասարանցիներին կտեսնի, իր հետ կտանի նաև հայ ընկերներին, եթե ցանկանան: Դանիելը լսում է, դեռ չի որոշել, թե ինչ կանի:
Տնակի ներսն արևոտ է: Սուրճ ենք խմում: Տանյան ասում է, որ Հայաստան գալուց հետո սկսել է հետաքրքրվել հայկական խոհանոցով, հարևաններն այդ հարցում շատ են օգնել: Միշան լրացնում է կնոջը, թե շատ համեղ ճաշեր է պատրաստում, հայկականին զուգահեռ՝ նաև ուկրաինական: «Օրինակ, Դուք գրեչկայով սուպ կերած կա՞ք»,- հարցնում է Միշան: Տանյայի՝ ուկրաինական խոհանոցի այցեքարտը խոզի մսով երշիկն է:
Ամուսինը պատմում է, որ դիմացի տանն ապրելիս մի խոզ էին պահում, նախորդ նոյեմբերին մորթել են: Դրանից բաժին են հանել և՛ ծնողներին, և՛ հարևաններին, մնացածը Տանյան լցրել է սառնարան, ու մինչև գարուն երեխաները միս են կերել: Տանյան մանրամասն բացատրում է, թե ինչպես է պատրաստում երշիկը, Միշան ասում է, թե միևնույնն է, մենք չենք հիշելու: Ժպտում եմ, որովհետև Միշան ճիշտ է: Փոխարենը խնդրում եմ երշիկ պատրաստելուց մեզ էլ հրավիրել:
Լռում ենք: Երեխաները դրսում խաղում են, ձայները հասնում են ներս: Միշան հարցնում է. «Օրինակ, հեքիաթներին հավատո՞ւմ եք, ես հավատում եմ, այդ հեքիաթն էլ իրականությունից է վերցված»:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել