
«Զաբել». դիվանագետի ասելիքը՝ գինու տեսքով
«Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից: Մասնագիտությամբ դիվանագետ, քաղաքագետ Իրինա Ղափլանյանն արդեն մի քանի տարի գինեգործությամբ է զբաղվում Հայաստանում: Ասում է՝ լավ պետք է իմանալ և՛ դիվանագիտության հիմքերը, և՛ սեղանի շուրջ անցուդարձը, որը ևս գիտություն է: Գինեգործությամբ զբաղվելը պատահական չէ: Արմատները տանում են 2005 թ., Լոնդոն:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սովորելուն զուգահեռ Իրինան աշխատում էր մի կազմակերպությունում, որ գործնական ճաշեր և ընթրիքներ էր կազմակերպում: Պատմում է, որ այդտեղ իրեն բախտ վիճակվեց շփվել հետաքրքիր շեֆ խոհարարների հետ ու փորձել այնպիսի գինիներ, որ զուտ ուսանող լինելու դեպքում չէր կարող: Գինեգործության հանդեպ Իրինայի հետաքրքրությունը ձևավորվել է այդ ժամանակ, ու սկսել է ավելի խորն ուսումնասիրել ոլորտը: Վաշինգտոնի գինու ակադեմիայում է սովորել, միջազգային մասնագետի վկայական է ստացել:
2011-ին վերադարձել է Հայաստան. այստեղ նա իր թեզի համար հետազոտում էր հետխորհրդային Հայաստանի քաղաքական տարբեր ասպեկտներ: Ասում է, որ այդ ժամանակ հանդիպեց Վահե Քուշգերյանին: Վերջինս, բացի «Կարաս» գինիները թողարկող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության մենեջեր լինելուց, հիմնել է «Սեմինա Քընսալթինգ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է խաղողագործության և գինեգործության հարցերով:
«Հայաստանում շարունակեցի գիտահետազոտական աշխատանքս, այդ ժամանակ ամուսինս էլ եկավ Հայաստան: Վահեի հետ լավ ընկերներ դարձանք, և նա առաջարկեց աշխատել «Սեմինայում»: Երկու տարի աշխատեցի, մեծ փորձ ձեռք բերեցի: Վահեն միշտ ասում էր՝ բա չես ուզո՞ւմ քո երեխան ունենաս գինեգործության մեջ: Վահեի մոտ հիանալի գաղափար կա՝ «Սեմինան» հնարավորություն է տալիս փոքր նախաձեռնություններին մեկնարկային հարթակ ունենալ: Այնտեղ գործարան կա անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և դու՝ որպես սկսնակ գինեգործ, կամ գինեգործության մեջ փոքր նախագիծ ունեցող, կարող ես աշխատել: Քո կողմից ձեռք ես բերում խաղողը, իսկ գինեգործության ամբողջ գործընթացը մատուցում է «Սեմինան»: Այն առաջարկում է բերքահավաքից մինչև շշալցման և նույնիսկ արտահանման ծառայություններ, իսկ այդ կազմակերպության թիմը, անշուշտ, լավագույնն է Հայաստանում իր հմտություններով, փորձով և պրոֆեսիոնալիզմով: Այդ մասին, վստահ եմ, կարձագանքեն «Սեմինայի» բազում հաճախորդները»,- նշում է Իրինա Ղափլանյանը: Այդպես էլ ծնվել է «Զաբել» գինին:
Սրան զուգահեռ՝ Իրինան Հայաստանի ամերիկյան համալսարանում նաև գենդերային առարկաներ էր դասավանդում:
«Զապել Եսայանն ինձ համար հայոց պատմության մեջ կնոջ այն կերպարն է, որի մասին ուզում եմ խոսել ամեն քայլափոխի, մանավանդ, երիտասարդ կանանց հետ, որովհետև, իմ փորձից ելնելով, շատ կարևոր է երիտասարդների համար: Զապել Եսայանը արդի պատմության հզոր կերպարներից է, ում մասին միշտ խոսում էի դասախոսությունների ժամանակ: Սակայն դա փոքր պլատֆորմ էր, գուցե կոպիտ հնչի, բայց այս դեպքում լայն պլատֆորմը շուկան է»,- ասում է դիվանագետ-գինեգործը:
Ապրանքանիշը կրում է Զապել Եսայանի անունը, Իրինան ավելացնում է, որ բացի այդ հանգամանքից, հայոց պատմության մեջ ունենք նաև Կիլիկիայի Զապել թագուհու կերպարը:
Հիմա նա հետազոտում է Զապել Եսայանի կյանքի վերջին տարիների պատմությունը, նրա մահվան հանգամանքները ստալինյան բռնաճնշումների տարիներին: Ազգային արխիվում Իրինան ուսումնասիրել է գաղտնազերծված փաստաթղթերը:
«Փորձում եմ նրա կյանքի վերջին դրվագը բացահայտել, հուսով եմ առաջիկա 2-3 ամիսներին կպարզեմ այն և կկարողանամ անցնել գրելուն»,- նշում է Իրինա Ղափլանյանը: Հետազոտական աշխատանքը հրատարակվելու է:
«Զաբել» գինին արտադրվում է 2015 թ.-ից (առաջին բերքահավաքը 2014-ին է եղել): Հումքը ձեռք են բերում Վայոց ձորից և Արցախից:
Իրինայի ասելով՝ «Զաբելի» փիլիսոփայության հիմքը հայկական տերուարը հասկանալն ու ներկայացնելն է: Ապա նշում է, որ տերուարը հավաքական հասկացություն է, որը ներառում է հողը, կլիմայական պայմանները, տեղանքն ու մարդկային գործոնը: Հայաստանի գինեգործությունը, ի տարբերություն Վրաստանի, բարձրավանդակի վրա է, ինչը, ըստ դիվանագետ-գինեգործի, խմիչքին հաղորդում է ավելի արտահայտիչ բույրեր ու համեր:
Այս տարի նոր արտադրանք են թողարկել սպիտակ խաղողի ճիլար և գառան դմակ, ինչպես նաև կարմիր խաղողի պինո նուար սորտերից: Վերջինը ֆրանսիական դասական սորտ է, որը ներկայացնելու նպատակը, ըստ Իրինայի, ոչ թե դրա ճանաչելիությունն ապահովելն է, այլ` դրանով Հայաստանի տերուարը ներկայացնելը: Ֆրանսիական խաղողի բերքն ընդամենը մի քանի տակառ է եղել ու հնացվել է 4 տարի:
Իրինան ասում է, որ պատմական սորտերը դյուրազգաց են, ու բերքի քանակը կարող էր շատ չլինել, այնինչ խորհրդային տարիներին կաևոր էր քանակը, և խաղողի հիբրիդացման նախագծեր էին իրականացնում, ինչպիսիք են, օրինակ, հաղթանակը, կանգունը: Հիբրիդային այս սորտերն արտադրվում էին ագրոինստիտուտի կողմից: Դրան զուգահեռ՝ կոլեկցիոն այգիներ կային, որոնք հետո լքվեցին: Միաժամանակ զրուցակիցս նշում է, որ Հայաստանում այսօր կարելի է գտնել պատմական հին տեսակի խաղողներ: «Զաբելի» նպատակներից մեկն այդ տեսակները վերականգնելն է, փորձել գտնել 1 կամ 2 տոննա, պատրաստել ու ներկայացնել սպառողին:
Վերջին 4-5 տարվա ընթացքում Հայաստանի գինեգործության ոլորտում, ըստ Իրինայի, նկատելի զարգացումներ կան, սակայն հայ սպառողը դեռ «աճելու» տեղ ունի: Օրինակ, շարունակում է, 2014-ի տվյալներով, Հայաստանում մեկ շնչի հաշվով տարեկան սպառվում է 1,2 լիտր գինի, Վրաստանում 8 լիտր է, Ֆրանսիայում կամ Իտալիայում՝ 40 լ:
«Այսինքն, և՛ արտադրելու, և՛ սպառելու համար ճանապարհ ունենք անցնելու: Կողմ եմ, որ զարգացնենք մեր ներքին շուկան՝ թե՛ որակը, թե՛ սպառումը մեծացնելու համար, որովհետև եթե մեր պատմությունը նայենք, գինեգործությունն այստեղ եղել է հազարավոր տարիներ առաջ»,- ասում է «Զաբելի» հիմնադիրը:
«Զաբելի» այցեքարտը գաղափարախոսությունն է՝ միկրովինիֆիկացիայի միջոցով վերականգնել պատմական մոռացված խաղողի սորտերը, ներկայացնել սպառողին հետաքրքիր համադրություններ ու հրապուրել հայ սպառողին ընտրել գինի՝ որպես ուտեստի հետ համադրելու լավագույն ոգելից խմիչք, և դրանով վերականգնել մեր դարավոր ավանդույթները»,- ավելացնում է Իրինա Ղափլանյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել