
Մարց-Պռվաշեն-Բուդաղիձոր հանքերևակման տարածքում ոսկի որոնողները կրկին ակտիվացել են
Լարիսա Փարեմուզյան
Քրիստինե Աղալարյան
«Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարություն կրկին փորձաքննության հայտ է ներկայացրել Մարցիգետի հանքային դաշտի «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի» ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական աշխատանքները շարունակելու, պաշարները գնահատելու և դրական արդյունքի դեպքում հետագա շահագործման համար:
Հիշեցնենք, որ ընկերությունը նշված հանքերևակման համար երկրաբանական աշխատանքների փորձաքննության հայտ է ներկայացրել նաև 2014-ին:
«Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ի տերերին նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք: Ընկերության սեփականատերերը հավասարապես երեք անձինք էին՝ Արմեն Գևորգյանը, Երվանդ Հովհաննիսյանը և Ռուզաննա Բեգլարյանը: Այս եռյակից Երվանդ Հովհաննիսյանի կապերը տանում էին դեպի ԱԺ արդեն նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը: Հիշեցնենք՝ Այվազյանի բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Երվանդ Հովհաննիսյանը ղեկավարում էր ԲՆ աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժինը և ներգրավված էր Վարդան Այվազյանի ոսկու հանքավայրերի նախագծերում: Ավելի ճիշտ է ասել՝ ներկայացնում էր Այվազյանի շահերը: Հիշեցնենք՝ Երվանդ Հովհաննիսյանի կնոջ անվամբ էր ձևակերպած Լոռու մարզի Ֆիալետովոյի հանքավայրի նախագիծը ներկայացնող ընկերության բաժնետոմսերի մի մասը: Մյուս բաժնետեր Ռուզաննա Բեգլարյանը ՀՀ նախագահի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կինն է:
Այժմ, սակայն, բաժնետերերի փոփոխություն է եղել: Մեր հրապարակումից հետո Ռուզաննա Բելգարյանը դուրս է եկել բաժնետերերի ցանկից, ավելի ուշ` նաեւ Երվանդ Հովհաննիսյանը: Ընկերության ամբողջ բաժնեմասի տերն այժմ Արմեն Գևորգյանն է: Նրա անունը հայտնի դարձավ նաև որպես մարզահամերգային համալիրը գնած «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊ ընկերության բաժնետեր:
Նույն անձը, համաձայն պետռեգիստրի տվյալների, առնչություն ունի նաև «Մետպրոգրես» ՍՊԸ-ին, որը, ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալների, զբաղվում է հանքանյութի արդյունահանմամբ: Այս ընկերությանը դեռևս 2014 թվականին Եղեգնաձոր համայնքի ղեկավարը 200 հազար դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության է ենթարկել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար: Նա բաժենտեր է նաև այս տարվա հոկտեմբերին գրանցված «Գոլդ պրոգրես» ՍՊԸ-ում:
Արմեն Զավենի Գևորգյանն առնչություն ունի նաև «Բիզնես պրոգրես» ՍՊԸ-ի հետ, որը սեփական կամ վարձակալված անշարժ գույք է հանձնում վարձակալության և զբաղվում այլ գործառնություններով:
Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային երևակումը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի ենթաշրջանում: Երևակման կենտրոնը գտնվում է Մարց գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա, իսկ Լորուտ գյուղից` մոտ 2,5 կմ: Երկրաբանակառուցվածքային առումով երևակումը ներառված է Մարցիգետի հանքային դաշտի սահմաններում:
Ընկերությունը նախկինում նախատեսում էր 830 հա տարածքի վրա ուսումնասիրություն կատարել: Այժմ «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ն հրաժարվում է տրամադրած տարածքի կեսից՝ հավակնություններ ներկայացնելով միայն 411 հա-ի նկատմամբ:
Մարց համայքի վարչական տարածքում ընդգրկված է հայցվող տարածքի մոտ 42 տոկոսը կամ 170 հա, իսկ Լորուտ համայքի վարչական տարածքում ընդգրկված է հայցվող տարածքի մոտ 58 տոկոսը կամ 241 հա:
Հղում կատարելով նախկինում արված ուսումնասիրություններին՝ հայտ ներկայացնողները նշել են, թե տեղամասում կան մետաղների հետևայալ պարունակությունները՝ ոսկի՝ 3,8 գրամ/տոննա, արծաթ՝ 11,79 գ/տ, պղինձ՝ 0,66 գ/տ, կապար՝ 1,2 գ/տ, ցինկ՝ 1,35 գ/տ:
Ընկերության հայտի քննարկումը Լորուտ գյուղում տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 12-ին՝ Լորուտի վարչական պատասխանատուի նստավայրում: Սակայն, նախագծում նշվում է, որ երևակման տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը ներկայացվել է մոտակա համայնքների բնակիչներին, քննարկվել է հնարավոր աշխատատեղերի ստեղծման հարցը: Մեր այցելությունը նշված համայնքներ այլ իրականություն բացահայտեց:
«Հետքը» դեկտեմբերի 16-ին այցելել է Լորուտ և Մարց գյուղեր՝ պարզելու «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ի կողմից «Մարց- Պռվաշեն-Բուդաղիձորի» հանքերևակման երկրաբանական աշխատանքների նոր փորձաքննության հայտի քննարկմանը բնակչության տեղեկացվածությունն ու կարծիքը: Լորուտի վարչական պատասխանատու Գնել Սարգսյանը մեզ բացատրեց, որ «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ի ներկայացուցիչները Լորուտ չեն եկել:
«Ես իրենց ներկայացուցիչներին հանդիպել եմ համայնքապետարանում: Դեկտեմբերի 20-ին պետք է գան: Ես իրենց ասացի` ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, ես գյուղի ժողովրդի կողքին եմ, կհավաքվենք, ժողովուրդը Ձեր հարցի պատասխանը կտա: Դուք էլ ժողովրդի հարցերի պատասխանները կտաք: Հիմա սպասում ենք ամսի 20-ին: Ես ասել եմ` ժողովուրդ, դուք որոշեք, ինչպես կուզեք, այդպես էլ պետք է լինի»,-հայտնեց վարչական պատասխանատուն:
«Ինձ Լորուտում Պալոյանց Կամո են ասում: Ես հանքերևակման հայտի քննարկմանը տեղյակ չեմ»,- ասաց Լորուտի «Ճալեր» հանդամասում մեզ հանդիպած Կամո Կարապետյանը: Կամոն 30 կով, ոչխարներ, խոզ և մեղուներ է պահում: Նա կարծում է, որ հանքի հարցը պետք է ժողովրդի հետ լուծվի, եթե հանքը պետք է իր ընտանիքին, իր գյուղին վնաս տա, էդ հանքը Լորուտին պետք չի:
«Եթե մեզ թունավորելու են, էդ ո՞վ կուզենա: Մեր Լորուտ գյուղը հիմնականում ապրում ա անասնապահությամբ: Մենք ծիրանի, խաղողի այգիներ ու ցորենի դաշտեր չունենք: Էն ո՞ր անխելքը կհամաձայնի, որ դու գաս իմ անասունը կտրես, քեզ համար հանք բացես՝ միլիարդներ աշխատես: Բա իմ երեխեն ի՞նչ ուտի»,- ասաց Կամոն:
Հանքի անվտանգությունը երաշխավորելու դեպքում Կամո Կարապետյանը դեմ չի լինի շահագործմանը: Նա բացատրում է, որ հանքի տարածքը նաև Լորուտ գեղատեղ ա կոչվում: Իր Սրաբիլ մորական պապն էլ Պռվաշեն սարում անասուն է պահել, սարատեղ է ունեցել:
«Հմի Պռվաշենի սարում մենակ քեռոնքս են մնացել»,- ասաց Կամոն:
Գնել Սարգսյանին հայտնեցինք, որ ֆերմեր Կամո Կարապետյանը տեղյակ չէ դեկտեմբերի 20-ին կայանալիք քննարկման մասին: «Պալոյանց Կամոն «Ճալումն» է լինում, էս պարագայում ես ժողովրդին ասել եմ գեղամիջումը: Ինձ թվում է` պարտական չեմ հատուկ Պալոյանց Կամոյին տեղեկացնել»,-պատասխանեց Գ. Սարգսյանը:
«Պալոյանց Կամոն հանքարդյունաբերության վտանգներին էլ չէր տեղյակ»,-հուշեցի:
«Դե բնական է: Ուրեմն իրենք պետք է գան, ժողովուրդը պտի գա, նստենք հարց ու պատասխանի: Ժողովուրդը նոր ամսի 20-ին պտի տեղեկանա, որը որից հետո ա: Ամսի 20-ին իրենք պետք է հա-ն ասեն»,- բացատրեց Գնելը:
Վերջինս, այնուամենայնիվ, գիտեր, թե ինչ են ուզում լորուտցիներից «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ի տերերը:
«Ես իրենց հետ խոսեցի: Իրենց ասածն էն է, որ էստեղ ոչ գործարան են դնում, ոչ բան, բնությանն էլ չեն կպչում ընդհանրապես: Հումքը ընդերքից պետք է հանեն, մեքենայով տեղափոխեն»,- ասաց նա: Եթե դա իրականությանը համապատասխանի, եթե իրենք ընդամենը ընդերքից հումքը հանեն, բնությանն էլ չկպչեն, Գ. Սարգսյանի խոսքով, մնացածը ժողովրդի որոշելու գործն է:
Այսուհանդերձ, վարչական պատասխանատուն կարծում է, որ եթե «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ն որոշ աշխատատեղեր բացի, «ժողովրդի մեջ արդեն շարժ կլինի»: Մեր հարցերից պարզվեց, որ Գ. Սարգսյանը եւս «Մարց-Պռվաշեն- Բուդաղիձոր» հանքերևակման երկրաբանական հետախուզման փորձաքննության հայտից տեղյակ չէ:
«Բնությանը չեն վնասում»,- մի քանի անգամ կրկնեց նա:
«Ընդերքը չեն բացելո՞ւ, նախնական որքա՞ն տարածք են հետախուզելու»,-հարցրինք նրան:
«Այ, ես դրա համար եմ ասում, էլի, ամսի 20-ին իրենք որ գան, էդ լրիվ հարցերի պատասխանները կստանանք»,- պատասխանեց Գ. Սարգսյանը:
«Եթե լորուտցիք ասեն` հանքը մեզ ձեռք չի տալիս, հանքը բացելո՞ւ են, թե՞ չէ: Հմի, որ մեր հանքը բացեն, ի՞նչ տի լինի, տեղում չի մշակվելու: Էստեղ ինչ կհանեն, խելոք կտանեն Ալավերդի»,- ասաց բնակիչ Արթուր Ասատրյանը:
Ազգային Ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանը «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձոր» հանքի հանքաքարը տեղում չմշակելու և ավտոմեքենաներով հանքից տեղափոխելու մասին Լորուտում շրջանառվող լուրերի առնչությամբ պարզաբանեց. «Այդ հանքաքարը ոսկի ստանալու համար չեն կարող տեղափոխել Ալավերդու պղնձաձուլական գործարան, քանի որ այնտեղ կատարվում է միայն պղնձի հալոցք: Ալավերդու գործարանում մի ժամանակ պղնձից ստանում էին ոսկի՝ էլեկտրոլիզի արտադրամասի միջոցով: Հիմա էլեկտրոլիզի արտադրամասը չկա: Բազմամետաղային մշակում Ալավերդու պղնձաձուլական գործարանը չունի: Արմանիսի ֆաբրիկան էլ չի աշխատում, բացի այդ` Արմանիսի գործարանը արդեն պատկանում է ռուս հանքարդյունաբերողի: Հանքարդյունաբերողները սիրում են խաբել ժողովրդին»,-բացատրեց Ա. Սաղաթելյանը:
Լորուտը անասնապահական գյուղ է, 2500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: Գյուղն անտառի փեշին է: «Իսկ եթե պահանջեք Լորուտում նոր պանրագործարան կամ փայտամշակման կոմբինատ կառուցեն, ո՞նց կլինի»,- հարցրինք:
«Էդ ո՞վ տի կառուցի: Հանքը ուզում ա բացեն, ուզում ա չբացեն, ինձ համար մեկ ա: Ես քննարկմանն էլ չեմ գնալու: Ես՝ իմ տնտեսությունը: Հանքից ոչ օգուտ ունեմ, ոչ վնաս: Երկու տարի հետո կգաք, կտեսնենք էս գյուղում էլ երիտասարդություն չկա, ու մնալ տեն 90 տարեկանները»,-պատասխանեց Արթուր Ասատրյանը:
Լորուտի անբարեկարգ փողոցներից մեկում, իր գոմի կողքի նստարանին նստած էր նիհար ու մտահոգ տարեց մի տղամարդ` Ալավերդի Նասիբյանը (Ալոն):
«Ես երկար տարիներ պանրագործ եմ եղել մեր Աթանի, Շամուտի, Ահնիձորի սարերումը: Կյանքումս էդ գործն եմ արել,- պատմեց Ալոն:- Հանքի մասին դե ես բան չգիտեմ: Էն գիտեմ` էնդի ռազվեդկա է եղել: Էնդով ասեին ոսկի են գտնում, եսիմ: Էդ մեր Իքատակի վերի կռանը, Պռվաշենի հանդերումը, գետնի կտրած տեղեր կա: Հորեր են փորել: Է՜, գետնի տակերն են փորել: Դե էլի եմ ասում, էնդով ես երեխա եմ եղել: Ես չգիտեմ` հանքի օգուտն ու վնասը: Ինձանից խելացի, ինձանից իմաստուն մարդիկ էլ կլինեն»,- ասաց Ալոն: Ալոյի կինը՝ 68-ամյա Լեյլին, քաղցկեղ ունի: Նա դեմ է հանքի բացմանը. «Ասա պանրագործարան բացեն: Հանքն ի՞նչ ա: Իհարկե, մեր գյուղին ավելի ձեռք կտա պանրագործարան բացելը: Աշխատատեղ ենք ուզում, էն էլ ոնց ենք ուզում»,-ասաց Լեյլին: «Հումքը վեր տեն ունիլ տանին»,- ավելացրեց Ալոն:
«Ես անձամբ չեմ լսել «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի» հանքերևակման հետախուզական աշխատանքները վերսկսելու մասին, բայց դե որ ասում եք, ուրեմն Դուք տեղեկություն կունենաք: Մեր գեղացիք ճշտի կողմն են: Համաձայն չեն հանքի երկրաբանական աշխատանքներին և բացմանը»,- հայտնեց մարցեցի Արամայիս Արզումանյանը:
Մարցի վարչական ներկայացուցիչ Ռոբերտ Գալստյանը հակառակը պնդեց. «Մարցում ոչ մի անգամ «Մարց-Պռվաշեն- Բուդաղիձորի» հանքերևակման փորձաքննության հայտի քննարկում չի եղել և այժմ էլ նախատեսված չէ: Բայց ասեմ, դեռ երկու տարի առաջ մեր գյուղում մարդ չի եղել, որ դեմ լինի հանքի բացմանը: Մի անգան 2014թ. Լոռու մարզպետարանում է հանքերևակման երկրաբանական աշխատանքների քննարկումը եղել, ես այդ ժամանակ եմ քննարկմանը մասնակցել: Հիմա ես դրանից հեչ գաղափար չունեմ»:
Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանի բուսականությունը բացառապես անտառային է:
Պապաքարի լեռնաշղթայի լեռնալանջերը ծածկված են լայնատերև հաճարենու և կաղնու-բոխու անտառներով, ազատ տարածքները զբաղեցրած են մարգագետիններով, որտեղ տիրապետում է տարախոտային և հացազգային բուսականությունը: Կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել