
Բուլղարական ավանում մեծացող 6 անչափահասն ու առանց խաղալիքի տոնածառը
Վանաձորի բուլղարական ավանում տնակները հիմնականում միանման են՝ փայտյա ու միհարկանի: Ձյունն այստեղ չի հալվել: Բակերում շները ցրտից կծկվել են, ծուլությամբ են վեր կենում անցորդ տեսնելիս:
Տնակներից մեկի դիմաց լվացք է փռված: Ներսից ձայներ են լսվում: Տան կինը՝ Լիլիթը, ներս է հրավիրում:
Վառարանի մոտ փայտի կտորներ են: Ամուսինն է բերել: Լիլիթն ասում է՝ փայտի վերջին կտորները... Այս խոսքերից հետո երեխաները միանգամից լռում են: 6 անչափահասների մայրն ասում է, թե ամեն բան հասկանում են, գիտեն, որ պապան էլ իրենց հետ չէ:
Բոլորս նայում ենք պատին փակցված նկարին: Ամուսնու՝ Վահագն Մխիթարյանի լուսանկարն է: Ամիսուկես առաջ է կյանքից հեռացել: Լիլիթի ձայնը խզվում է: Ասում է՝ 16 տարի միասին են ապրել, ամուսինը երկկողմանի ծնողազուրկ էր, բարեկամներից մեկն է խնամել նրան ու քրոջը: «Մեկ սոված են եղել, մեկ՝ ծարավ, լավ չեն նայել, առողջությունը վատացավ, հիվանդություն ունեցավ»,- պատմում է 41-ամյա Լիլիթ Ավետիսյանը:
Ասում է, որ Վահագնը աշխատող մարդ էր. փայտագործությամբ էր զբաղվում, բանջարեղենի և մրգերի արկղեր էր պատրաստում:
Նվարդը երեխաներից ավագն է: 15 տարեկան է: Վանաձորում քոլեջ է ընդունվել՝ պարարվեստի բաժին: Ասում է, թե պարուհի է դառնալու:
Լիլիթը ժպտում է. նրա կյանքն էլ հեշտ չի եղել: Ծնվել, մեծացել է Գյումրիում: «Ես էնքան ուրախ եմ, որ էս թազա սերունդը երկրաշարժ չի տեսել: Երկրաշարժի օրը քուրս ասեց՝ Լիլ, ել, դասի գնանք, ասի՝ սպասի տեսնեմ, թե եղանակը ոնց է. միշտ նայում եմ ամպին, նոր եմ գնում: Դուրս ելա, տեսա եղանակը էն չի, մեծ վիշապ կար երկնքում, ասացի՝ էսօր երկրաշարժ ա լինելու, տեղ չեմ գնալու… Հետո տկլոր-տկլիկ դուրս ելանք»,- հիշում է Լիլիթը:
8-րդ դասարանն ավարտելուց հետո դպրոցից դուրս է եկել: Այն ժամանակ, ասում է, մեծ հողամաս ունեին, օգնում էր ծնողներին, կանաչի էր աճեցնում, հետո «դաստա անում», տանում շուկայում վաճառում մոր հետ:
Հովսեփն ու Մարիոն
Մարիոն պահարանի դուռը բացում է, հում նրբերշիկը հանում, սկսում ուտել: Կատուն վազում է դեպի պահարանը, բաց դռնից հանում մնացած նրբերշիկները՝ հազիվ 2-3 հատ, ու սկսում ուտել:
«Է՜, ըրեխանց փայը կերավ… Լավ չփակեց դուռը,- զրույցն ընդհատում է Լիլիթն ու դիմում Նվարդին,- Մարիոս ինչ կուտի, կասի՝ պապայիս փայն էլ պահենք»:
Զրույցն իսկապես ծանր է: Լիլիթն ասում է, որ ամուսնու կորստից հետո դժվար է պատկերացնում, թե ոնց է կարողանալու պահել երեխաներին: Հուղարկավորության ծախսերը Լիլիթի քույրն է հոգացել: Երեխաների համար մայրը նպաստ է ստանում: Ասում է՝ կցանկանար աշխատել, բայց փոքրերին չգիտի, թե ում պետք է թողնի: Մի քանի անգամ դիմել է թաղամասին մոտ գտնվող մանկապարտեզ, բայց ասել են, որ տեղ չունեն:
«Իսկ ես շատ կուզեի, որ մանրերը գնային մանկապարտեզ, գոնե գրիչ բռնել կիմանային, մի բան կսովորեին»,- ասում է մայրը:
Նվարդը 15 տարեկան է, Նարեկը՝ 12, Նուելը՝ 10, Հովհաննեսը՝ 8, Մարիոն՝ 5, Հովսեփը՝ 3: Հիմա նրանք Լիլիթի կյանքի սյուներն են: Մայրը ցանկանում է, որ Նվարդը պարուհի դառնա, Նարեկը փայտագործություն սովորի, Հովհաննեսն էլ դհոլ նվագել է սիրում, բայց դհոլ չունի:
Նարեկն (լուսանկարում՝ ձախից) առողջական խնդիրներ ունի, ծնվելուց մի քանի օր անց մահճակալից ընկել է, գլուխը վնասել, դրանից հետո խնդիրներ են առաջացել. դժվար է խոսում, նյարդային անկանոն շարժումներ է անում:
«Ինքը ոչ մեկին վնաս չի տալիս»,- ասում է Նվարդը: Նարեկը ժպտում է:
Հեռուստացույցով ամանորյա գովազդներ են: Երեխաներն ուշադիր նայում են:
«Ծառերի վրա կպցրել են, որ Ձմեռ պապիկի տունայցը 5 հազար դրամ է, բայց էդ 5 հազար դրամը տաս, ի՞նչ ա բերելու նվեր»,- հարցնում է Լիլիթը:
Երեխաները համոզում են տոնածառը դնել, Նվարդը հրաժարվում է, թե ոչ հիմա: Լիլիթն ասում է՝ այս տարի չէր ուզում դնել տոնածառ, բայց քույրը հորդորել է երեխաների սիրտը չկոտրել:
Նվարդն ավելի ուշ ասում է, որ տոնածառ չեն կարող դնել, որովհետև խաղալիք չունեն, բայց փոքրերին չի ցանկանում ասել պատճառը:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել