HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքի հարավային վերջին կանգառը

Լուսանկարներում Սովետական Հայաստանի նախկին արդյունաբերական հսկաներից մեկն է՝ «Հայէլեկտրո» գործարանը, ԿԷՀԳՀԻ- ВНИИКЭ/ Всесоюзный научно-исследовательский институт комплексного электрооборудования/ հապավումով գիտահետազոտական ինստիտուտն`  իր հարակից տարածքներով և գերատեսչական մանկապարտեզով:

Երևանի հարավային հատվածն ավարտվում էր «Հայէլեկտրո» գործարանով, հարակից գիտահետազոտական ինստիտուտներով ու քաղաքային ավտոբուսների հավաքակայանով: Հարավային հատվածն արդյունաբերական կենտրոն էր, օդն այստեղ աղտոտ էր և արցունքի պես ջինջ չէր, ու հենց այստեղից սկսվեց ժողովրդավարությունից օգտվելու առաջին քայլը. պահանջեցինք փակել էկոլոգիան աղտոտող  գործարանները: Գործարանները փակվեցին, բայց ոչ ժողովրդավարությունից օգտված  քաղաքացիների պահանջով, այլ, որովհետև փլվեց արդյունաբերական կենտրոնը:

Այս տարօրինակ հեռու ու անհրապույր արդյունաբերական հսկան ինձ շատ ծանոթ տարածք էր: Վեց տարեկանում  ուղիղ մեկ տարի` ամեն օր,  այն տեսնելու հնարավորություն եմ ունեցել: Մայրս աշխատում էր ВНИИКЭ հապավումով գիտահետոզատական ինստիտուտում, որպես ինժեներ: Ինստիտուտն իր արտաքուստ շատ անհրապույր զբաղմունքին հակառակ շատ հետաքրքիր կյանք ուներ ու շատ հագեցած տարածք: Այդ հիմնարկի գերատեսչական մանկապարտեզը հաճախելու դժվարությունն եմ ունեցել , բայց փոխարենն այսօր  կործանված արդյունաբերական հսկայի մասին մասնակի պատկերացում ունեմ:

Գիտահետազոտական ինստիտուտն, ինչպես երևաց անունից, համամիութենական նշանակության էր: Սրանով պայմանավորված` Երևանում էին աշխատում Մոսկվայից, Լենինգրադից և արդյունաբերական հսկա քաղաքներից եկած ռուս, հրեա մասնագետներ` իրենց ընտանիքներով: Հետևաբար գերատեսչական մանկապարտեզում կային Ռուսաստանի տարբեր քաղաքներից եկած տղաներ ու աղջիկներ: Իրենց բնավորությամբ շատ տարբեր էին: Ռուս բանվորների երեխաները տարբերվում էին ինժեներների երեխաներից, վերջիններն ավելի խաղաղ էին, գոհ ու ինքնավստահ:

 

Ռուս բանվորական  խավի պրոլետկուլտը դեռ լավ պահպանված էր, նրանք կարող էին նկատողություն անել, թելադրել իրենց ճիշտը, ուժ կիրառել, լինել անհաշտ ու ձգտել իշխելու: Գերատեսչական մանկապարտեզի հանդեսները շատ պարտավորեցնող էին, որովհետև ներկա էին լինում ոչ միայն ծնողդ, այլև նրա շատ գործընկերներ: Մանկապարտեզից ինձ հուշ մնաց առաջին դասարանի դպրոցական պայուսակս, որը նվիրեցին ավարտական հանդեսի ժամանակ ու տարվա ընթացքում ջրաներկով արած զարհուրելի նկարներիս թղթապանակը: Մի օր  հանձնարարել էին մարդ նկարել ջրաներկով: Ջրաներկը ծորալու ու լղոզվելու ստոր հատկություն ունի, ու իմ նկարած մարդու ոտքերը շորի ծայրերից էին սկզբնավորվում:

 

Նկարները միշտ կախում էին մեծ սենյակի պատին, որպես ցուցահանդես, որ ծնողներն հնարավորություն ունենան հիանալու զավակների բազմաշնորհությամբ, ու իմ նկարած չռած ոտքերով մարդու նկարի առիթով իմ ինտերնացիոնալ նախապատրաստական խումբը, մեղմ ասած, շատ աշխուժացել էր: Այդ ջրաներկով նկարը դեռ պահում եմ:

ВНИИКЭ-ն  «Հայէլեկտրո» գործարանի հարևանությամբ լինելով՝ իր գեղագիտությամբ ծածկում էր արդյունաբերական համալիրի անհրապույր կյանքը: Գիտահետազոտական ինստիտուտը գործարանից մի քիչ հեռու էր ու մեկուսացած:

 

Տարածք մուտք գործելու համար աշխատողներն ունեին անցաթղթեր, որոնք անցակետում վերցնում էին հինգ րոպե ուշացման դեպքում: Ուշանալը դժվարացնում էր ինժեներների գործը, բայց չէր ազդում նրանց գեղագիտական նկրտումների վրա: Անցակետի հսկիչներից մեկն ազգությամբ ադրբեջանցի էր, ու ինստիտուտի աշխատողները մի երկու բառ էին սովորում ադրբեջաներեն՝ նրան սիրաշահելու համար, որ անցաթուղթը չվերցնի:

 

Ամեն բաժին ուներ իր վերադասը, իսկ ամեն բաժնում կային սեկտորներ, ու յուրաքնաչյուր սեկտոր ուներ իր ղեկավարը, հետևաբար վերադաս կազմը շատ էր: Աշխատողները հսկա կուլմանների առաջ, լաբորատորիաներում, կամ աշխատասենյակներում իրոք աշխատում էին, աշխատում էին շատ պարտաճանաչ: Իհարկե, կային արտոնյալներ, որոնց ամուսինները վերադասներից էին կամ, ասենք որևէ պետքական հիմնարկի տնօրեն: Այդ կանայք կարող էին ուշանալ, նրանց քիչ աշխատանք էր տրվում ու ոչ շատ բարդ, նրանք ստանում էին ավելի բարձր աշխատավարձ. խորհրդային երկրի հմայքը:

Բոլոր կանայք իրենց գրասեղաններում ունեին քաշովի դարակներ, որտեղ պահվում էին կանացի հետաքրքիր կյանքի կարևոր մասունքները. առաջին հերթին՝ եղունգների լաք: Խորհրդային տարիներին դեֆիցիտն այնքան անընդհատ էր, որ արդեն սիրելի էր: Դեֆիցիտը տարածվում էր նաև եղունգների լաքերի վրա, բնականաբար, և կանայք գտել էին ձևը. անհրապույր գույնի ֆլակոնի մեջ ավելացնում էին սովորական կապույտ կամ կարմիր գրիչի միջուկից մի քանի կաթիլ և ստանում իրենց ուզած գույնը: Եղունգները ներկելու արարողությունը տեղի  էր ունենում հենց քաշովի դարակի մեջ, որովհետև աշխատասենյակների դռների ապակե մասի կեսը սպիտակ թղթով անթափանց էր, իսկ վերին հատվածը թափանցիկ էր, որ բազմաթիվ վերադաս մարդիկ միջանցքով անցնելիս հսկեն զբաղվածությունը:

Այդ դարակների հաջորդ կարևոր իրը «ИЛ» վերտառությամբ «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագիրն էր, որտեղ տպվում էին հրաշալի գործեր, ու իրենք դա պիտի կարդային առաջինը:

Դարակներում պատսպարվող մյուս զբաղմունքը շյուղերն ու այդ տարիներին շատ հարգի մոհերի թելերն էին: Մոհերի բազմաթիվ գույները դեֆիցիտի երկրում հայտնվել էին խանութներում ու սիրուն կանայք վայելում էին դրա բազմերանգ երջանկությունը: Իսկ կանայք շատ խնամված էին, թեև առավոտյան ութին պիտի լինեին քաղաքի հարավային ծայրին գտնվող հիմնարկի անցակետում: Ճնշող դեֆիցիտի պայմաններում բոլորը ժամանակ առ ժամանակ ունեին «Լանքոմի» դիմափոշիներ կամ ֆրանսիական «Ֆիջի» ու «Կլիմա» օծանելիք: Այդ կանայք իրոք խելացի էին, շատերն այլ քաղաքներից էին, հայեր՝ այլ քաղաքներից, նաև հայրենադարձված հայեր՝ իրենց  տարածքներում ընդունված թխվածքի տեսակներով, իրենց հատուկ բառերով, սովորություններով: Շատ կիրթ էին ու շատ կարդացած: Կային նաև Հայաստանի շրջաններից եկած ջահել աղջիկներ, որոնք անկեղծ սկսում էին հարցնել ու սովորել, որ իմանան, որ նմանվեն, ու, մի տեսակ, իմացողները բարեհոգությամբ փոխանցում էին իրենց իմացածը:

Ինժեներ կանայք տառապում էին, երբ շոգին կամ ցրտին իրենց ուղարկում էին գործարան որևէ արտադրանքի սխալը շտկելու համար: Բայց գնում էին խոնարհաբար՝ սեղանի տակ բարձրակրունկ կոշիկներն աննկատ փոխելով հարմար կոշիկի, որից մեկական զույգ բոլորի սեղանների տակ կար:

Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում կար ամեն ինչ՝ սպորտդահլիճ. թենիսի սեղաններ, բուժկետ, ճաշարան, կինոդահլիճ:

Բուժկետը ձևական բնույթ չուներ: Գիտաշխատողները պարտադիր բժշկական զննություն էին անցնում և շատ խիստ ու հետևողական: Ճաշարանից կանայք երբեմն որևէ բան էին առնում տուն տանելու համար, իսկ սնվում էին ընդմիջմանը՝ միասին լաբորատորիայի մեծ սեղանի շուրջ, իսկ եթե առիթը տոնական էր, վերադասները թույլ էին տալիս աշխատասենյակներում միացնել սեղանները: Ու սեղաններին հայտնվում էին տներից բերած երևանյան, թիֆլիսյան, աստրախանյան, ղարաբաղյան, բաթումյան, ռուսական, այլ տեղանքների ու հայրենադարձված հայերի քաղցրավենիքներ ու ճաշեր:

Գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում երեկոյան ուշ ժամերին հաճախ ցուցադրվում էին լավ ֆիլմեր ու աշխատողներն` իրենց ընտանիքի անդամներով,  այդ անսովոր ժամին հաճախ էին հասնում քաղաքի հարավային վերջին կանգառը՝ ֆիլմ նայելու: Դահլիճի ամենահիշարժան հյուրը Վլադիմիր Վիսոցկին է եղել: Նա ВНИИКЭ-ի դահլիճում մի համերգ է ունեցել Երևան կատարած հայտնի այցի օրերին: Դահլիճը խեղդված է եղել ու երջանիկ:

վերևի երեք բաց պատուհանները դահլիճի պատուհաններն են, որտեղ երգել է Վիսոցկին 

Հետխորհրդային տարիներին  հիմնարկն աստիճանաբար փլվեց, հետո կանգ առավ «Հայէլեկտրո» գործարանի աշխատանքը:

Մի քանի օր առաջ՝ երեսուն տարի անց, ուզեցի տեսնել շատ խորհրդային այդ տարածքը:

Առաջինն, իհարկե, գերատեսչական մանակապարտեզն էր: Նրա պատուհանները երկար ցուցափեղկերի նման էին, ու դրսից երևում էր մանկապարտեզի ներսի ամբողջ անցուդարձը: Հիմա բնակելի հատված է, իսկ գետնից մինչև առաստաղ ձգվող ապակիների փոխարեն սովորական մետաղապլաստիկից պատուհաններ են:

ВНИИКЭ-ի հայտնի անցագրայինը, որտեղ միշտ թեժ իրավիճակ էր լինում՝ դատարկ է: Գիտահետազոտական ինստիտուտի հսկայական տարածքում որևէ մեկին հանդիպել չհաջողվեց: Բուժկետի կաշեպատ թախտը բակի մեջտեղում էր՝ մի մեծ թաս վրան: Իսկ դահլիճ տանող մուտքի հատվածը համարյա անանցանելի էր: Նախկին դահլիճի պատուհանները, որտեղ երգել էր Վիսոցկին ու դահլիճը թնդացել էր, սևացած ու բաց էին: Հսկա բակը բաժանված էր հատվածների, ու այդ փոքր հատվածները չինական պատերով անջատված էին իրարից` այնպիսի տպավորություն էր, թե ատոմային ռումբ են սարքում ամեն հատվածում, ու մյուս հատվածը պիտի չիմանա այդ մասին: Միայն մեքենաների մուտքի համար նախատեսված դարպասների վրա էլեկտարական հոսանքի նշանով դաջվածքն էր մնացել:

Իսկ  «Հայէլեկտրո» գործարանը նման էր վերացած դինոզավրի կմախքի: Հսկան, տիտանը, որ իր մեջ առած աշխատացրել է հազարավոր բանվորների, պատմության փակված էջ է: Ինստիտուտի անվանման «համամիութենական» բառը  վկայում է, որ այս հիմնարկը չէր կարող աշխատել ինքնուրույն: Գիտահետազոտական ինստիտուտում նախագծվող սարքերը, որոնք արտադրվում էր «Հայէլեկտրո» գործարանում ուղարկվում էր տարբեր հանրապետություններ: Արտադրանքի համար հումքը ստացվում էր այլ գործարաններից, այդ գործարաններն իրենց արտադրանքի համար հումքը ստանում էին ԽՍՀՄ մյուս հանրապետություններից: Ամեն ինչ նախագծված էր այնպես, որ երկրի բոլոր հանրապետությունները կախված լինեին միմյանցից:

Գործունեությունը փոխկապակցված էր, խորհրդային երկիրն ամեն ինչ մտածել էր եղբայրական հանրապետությունների ինքնուրույնությունը կանխելու համար: Չկա երկիրը՝ չկա գործարանը, չկա արտադրանքը: Եվ հազարավոր բանվորներ ու ինժեներներ մնացին չպահանջված: Գործարանի անցակետի դարպասը քամուց գնում-գալիս էր: Առաջ քաղաքից այստեղ եկող բոլոր ավտոբուսների ու երթուղային տաքսիների վերջին կանգառը գործարանի առջևի հրապարակում էր: Դեղին «Իկարուսների» շատությունը հանդիսավոր էր, բայց միևնույն է, պետք եղած ավտոբուսին էլի կարող էիր ժամերով սպասել:

«Հայէլեկտրոյի» տարածքում ոչ մի շնչավոր չկա: Երկու երթուղայինի վարորդները ուղևորի էին սպասում ու շատ զարմացան, որ այդ կողմերում երևացած միակ մարդն անտարբեր անցավ ութ համարի երթուղայինի կողքով և գնաց ավելի անմարդաբնակ խորքերը՝ նկարելու վերացած դինոզավրի կմախքը:

Գիտահետազոտական ինստիտուտի նախկին աշխատակիցներից ամենահաջողակները գործազուրկ մնացին, ոմանք Սպանդարյան հրապարակի կրպակներում կարկանդակ էին վաճառում կամ` Վերնիսաժում սեփական արտադրության մկան թակարդ, որոշներն աշխատում էին այնպիսի տեղերում, որտեղ աշխատելու համար բոլորովին պարտադիր չէր բարձրագույն տեխնիկական կրթություն ունենալ: Երկիրը հումանիտար էր դառնում ու էկոլոգիապես մաքուր:

Ամեն այսպիսի գիտահետազոտական հիմնարկ ունի իր պատմությունը` սովետական խստապահանջ ու միաժամանակ փնթի երկրին բնորոշ:

Մեկնաբանություններ (1)

sanjay
Very nice reporting on SOVIET TIME.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter