
«Ես անձամբ չեմ ստորագրի մի բան, որի համար իմ տղան գլուխը կախի»
Գյուղ այցելած բնապահպաններին վստահեցրեց Արծվանիկի գյուղապետը
Երեք տարի է, Անուշավան Հարությունյանը Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքի ղեկավարն է: Դեռևս պետական տնտեսության ժամանակ, երբ պոչամբարի վերևի հատվածում ֆերմաներ էին, 10 տարի նա եղել է խոշոր եղջերավոր անասունների ֆերմայի վարիչը: «10 տարի՝ առավոտ, կեսօրին, իրիկունը, պոչամբարի մեջ էի: Անասուններին էլ ջուրը էդտեղից էինք տալիս, ուրիշ տեղ ջուր չկար»,- ասում է գյուղապետը:
Ա. Հարությունյանը կարծում է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումները չեն խաթարում կենսապայմանները: Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարում ձուկ ու բադ կա: Անմիջապես կողքին վարելահողեր են: Եկող-գնացողն էլ լուսանկարվում է շքեղ «փիրուզի» ֆոնին: «Ես էստեղ թունավոր, անպետք հող չեմ տեսել: Պոչամբարը գյուղից 1,5 կմ հեռու է: Ես հենց մեջին եմ աշխատել. վնաս չեմ տեսել»,- ասում է Ա. Հարությունյանը:
Չնայած սրան՝ գյուղապետը գիտի, որ պոչամբարի ձուկն ու բադն ուտելի չեն, որ այնտեղի ջուրը պիտանի չէ ոռոգման համար: Սակայն, դեռևս թունավոր բաղադրիչների վնասակարության պաշտոնական ուսումնասիրություն և գնահատում չի կատարվել:
«Էն ժամանակ պետական տնտեսություն էր, սրա մասին մտածող, գնացող-եկող չկար, բայց հիմա թող մի մասնագետ գա, ասի՝ վնաս ա, ես էլ դրա տակին ստորագրեմ: Ես ոչ կոմբինատի տնօրեն եմ, ոչ բժիշկ եմ, ոչ մասնագետ: Ես պոչամբարը չեմ ստեղծել: Ինձ որ հարցնեին, ես չէի թույլատրի, որ պոչամբար լիներ»,- շարունակում է գյուղապետը:
Դեռևս 1973 թվին Հայաստանի մինիստրների խորհրդի որոշումով համայնքից վերցվել է 240 հա տարածք և տրվել Քաջարանի կոմբինատին: Գյուղ են եկել համապատասխան մասնագետներ և եզրակացություն տվել, որ պոչամբարը չի վնասում շրջակա միջավայրին ու առողջությանը:
2006թ. ևս 102 հա է վերցվել համայնքից և կցվել կոմբինատի պոչամբարին: Այժմ էլ Կառավարության 627-Ն որոշմամբ Արծվանիկից օտարվում է ևս 277 հա տարածք՝ որպես հանրային գերակա շահ, և տրվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ որպես պոչամբարի տարածք:
Գյուղում խլրտումներ են սկսվել: Գյուղապետը երկու անգամ քննարկումներ է կազմակերպել և լսել գյուղացիների բողոքը: Երրորդին ներկա է եղել և Սյունիքի մարզպետը:
Արծվանիկում 210 ընտանիք է ապրում՝ 730 բնակիչ, սակայն աշխատանք չկա: 4 հոգի գյուղապետարանում է աշխատում, 4-ը՝ մանկապարտեզում, 2-ը՝ պոլիկլինիկայում:
Հողերը 4-րդ և 5-րդ կարգի են: Ավելի բերրի են ներքևի հողերը, որոնք ճանաչվել են գերակա շահ: Ընդ որում, դրանցից 94,67 հեկտարը գյուղացիների սեփականությունն է:
«Կառավարության որոշում է. ես կարամ դեմ գնամ դրան,- ասում է Անուշավան Հարությունյանը:- Բայց էլի հավաքվելու ենք, տեսնենք՝ ինչ կարելի ա անել: Ես անձամբ չեմ ստորագրի մի բան, որի համար իմ տղան գլուխը կախի»:
Լուսանկարում Արծվանիկի պոչամբարն է
Մեկնաբանել