
7-ամյա երեխան Ձմեռ պապից խնդրում է իրենց տան վկայականը
Այսօր նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Չաուշի 14/3 շենքի բնակիչները՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց տները: Նրանք եկել էին՝ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին և ՊԵԿ-ի նախագահին անձամբ հանձնելու իրենց նամակը:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ քանի որ պետությունը չի կարող պաշտպանել իր քաղաքացիների օրինական շահերն ու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը, իրենք հայտարարում են իրենց՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Առաջիկայում նրանք պատրաստվում են դիմել օտարերկրյա դեսպանատներին՝ այդ երկրներում ապաստան ստանալու խնդրանքով:
Բնակիչները բարձրացրել էին իրենց պաստառները, որոնցով ԱԺ հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանից պահանջում էին հետ վերադարձնել ապօրինի կերպով իրենցից վերցված տները՝ գոռալով «Ամոթ Հերմինե Նաղդալյանին»:
Սոֆյա Սարգսյանը 2008թ.-ին ձեռք է բերել իր բնակարանը, ամբողջությամբ վճարել հասանելիք գումարը: Սոֆյան որոշ ժամանակ գտնվել է երկրից դուրս, մեկ տարի առաջ եկել է Հայաստան, այստեղ ունեցել իր երկրորդ երեխային՝ կարծելով, թե Հայաստանում բնակարան ունի և կարող է ապրել այստեղ: Սակայն այժմ իր տան սեփականության վկայականը իր ձեռքերում չէ, այն գրանցված է Միհրան Գրիգորյանի անունով: Վերջինս Հայկ Ստեփանյանի՝ ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալի բարեկամներից մեկն է:
Ս. Սարգսյանը նշում է, որ վերջերս այնքան է ընտանիքում խոսվել տան խնդիրների մասին, որ իր 7-ամյա երեխան Ձմեռ պապին ուղղված նամակում խնդրել է իրենց վերադարձնել տան սեփականության վկայականը:
Նույն շենքի բնակիչներ Կարեն Գևորգյանն ու Բենիամին Խաչատրյանը հավելեցին, որ իրենց բնակարանները գտնվում են Գեղամ Հարությունյանի ձեռքում, ով նույնպես Հայկ Ստեփանյանի բարեկամներից է:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել