
Հագվեցիներին սպասվող ամանորյա անակնկալը. Սեդվի գետը և գետից սնվող արտերը կրկին վտանգի տակ են
Մշակվում է Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի վարչական տարածքում «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի կողմից Կաճաճկուտ գետի վրա «Սեդվի-2» փոքր հէկի կառուցման (վերազինման) նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս հայտարարությունը տեղ է գտել Բնապահպանության նախարարության հայտարարությունների բաժնում:
Սա նշանակում է, որ «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն չի հրաժարվել Կաճաճկուտ գետի վրա հէկ կառուցելու իր մտադրությունից: Հիշեցնենք՝ Հագվի գյուղի բնակիչներն ընդդիմացել էին իրենց գյուղի վարչական տարածքում՝ Սեդվի գետից սնվող հէկի կառուցմանը: Այս տարվա փետրվարին տեղի ունեցած հանրային լսումներով գյուղացիները մերժել էին հէկի կառուցումը: Գլխավոր հիմնավորումն այն էր, որ գետից է սնվում 20 հա այգի, որոնք ոռոգման այլ աղբյուր, քան Սեդվի գետն է, չունեն:
Գետի միջոցով են տեսնում գյուղացիները իրենց անջրդի հողերի ապագա ոռոգան աղբյուրը:
Այստեղ 5 հա ազնվամուրու այգի է հիմնել ալավերդցի Ռուսլան Կիրակոսյանը, որի նորաստեղծ փոքրիկ բիզնեսի ապագան ևս գետից է կախված:
Մեկ տարի է՝ հարցը կարծես փակվել էր, և հագվեցիները հավատացած էին, որ հէկի սեփականատերերը հասկացել են գյուղացիների մտահոգությունները և այլևս չեն անհանգստացնելու իրենց: «Սեդվի էներգո» ՍՊԸ-ն, մինչդեռ, չի հրաժարվել հէկ կառուցելու իր ծրագրից:
Հայաստանում 2009 թվականին գրանցված «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի հիմնական բաժնեմասը ԱՄՆ-ում գրանցված ընկերությանն էր պատկանում՝ «Հելլեսդոն» ՍՊԸ-ին, բաժնեմաս ուներ նաև Աքորիի նախկին գյուղապետ Կամո Սիմոնյանը և Սարգիս Գաբայանը: Վերջինս հէկեր նախագծող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր՝ Գրիգոր և տնօրեն՝ Ինեսա Գաբայանների որդին է:
Բաժնեմասի փոփոխություն է եղել, և ամերիկյան ընկերությունը դուրս է եկել բաժնեմասի մասնակիցների ցանկից: Այժմ գերիշխող բաժնեմասը Սարգիս Գաբայանինն է՝ ավելի քան 87 %: Ի հայտ է եկել նաև նոր բաժնետեր, ով նաև ընկերության տնօրենն է՝ Արսեն Գալստյանը:
Սարգիս Գաբայանից փորձեցինք պարզել, թե արդյոք հէկի կառուցման նախապատրաստություններ են ընթանում: Վերջինս ասաց, որ տեղյակ չէ ոչ ԲՆ հայտարարությունից, ոչ էլ հէկից: Ինքը չի զբաղվում և չի կարող ասել, թե ով է զբաղվում:
«Ես չեմ կարող ասել՝ ով է զբաղվում, մենք հրաժարվել ենք դրանից (հէկից-հեղ.)»,- ասաց նա և մեր խնդրանքին՝ ուղղորդել դեպի այն անձը, ով զբաղվում է և որի հետ կկարողանանք զրուցել, ավելացրեց,- ով որ զբաղվում է, ինքն է զբաղվում, պարտավո՞ր եմ Ձեզ ասեմ՝ ով է զբաղվում»:
Հագվի գյուղը խոշորացվել է Օձուն հայամնքի հետ: Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանին կամ համայնքին դեռևս որևէ նախագիծ չի ներկայացվել, իրենք այդ մասին ոչինչ չգիտեն:
Հագվիի բնակավայրի լիազոր ներկայացուցիչ Հայկասար Մայլիյանը նույնպես ոչնչից տեղյակ չէր․ «Այդ հարցը վաղուց փակված էր, չկան, չեն երևացել,- ասաց նա և նոր հայտի մասին ավելացրեց,-ոչ մի բանից տեղյակ չեմ»:
Համաձայն նախկին նախագծի՝ «Սեդվի» հէկի համար նախատեսված էր անցկացնել ավելի քան 5 կմ խողովակաշար: Արդեն գործող հէկի հետ միասին՝ խողովակաշարի մեջ կվերցվի գետի 8 կմ-ը: Այսինքն՝ Կաճաճկուտ գետի 70 տոկոսից ավելին, բնապահպանական թողքը չհաշված, կհոսի խողովակների միջով:
Սեդվի գետի մասին՝ նաև այս տեսաֆիլմում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել