
Էնտեղ իմ տատն է թաղված (վիդեո)
«Վաղը իմ տատիկի տարին է: Էնտեղ՝ գյուղի գերեզմանոցում ա թաղված: Ոչ ոք չի կարա գնա էնտեղ քանդի: Ով որ քանդի, ես էլ իրա տունը կքանդեմ»,- ասում է քաջարանցի Նարեկ Աթայանը:
17-ամյա տղան ձիեր է պահում: Սովորում է Երևանում, բայց չի պատկերացնում իրեն առանց Քաջարանի: Որոշել է ապագայում իր ուժերով նորոգել գյուղի ճանապարհները:
«Գյուղի ճանապարհներին լույս չկա: Դե ոչինչ, էդ մենք կանենք. եթե իրանք չեն անում, մենք ենք անելու: Գազ չկա, բայց կլինի: Ջուրը մաքուր խմելու ջուր ա: Վերևից ա գալիս, ներքևի գյուղերն ու կոմբինատը մեր ջրից են օգտվում: Ինտերնետ կա... ամեն ինչ կա: Կապուտջուղն էլ էստեղ ա գտնվում. ամենաբարձր գագաթն ա Արագածից հետո»:
Դպրոց, մանկապարտեզ չունեցող գյուղում մեծացած Նարեկը վստահ է, որ իրենց գյուղն է պահում սահմանը. եթե գյուղը տարհանվի, թշնամին կգրավի ամբողջ Հայաստանը: Մեկ այլ բարեգործություն էլ են անում քաջարանցիք. գյուղմթերք են վաճառում Քաջարան քաղաքին: Իրենք էլ ապրում են հողագործությամբ ու անասնապահությամբ:
«Մեր ամեն ինչը էս գյուղում ա: Հիմա մեր գյուղը ուզում են քանդեն: Ընկերներ ունեմ, որ քաղաք ընդհանրապես չեն գնում, իրանք ուրիշ տեղ չեն կարա գնան»,- ասում է Նարեկը:
Նա վստահ է, որ եթե գյուղը տեղափոխեն, իրենք հաստատ ավելի լավ չեն ապրի:
«Տրակտորը ոնց կգա, նենց էլ հետ կգնա: Կամ օրենքին հակառակ պիտի անենք՝ տրաքացնենք վերջին վարիանտ: Իրանք՝ մեր տունը, մենք՝ իրանց տրակտորը»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել