
Վարչական դատարանի վճռով՝ Կենտրոնական բանկը և «Ամերիաբանկը» ապօրինի գործարք են իրականացրել
«Ամերիաբանկի» նախկին փոքր բաժնետեր Արտաշես Հովհաննիսյանը վարչական դատարանում հայցապահանջ էր ներկայացրել Կենտրոնական բանկի, «Ամերիաբանկի» և Կենտրոնական դեպոզիտարիայի դեմ, որն ամբողջությամբ բավարարվել է:
Արտաշես Հովհաննիսյանը քաղաքացիական դատարանում «Ամերիաբանկի» դեմ նմանատիպ հայցով պարտություն էր կրել: Հիշեցնենք, որ նա դատարանում պահանջում էր վերադարձնել իր 5 բաժնետոմսերը, որոնք բանկի խոշոր բաժնետերերը կոնսոլիդացրել(համախմբվել) ու հետ էին գնել առանց իր իմացության: Հովհաննիսյանի պաշտպանների որակմամբ՝ սա փոքր բաժնետիրոջ պարտադրված հեռացում էր բանկից, որը հակասում է Հայաստանում բանկային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտին:
Նրանց բացատրությամբ՝ գործարքը հակասում էր «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքին, որով արգելվում է կոնսոլիդացված բաժնետոմսերի հետգնումը: Քաղաքացիական դատարանը, սակայն, հայցապահանջը մերժեց: Վերջինիս համար իրավական հիմնական հիմք ծառայեց Կենտրոնական բանկի թիվ 8 պարզաբանումը, որով ԿԲ-ն լրացուցիչ մեկնաբանում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը՝ թույլատրելով «Ամերիաբանկին» կոնսոլիդացնել և հետ գնել փոքր բաժնետերերի բաժնետոմսերը: Այսպիսով՝ Կենտրոնական բանկը նախադեպ էր ստեղծել ու արտոնություն տվել հայաստանյան բոլոր բանկերի խոշոր բաժնետերերին:
ԿԲ-ի թիվ 8 պարզաբանումը նախատեսում է, որ հիմնական բաժենետերը կարող է բաժնետոմսերի կոնսոլիդացման և հետգնման որոշում կայացնել, եթե ստացել են ԿԲ-ի վերհսկողական դրական դիրքորոշումը: Նույն պարզաբանմամբ՝ վերհսկողական դրական դիրքորոշումը պետք է կայացվեր՝ ‹‹քննելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատուկ փաստերը»:
Քաղաքացիական դատարանի ատյանները սպառելուց հետո Արտաշես Հովհաննիսյանը դիմեց վարչական դատարան՝ արդեն ընդդեմ Կենտրոնական բանկի: Որպես երրորդ անձ՝ գործում ներգարվված են ‹‹Ամերիաբանկ›› ՓԲԸ-ն և ‹‹Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա›› ԲԲԸ-ն: Վերջինս գործում ներգարվվել է` որպես բաժնետոմսերի հետգնման գործարքը վավերացրած կառույց:
Արտաշես Հովհաննիսյանը պահանջել է վերացնել կամ առոչինչ ճանաչել Կենտրոնական բանկի՝ ‹‹Ամերիաբանկ››-ին տված վերահսկողական դրական դիրքորոշումը, որպես հետևանք՝ առոչինչ ճանաչել ‹‹Ամերիաբանկ››-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի այն որոշումները, որոնցով կոնսոլիդացվել և հետ են գնվել Ա. Հովհաննիսյանի բաժնետոմսերը: Եվ որպես վերջնական արդյունք՝ վերականգնել իրեն պատկանած 5 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
Վարչական դատարանում բավարարվել է հայցվորի հայցապահանջի բոլոր կետերը։ Որոշվել է նաև Կենտրոնական բանկից հօգուտ Արտաշես Հովհաննիսյանի բռնագանձել 4000 դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Կենտրոնական բանկը վճռի վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Հայկ Հովհաննիսյան. ‹‹Մենք ունենք աննախադեպ իրավիճակ. անկախության այսպիսի մակարդակ որևէ դատարան չի ցուցադրել մեր հարևան երկրներում››
Արտաշես Հովհաննիսյանը Վարչական դատարան է դիմել 2016թ. մարտին՝ քաղաքացիական դատարանի բոլոր ատյանները սպառելուց և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո: ԵԴ-ում գործն առայժմ գրանցվել է:
Ա. Հովհաննիսյանի որդին և փաստաբանը՝ Հայկ Հովհաննիսյանն ասում է, որ անկախ Կենտրոնական բանկի բողոքարկման արդյունքից՝ Վարչական դատարանի այժմյան վճիռը նախադեպը չունի և Եվրոպական դատարանում իրենց հաջողության հավանականությունը հասցնում է մոտ 75%-ի:
Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի կայացարած վճիռը, Հայկ Հովհաննիսյանի խոսքով, հետաքրքիր զարգացում է դատական համակարգի անկախության ճանապարհին: ‹‹Սա նշանակում է, որ մեր դատարանները սկսում են ձերբազատվել ‹‹հեռախոսային իրավունքից››, երբ վերևից զանգում են ու ասում՝ այսպես կվճռես ու վերջ: Հիմա էս դեպքում մենք ունենք աննախադեպ իրավիճակ, և որքանով ուսումնասիրել եմ Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի դատական պրակտիկաները, այդպիսի վճիռ, անկախության այսպիսի մակարդակ որևէ դատարան չի ցուցադրել մեր հարևան երկրներում››,- ասում է Հովհաննիսյանը: Շեշտում է՝ Կենտրոնական բանկի պես մարմնի բոլոր որոշումները տվյալ գործով անվավեր են ճանաչվել, կորպորատիվ հարաբերություններում պաշտպանվել է փոքր բաժնետիրոջ շահը և վերականգնվել նրա սեփականության իրավունքը կորցրած բաժնետոմսերի նկատմամբ:
‹‹Սա կարծում եմ Հայաստանի համար ընդհանուր առմամբ բավական դրական զարգացում է, որովհետև ոչ միայն ցույց ենք տալիս դատարանների անկախություն, այլև այն, որ սեփականության իրավունքը Հայաստանում սկսում է պաշտպանվել: Մասնավոր սեփականությունը և դրա պաշտպանվածությունը շուկայական տնտեսության, ներդրումների ներգրավման հիմքն է: Այսինքն՝ օտարերկրյա ներդրողները և ներսի ներդրողները նայում են՝ ինչքանով է բաժնետերը պաշտպանված այդ պետությունում, նրանք բոլորը դատական պրակտիկան ուսումնասիրում են երկիր մտնելուց առաջ, և տեսնում են, որ մենք ունենք այն մակարդակի անկախ դատարան, որ կարող է վերցնել ու Կենտրոնական բանկի որոշումները անվավեր ճանաչել ու արդյունքում փոքր բաժնետիրոջ իրավունքները վերականգնել››,- նշում է Հայկ Հովհաննիսյանը:
Վարչական դատարանի այսպիսի որոշումը, ըստ Հ.Հովհաննիսյանի, պայմանավորված է կամ նրանով, որ վարչական ճնշումներ չեն կիրառվել, կամ կիրառվել են, բայց դատարանը կարողացել է իր անկախ դիրքորոշումը արտահայտել. երկու տարբերակներն էլ, իրավաբանի կարծիքով, դրական են: ‹‹Ես գրեթե վստահ էի, որ վարչական ճնշումները շարունակվելու են, վարչական լծակները կիրառվելու են, այդ հեռախոսային իրավունքը՝ սովետական և դրանից առաջվա մեր կյանքից, շարունակելու է գործել, և մենք չենք հասնելու արդարության, բայց ի զարմանս մեզ... Մենք ուրախությունից թռչկոտում էինք դատարանի դահլիճում, երբ ասվեց, որ հայցը բավարավել է››,- պատմում է նա:
Ինչ է տալիս այս որոշումը Հայաստանի տնտեսությանն ու բանկային համակարգին
Հ. Հովհաննիսյանը հստակեցնում է նաև այն, որ Վարչական դատարանի այս որոշումը ոչ միայն իրենց, այլև հայաստանյան բոլոր բանկերի փոքր բաժնետերերի հաղթանակն է: ԿԲ-ի հիմնական գործառույթներից է բանկերում բաժնետերերի միջև խտրականություն թույլ չտալն ու կանխելը, մինչդեռ, իրավաբանի խոսքով, օրենքը լրացուցիչ մեկնաբանող թիվ 8 պարզաբանումը, ինչպես նաև դրա հիման վրա ‹‹Ամերիաբանկի››-ն տրված վերահսկողական դրական դիրքորոշումը վտանգում են բոլոր փոքր բաժնետերերին:
Հարցին՝ եթե բողոքարկումից հետո ունենան նույն արդյունքը, և վճիռը մտնի օրինական ուժի մեջ, հնարավոր համարո՞ւմ է համագործակցությունը խոշոր բաժնետերերի հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. ‹‹Ինչո՞ւ ոչ. մենք միշտ բաց ենք եղել բանակցությունների համար, որը և երկրի վարկանիշին կնպաստի, և խոշոր բաժնետերերի շահերը չի ոտնահարի, և այսօր արդեն բաժնետեր դարձած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շահերը չի ոտնահարի, և մյուս կողմից էլ չի լինի բացասական նախադեպ››:
Հ.Հովհաննիսյանն ավելացնում է՝ վարչական դատարանի վճիռը՝ բոլոր փուլերում նույն արդյունքն ունենալու դեպքում, հսկայական ծախսերի առաջ է կանգնեցնելու ‹‹Ամերիաբանկ››-ին, վերջինս իր հերթին ենթադրաբար կարող է փոխհատուցում պահանջել պետությունից, քանի որ գործարքն իրականցրել է վերահսկիչ պետական մարմնի՝ ԿԲ-ի թույլտվությամբ: Ենթադրելիք արդյունքը, իրավաբանի կարծիքով, բարենպաստ ազդեցություն չի ունենալու հայաստանյան ամբողջ տնտեսական դաշտի վրա, սակայն հայցապահանջը չբավարարելու դեպքում էլ վտանգվում են բանկերի բոլոր փոքր բաժնետերերը՝ ոչ պակաս կարևոր նույն դաշտի համար:
‹‹Վարչական դատարանի վճիռը մեր անկախության ծիլերից է, իրական ձեռքբերումներից. սա պետք է փայփայենք ու զարգացնենք: Մեր երկիրը եվրոպական գործընկերների հետ խոսելիս միշտ կարող է ասել, որ կա այսպիսի անկախ դատարան, սա կարևորագույն ցուցանիշ է, նույնիսկ Համաշխարհային բանկի Doing Business ռեյտինգային դասակարգման մեջ Հայաստանի դիրքերը բավականին կարող են ամրապնդվել: Եվ հակառակը, եթե հիմա նորից վարչական ռեսուրս կիրառելով, պետական մարմինները տապալեն էս հաղթանակը, որը բոլորինս է, ապա սա բավականին բացասական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի վարկանիշի վրա››,- ասում է Հայկ Հովհաննիսյանը:
առաջին լուսանկարում(ձախից)՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և ‹‹Ամերիաբանկ››-ի տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել