
Հայաստանի համար Իրանի դեպքերի հնարավոր վտանգները
Իրանում ընթացող բողոքի ցույցերի հնարավոր զարգացումների ընթացքի մասին կանխատեսումներ անելը դեռևս վաղ է: Ցույցերը միաժամանակ տասնյակ քաղաքներում են ընթանում: Կան երկու տասնյակից ավել զոհեր։
Չնայած նրան, որ կարգախոսները բոլոր օստաններում (երկրի նահանգները այդպես են կոչվում) դեռևս ընդհանուր են, դրանց հնարավոր զարգացումները ըստ ռեգիոնների՝ կարող են տարբեր լինել: Այսօրվա կարգախոսներն ունեն սոցիալական, հակակղերական, հակակառավարական բնույթ, սակայն դրանք կարող են փոխվել: Հյուսիս-հարավում կարող են ստանալ հակաշիաական, մնացած վայրերում վերածվել սեպարատիստական շարժումների: Քրդական, ադրբեջանական, թուրքմենական, արաբական, բելուջիական ռեգիոններոմ կարող են վերածվել սեպարատիստական շարժման, պարսկաբնակ շրջաններում` հիմնականում քաղաքներում, կարող են ստանալ ազգայնական-շովինիստական բնույթ: Այս ցանկը կարելի է շարունակել:
Կենտրոնական իշխանության անգործունակ դառնալու դեպքում ներիրանական խնդիրներին կարող են միջամտել Թուրքիան, որը քրդական սեպարատիզմից խուսափում է, սակայն ադրբեջանական սեպարատիզմի հետ մեծ հույսեր է կապում, Ադրբեջանը` պաշտպանելու Իրանի ադրբեջանցիներին, ինքնամեկուսացման քաղաքականություն վարող Թուրքմենստանը կարող է ստիպված լինել արձագանքել թուրքմենական ցեղերի կոչերին, Աֆղանստանն ու Պակիստանը նույնպես չեն կարող չմիջամտել, թեկուզ իրենց կամքից անկախ՝ սահմանին ընդհանուր էթնիկ բնակչության ունենալու պատճառով: Սաուդյան Արաբիան կարող է փորձել պաշտպանել սունի արաբներին կամ գոնե նրանց օգտագործել Իրանը փլուզելու համար: Հարցականի տակ է դրվում Ասադի ճակատագիրը, որն առանց Իրանի օգնության դժվար թե կարողանա դիմակայել ընդդիմադիրներին:
Մի խոսքով, Իրանի փլուզումը կարող է ավելի մեծ աշխարհաքաղաքական ճգնաժամ ու քաոս առաջացնել, քան Խորհրդային Միության կամ Հարավսլավիայի փլուզումը: Նման սցենարի դեպքում տասնյակ տարիներով կարող ենք հայտնվել գլոբալ քաոսում, որտեղ Աֆղանստանի իրավիճակը մանկական խաղ կհիշեցնի:
Հայաստանի համար միաժամանակ կարող են առաջանալ մի քանի ծանր մարտահրավերներ։ Նախ Իրանի հետ սահմանը` հատկապես Արցախում, կարող է դառնալ անվերահսկելի, առավել ևս, որ քաոսի պայմաններում Ադրբեջանը կարող է Իրանի տարածքը օգտագործել իր զորքերի տեղաշարժի համար, իսկ այդ սահմանում պաշտպանական կառույցներ գոյություն չունեն: Մյուս մարտահրավերը կարող է Թուրքիայի կողմից լինել, Իրանի ադրբեջանցիներին փորձի օգտագործել Հայաստանի դեմ և պատժիչ ռազմական գործողություններ սկսել Իրանի քրդաբնակ շրջաններու: Իրենց հերթին քրդական ջոկատները կարող են փորձել մարտական կարգով նահանջել դեպի Հայաստան:
Այս ամենը դեռևս անհնարին է թվում, սակայն տեսել ենք, թե ինչպես է Սիրիայում և Իրաքում անհնարինը շատ կարճ ժամանակահատված դառնում հնարավոր:
Չնայած դեռևս շուտ է վատագույն սցենարների մասին խոսելը, սակայն դրանց պետք է պատրաստ լինել, իսկ մինչ այդ պետք է հուսանք, որ Իրանում կսկսվեն քաղաքական ռեֆորմներ, որոնք կհանգստացնեն Իրանի հասարակությանը։
Մեկնաբանել