HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Քաջարանցիներին փոխհատուցում տալու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող

Սյունիքի մարզի Քաջարան գյուղին վերաբերյալ «Հետք»-ի հարցերին պատասխանում է Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը

Իսկապե՞ս այդքան սխալ ու անհեթեթ է Սյունիքի մարզի մի քանի գյուղերի տարածքները գերակա շահ ճանաչելու Կառավարության 627 Ն որոշումը:

Այն բարոյական շատ հարցերի հետ է կապված: Նախ՝ մարդիկ ընդվզում են իրենց տների, իրենց պապերի գերեզմանների վերացման դեմ: Ցանկացած մարդ ինչպես կյանքի իրավունք ունի, այնպես էլ՝ հարգելու և պահպանելու իր նախնիների հիշատակը: Բայց կա կառավարության որոշում. այդ տարածքները հայտարարել են հանրային գերակա շահ և հանձնել պղնձամոլիբդենային կոմբինատին:

Այդ որոշման մեջ ոչ մի խոսք չկա գյուղը կամ գերեզմանները տեղահանելու մասին: Մի՞թե այն սպառնալիք է քաջարանցիներին:

Գերակա շահ է ճանաչվել ոչ միայն Քաջարանը, այլև հարակից մի քանի գյուղ, բայց վտարման և ոչնչացման հարցը դրված է Քաջարանի առջև, որովհետև մյուս 5 գյուղից վերցնում են հարակից տարածքներ, իսկ Քաջարանն ամբողջությամբ է ընկնում այդ հատվածի մեջ: Խոսքը 187,1 հեկտարի մասին է:

Վերջին օրերին Սյունիքի մարզպետը հայտարարեց, որ սատարում է քաջարանցիներին...

Այո, հանքի ներկայացուցիչները ևս հայտարարություն են արել,որ իրենք պատրաստ են առայժմ ամբողջությամբ հանքի կամ այդ գյուղի մասին չխոսել, հանքի սահմանները գծել գյուղի գերեզմանատնից 150-200 մետր հեռավորության վրա, ոչ ավելի մոտ, և դրանով սահմանափակել իրենց ախորժակը: Սակայն ցանկացած հասարակ մարդ կամ ոչ մասնագետ կարող է ասել՝ այդ հեռավորության վրա տեղի ունեցող բաց հանքի պայթեցումներն ինչ վիճակի մեջ կդնեն այնտեղի ժողովրդին, եթե ամեն օր մեկ կամ մի քանի անգամ իրենց հարևանությամբ կարծես թշնամական գործողություններ կատարվեն այդ պայթեցումների ձևով:

Իսկ կա՞ բնակելի տարածքից շահագործվող հանքի հեռավորությունը կարգավորող օրենք:

Իրենց առաջարկածի առնվազն կրկնակին: Փաստորեն, տեղի բնակչության համար ստեղծվում են ապրելու համար անհնարին պայմաններ. մարդիկ ի վիճակի չեն լինելու նորմալ կյանքով ապրել, զբաղվել գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, երբ այդ ամբողջ տարածքը նույն պայթեցումների պատճառով հանքի փոշիներով է ծածկվելու: Հակաէկոլոգիական ահավոր վիճակից մարդիկ ստիպված, առանց ինչ-որ հարկադրանքի, հեռանալու են իրենց բնակավայրից: Եթե անգամ հիմա իրենք հայտարարում են, որ գյուղին ձեռք չեն տալու, փաստացի ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ բնակիչները ստիպված հեռանան:

Խոսակցություններ եղան գյուղացիներին 4-5 միլիոն դրամ փոխհատուցում տալու մասին: Գուցե քաջարանցիներին ձեռնտո՞ւ լինի վերցնել այդ գումարը և այլ վայրում ավելի տանելի պայմաններ ստեղծել:

Բոլորս էլ գիտենք, թե այդ գումարով ինչպիսի տնտեսություն կարելի է ստեղծել այսօր Հայաստանում: Դրանով կարելի է ինչ-որ տեղ մի փոքր տուն գնել, բայց տնտեսություն հիմնելու մասին խոսք լինել չի կարող: Եվ հայրենի գյուղից հետո որտե՞ղ կարող ես ապրել. դա էլ հարց է: Բայց փոխհատուցման մասին ընդհանրապես խոսք չպիտի լինի:

Եվ ո՞րն է քաջարանցիների դիրքորոշումը:

Հանքաարդյունաբերողները փորձում են շրջանցել Սահմանադրությունը՝ չասելով, որ իրենք նպատակ ունեն գյուղը տեղահանել: Մինչդեռ գյուղի կամ բնակավայրի տեղահանման հարցով պետք է տեղի ունենան տեղական հանրաքվեներ, և տեղի բնակչության համաձայնությունը լինի: Սակայն այս պարագայում ամբողջ գյուղը դեմ է, ինչպես նաև նախկին քաջարանցիները, ովքեր կապ են պահպանում իրենց հայրենի գյուղի հետ: Այս ծրագրի դեմ մոտ 600 ստորագրություն կա հավաքված: Ներկայումս գյուղում ապրում է մոտ 131 տնտեսություն, սակայն բողոքի դիմումը ստորագրել է 600 ներկայիս և նախկին քաջարանցի:

Մեկնաբանություններ (1)

David
ERB KOMBINAT@ TVECIN EV BOLOR@ LRECIN HIMA EL INCH UZUM EN ANUM EN,,,NAX BOLORN EL KRAHUM EN TE ISKAKAN TER@ OV E....ED SOVAC MILIARDATERIC HAY AZG@ PRCUM CHUNI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter