
114 մլն դրամի պայմանագիր է կնքվել Երևանում թափառող շների վնասազերծման և ստերիլիզացման նպատակով
Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը թափառող շների վնասազերծման ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ: Այս տարի ևս բացառություն չի լինելու: Քաղաքապետարանը և ՍՊԸ-ն հունվարի 8-ին մոտ 114 մլն 227 հազար դրամի պայմանագիր են կնքել:
Պայմանագրով մոտ 23 մլն 162 հազար դրամ է արժեցել թափառող կենդանիների ստերիլիզացման աշխատանքները, որոնք իրենցից ներկայացնում են կենդանիների բռնում, բուժում, ստերիլիզացում և բաց թողնում:
Ամբողջական աշխատանքային ծրագիրը հաստատվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի կողմից։ Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի ցանց կրակող ատրճանակներով (հրացաններով), ցանցօղակներով ինքնաձգող սարքերով, ցանցերով, կոթավոր ցանցօղակներով, սեղմօղակներով և այլն։
Բռնված կենդանիներին այդ նպատակի համար հարմարեցված տրանսպորտային միջոցներով պետք է տեղափոխեն կացարան։ Կացարանում պետք է իրականացվի կենդանիների գրանցում, հաշվառում, ինչի համար «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն պետք է վարի բռնված կենդանիների հաշվառման գրանցամատյան ու իրականացնի տարբերանշանակում, որն իրենից ներկայացնում է դիմացկուն նյութից պատրաստված ու համարակալված վզնոց:
Կենդանիների մոտ մակաբույծների առկայության դեպքում ՍՊԸ-ն պետք է դեղորայքի օգտագործմամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնի։ Իսկ կլինիկայում տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի եզրակացությունից հետո բուժման ոչ ենթակա կենդանիներից պետք է ազատվի` քնեցնելով: Կենդանիների մարմինները կտեղափոխվեն «Բեկար»-ի հոր։
Բնակչությունից և այլ անձանցից ահազանգերն ընդունելու և գրանցելու համար «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն պետք է ունենա ոչ պակաս երկու օպերատոր, որոնք պետք է աշխատեն ժամը 9։00–ից մինչև ժամը 19։00–ը և յուրաքանչյուր շաբաթը մեկ տեղեկատվություն ներկայացնեն քաղաքապետարան բռնված կենդանիների քանակի վերաբերյալ՝ պարտադիր նշելով, թե որ հասցեից են բռնվել շները։
Իսկ վնասազերծման ծառայությունների համար քաղաքապետարանը ՍՊԸ-ին կվճարի մոտ 91 մլն 66 հազար դրամ:
Վճարումն իրականացվելու է 2018թ. Երևանի համայնքային բյուջեից:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով մրցույթներ հայտարարվել են 2006 թվականից: 2009թ.-ից հայտարարված բաց ընթացակարգերին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն:
Ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ին: Հիմնադիրները եղել են նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը և Դավիթ Ներսիսյանը, 2007-2012 թվականներին բաժնետեր է դարձել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով Ռուբեն Սադոյանի եղբայրն է: 2012-2016թթ. ընկերության 100% բաժնետեր է դարձել «Համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միհրան Փիլոսյանը: Իսկ 2016թ. հոկտեմբերի 10-ից ընկերությունը միանձնյա տնօրինում է 2008 թվականից ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները և ակտիվ քաղաքացիները բազմիցս ահազանգել են, որ ՍՊԸ-ն իր պարտականությունները չի կատարում, իսկ քաղաքապետարանը գումարներ է կուտակում թափառող շների հաշվին: Ահազանգել են նաև, որ ստերիլիզացման և վնասազերծման աշխատանքներն իրականացվել են բազմաթիվ խախտումներով: Տարիների ընթացքում դժգոհությունները չեն նվազել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել