
«Աէրացիայի» Մոխրոտիկը
Մարինե Մարտիրոսյան
-Բարև ձեզ, ես Մոխրոտիկն եմ,- տնակի բակից դեպի մեր կողմ իջնելիս՝ ձայն է տալիս Լիլիթը:
-Ինչի՞ Մոխրոտիկ,- դիմում եմ նրան:
-Ամբողջ օրն ավլում-թափում եմ, բա Մոխրոտիկ չե՞մ, ձեռքերիս նայի,- շարունակում է Լիլիթը: Որդին՝ 8-ամյա Հովհաննեսը, ուշադիր նայում է մորը, հետո վազում դեպի տնակ:
Ռենոն՝ փոքր շունը, դեղնած խոտերի մեջ ինչ-որ բան է փնտրում: Ռենոյի համար, ասես, միևնույնն է, որ անծանոթներ կան բակում, առանց հաչելու մեզ դիմավորում է:
Արարատը շատ պարզ է երևում Լիլիթի տնակի բակից: Իսկ լեռան ու տնակի միջև մեծ աղբավայր է՝ հին տեխնիկա, շինարարական աղբ: Մի նեղ, փոշով լի ճանապարհ է բաժանում տնակն ու աղբավայրը: Լիլիթի մայրը՝ 58-ամյա Անուշ Զաքարյանը, ասում է, թե երբեմն պատահում է, որ հագուստ էլ են բերում աղբավայր, իրենց ու թոռների համար գնում-ջոկում է:
-Հագիս պալտոն էլ է էնտեղից, էնօրն էլ թոռանս համար մի սապոգ գտա: Հեն է՝ Հովոյի էս բասանոշկեքն էլ եմ էնտեղից գտել, բայց էս տարի չկարողացա սապոգ գտնել, էրեխեն մնաց բասանոշկեքի մեջ,- ասում է Անուշը, հետո թեքվում է դեպի աղբավայրի կողմը:
Լիլիթ Մանուկյանը 34 տարեկան է: Երեք որդիների հետ բնակվում է Երևանի «Աէրացիա» մաքրման կայանի հարևանությամբ: Տնակում է ապրում ավելի քան 20 տարի: Երկու փոքր սենյակից է տունը: Մահճակալներն ու բազմոցը խիտ դասավորված են ներսում: Թեև օրն արևոտ է, բայց Լիլիթը վառարանը վառել է, ձավար է խաշում սպասի համար: Հովհաննեսի պատվերն է սպասը:
8-ամյա Հովհաննեսը
Լիլիթը ներողություն է խնդրում տեսքի համար, գիշերվա ժամը 10-ից մինչև լույսը բացվելը՝ ժամը 6-ը, փողոցներն է ավլում: Առավոտյան տուն գալուց հետո մի քանի ժամ քնում է, հետո տան գործերն է անում: Արդեն 3 ամիս է, որ աշխատում է «Սանիթեքում», ամսական 83 հազար դրամ է ստանում: Մինչ այդ դաշտերում բամիա էր հավաքում: Բամիա հավաքելու համար օրական 5 հազար դրամ էր ստանում, բայց, ըստ նրա, դաժան գործ է, մատներդ վնասում ես հավաքելուց: Լիլիթն ասում է, թե կարևորն այն է, որ երեխաները հաց ունենան ուտելու: Ժամանակ է եղել, երբ բետոնի միջից ամրաններ է քանդել, ստվարաթուղթ է հավաքել: Մինչ ավագ որդու՝ Վահրամի ծնվելը երեք տարի մոր հետ աշխատել է Կարմիր բլուրի գերեզմանոցում: Պատմում է, որ հարևանությամբ էլեկտրաենթակայան կար, այդտեղ էլ մնում էին: Մեծահարուստների գերեզմանների մաքրությամբ էին զբաղվում: Վճարումը կայուն չէր. մարդ կար, որ 2 հազար դրամ էր վճարում, մեկ ուրիշը՝ 5 հազար:
-Հետո եկանք «Աէրացիա», ամեն մեկս մի խրճիթ սարքեցինք ու մնում ենք մինչև հիմա,- շարունակում է 34-ամյա կինը: Քույրն ու եղբայրն ապրում են հարևանությամբ: Մոր ասելով՝ ամենածանր վիճակում Լիլիթն է:
Տնակում մեծ անցքեր կան, որտեղից ելումուտ են անում առնետները: Լիլիթը հերթով ցույց է տալիս դրանք, շատ է վախենում առնետներից. հագուստն ու սնունդն ուտում են: Վերջերս մայրը աղբավայրից մի գազօջախ է բերել, որը որպես պահարան է օգտագործում: Գիշերները երեխաներն առնետների շարժից արթնանում են, հանգիստ քնել չի լինում: Պատմում է, որ մի լավ կատուն ունեին, առնետները դրան էլ վնասեցին, սատկեց:
Երեք երեխաների մայրն աշխույժ է խոսում, զրույցի ընթացքում երբեմն գրկում է Հովհաննեսին: Ժամին է նայում, ասում է՝ երկու որդիները ուր որ է կգան դպրոցից: Վահրամը 15 տարեկան է, Նարեկը՝ 13: Երկուսն էլ կարատե են պարապում: Հովհաննեսն ուղղում է, թե հիմա միայն Նարեկն է գնում կարատեի, որովհետև փողով է: Մայրը շարունակում է, որ չի հասցնում ծախսերը հոգալ, ամսական ամեն մեկի համար 5 հազար դրամ է պետք: Կարատեիստ պատանիները կիմանո չունեն, բայց Նարեկն արդեն դեղին գոտի ունի, երազում է մի օր աշխարհի չեմպիոն դառնալու մասին:
15-ամյա Վահրամը
-Ես էլ տրակտորիստ եմ ուզում դառնամ, որ հող փորեմ,- եղբոր խոսքից հետո ավելացնում է Հովհաննեսն ու ժպտում:
-Բայց ինչի՞ տրակտորիստ,- հարցնում եմ:
-Բա ուրիշ ի՞նչ: Տրակտորը լավ ա, համ հող ա փորում, համ էլ արագ ա գնում: Հետո որ տրակտոր ունենամ, փող կաշխատեմ, «ԿամԱԶ» կառնեմ,- տրամաբանում է 8-ամյա տղան:
13-ամյա Նարեկը
Լիլիթը երեք որդիներին գրկում է: Նրա աչքերում երջանկություն կա: Տղաները ծնվել են երեք ամուսնություններից: Կինը դժվար է խոսում այդ մասին, ասում է, թե պարզապես բախտը չի բերել, որ երկու ամուսինները մահացել են, երրորդից ամուսնալուծվել է, բայց ամուսինը երեխային գալիս-տեսնում է:
-Մանկությունից մինչև հիմա դժվար է անցնում կյանքս, բայց երջանիկ եմ, որ էսքան լավ տղաներ ունեմ,- ասում է Լիլիթը: Քիչ անց սենյակից փայտյա շերեփ է բերում. Վահրամն է պատրաստել: Տան հետևում սեղան կա, որդու արհեստանոցն է:
-Վահրամը քանդակագործ ա ուզում դառնալ, փայտով էնքան լավ բաներ ա սարքում,- ասում է Հովհաննեսը: Որդին փայտագործություն սովորել է «Օրրան» բարեգործական կազմակերպությունում, երեք տղաներն էլ հաճախում են այդտեղ: Վահրամը դպրոցից տուն գալուց հետո շտապում է «Օրրան»: Ասում է՝ ընկերներ ունի այնտեղ, օրը հետաքրքիր է անցնում:
Լիլիթը ստանում է 37.500 դրամ նպաստ: «Սանիթեկում» աշխատանքի անցնելուց հետո 1500 դրամը պահել են, բայց, ասում է, լավ է, որ չեն կտրել նպաստը:
Տան հետնամասում տաշտակ է, կողքին՝ ատամի խոզանակները. սա է ընտանիքի լոգասենյակը:
-Նայեք, հենց էդ հողի տակով էլ կոյուղատարն ա գնում,- ցույց է տալիս Լիլիթը: Առնետները կոյուղատարից ու աղբավայրից են գալիս:
Ճանապարհին փոշու դարչնագույն ամպ է բարձրանում: Անցնող մեքենան Անուշին ձայն է տալիս, որ տախտակ է տանում-թափում, եթե կուզեն, թող գնան հավաքեն: Անուշն ասում է, թե քիչ հետո կգնա, կբերի: Ձմեռվա վառելիքն էլ աղբանոցից է հավաքում:
Ցանկապատին հենված Անուշի դեմքից ժպիտը կորում է: Ասում է, թե Լիլիթի համար բազմաթիվ նամակներ են գրել թաղապետարան ու քաղաքապետարան, որ կամ շինանյութով օգնեն, կամ բնակարան տան:
-Էստեղ ապրելու տեղ չի: Մեզ մոտ դաժե ընտրություններին չեն գալիս, այ էդքան կորած տեղ է,- ասում է մայրը:
Բոլորս լռում ենք: Լիլիթն ասում է՝ բա որ ասում եմ Մոխրոտիկն եմ:
-Իսկ Մոխրոտիկը հրաշքներին հավատո՞ւմ է:
-Չգիտեմ, ուր է թե,- հոգոց է հանում 34-ամյա կինը:
Տնակի պատին Վահրամը ամանորյա լույսեր է ամրացրել: Հովհաննեսն ասում է՝ Ձմեռ պապիկ չկա, ու ինքը ոչինչ չի ուզում: Այդ պահին նայում եմ նրա ոտքերին:
-Օրինակ, ես հավատում եմ, որ Ձմեռ պապիկ կա, Հով ջան,- պատասխանում եմ նրան: Վահրամն ավելացնում է, թե ինքն էլ է հավատում: Հովհաննեսը մտքերի մեջ է ընկնում, հետո ասում է, որ «հա, Հայաստանում Ձմեռ պապիկ չկա, բայց իսկական Ձմեռ պապը Հյուսիսային բևեռում է ապրում, ու էնտեղից դժվար թե հասնի Երևան»:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել