HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Վիգեն Հովսեփյան. «Շատ կուզենամ, որ օտարերկրացիները երաժշտություն լսելիս հայկականը կարողանան տարբերել մյուսներից»

Երգիչ, երաժիշտ և գործիքավորող Վիգեն Հովսեփյանի կատարումներից մեկը՝ «Գուլոն», «New York Music Daily»-ն ճանաչել է որպես 2017 թվականի 100 լավագույն երգերից մեկը: Սա Վիգենի առաջին սինգլն է՝ թողարկված 2016 թվականին, ներառված է առաջին՝ «Echoes» ալբոմում: Ժողովրդական երգերի նրա այլ մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ համացանցում. այնտեղ ասես փոշոտ թերթերից գտնված ու բնական միջոցներով վերականգնված հին հայկական պատկերներ են: Վիգենը դրանց մասին պատմում է մաքուր, զուսպ ու թավշե նրբությամբ պատված ձայնով, և, անկասկած, զգացվում է, որ նա ամեն բառին ու հնչյունին մոտենում է անսահման սիրով ու երկյուղածությամբ:

Վիգենը ինքնուս երաժիշտ է և նվագում է տարբեր երաժշտական գործիքներ՝ կիթառ, դուդուկ, հարածային՝դարբուկա, բենդիր, կախոն: Ասում է, որ աշխատում է ամեն ինչ սովորել, հատկապես եթե զգում է, որ տվյալ երաժշտական գործիքից հնչող ձայնն անհրաժեշտ է իր կատարմանը:  Այսօր նա հանդես է գալիս «Barcelona Ethnic Band» և «HAV Folk Trio» խմբերի կազմում:

14 տարեկանում Վիգենի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա՝ Բարսելոնա, որտեղ էլ սկսվել է նրա անմիջական շփումն ու սերը իսպանական երաժշտության հետ: Սկզբում նա կիթառ նվագել սովորեց հենց այս երաժշտության հետքերով, բայց հետո շատ բան փոխվեց այս ճանապարհին: Փոխվեց,  որովհետև շատ արագ ինքն էլ հասկացավ, որ այն լի է անակնկալներով ու, առաջին հերթին, սեփական էությունը բացահայտելու, վերաարժևորելու մեծ փորձառությամբ: Այսօր նա շարունակում է նվագել և՛ իսպանական երաժշտություն, և՛ հայկական: Բայց չի թաքցնում, որ գլխավոր տեղում հայկականն է ու դրա պրոպագանդումը դրսում:

««Barcelona Ethnic Band»-ը տարբեր ժողովուրդների ֆոլկ երաժշտություն է նվագում, և երբ ընդունվեցի խմբի կազմում, սկզբնական փորձերի ժամանակ ինձ հարցրեցին. «Իսկ հայկական ի՞նչ երգ կամ երաժշտություն կառաջարկես ընդգրկել»,- պատմում է Վիգենը:- Ես փոքր-ինչ անակնկալի եկա, որովհետև այն ժամանակ շատ լավ չէի ճանաչում մեր ժողովրդական երգերը, գիտեի աշուղագուսանական մի քանի երգ, որոնց այդքան էլ չէի հավանում: Ես մեկ-երկու օր ժամանակ խնդրեցի, հետո վերադարձա մի քանի գործով: Ու սկսվեց իմ բացահայտումների ու հիացմունքի ճանապարհը: Ես հասկացա, որ հայկական երգը անծայր ու գանձերով լի մի վիթխարի ծով է, որից անհնար է դուրս գալ այլևս: Մենք նվագեցինք Ապարանի երգերի շարան, հետո Կոմիտասից մի քանի գործեր: Իմ օտարերկրացի գործընկերները անչափ տպավորված են մեր երաժշտությունից ու ամեն մի նոր գործ կատարելիս՝ հուզվում են ինձ նման»:

Իսպանական ֆլամենկոյի հնչյունների և աշխարհի հին ու նոր ժողովուրդների երաժշտության մեջ Վիգենը առանձնացրել է հայկականն ու իր երաժշտական գործունեության մեծ մասը նվիրել «հայտնագործությունների» մասին պատմելուն: Երբ նրան առաջարկվեց առաջին ձայնասկավառակը թողարկել, նա առանց երկմտելու ընտրեց հայկական երգերի ձայնագրությունը: Ասում է, որ տարբեր երաժշտական գործիքներ է այս ընթացքում սովորում նվագել, որպեսզի այդ երգերին հնարավորինս նոր ու հետաքրքիր գործիքավորումով ձևավորի, նոր հնչողությամբ ներկայացնի, որպեսզի դրանք հետաքրքիր դառնան ոչ միայն հայ, այլև ցանկացած ազգի ներկայացուցիչ ունկնդրի համար: Վիգենն իր գործիքավորումների մեջ ընդգրկել է ավանդական և ժամանակակից տարբեր երաժշտական նվագարաններ՝ դափ, դուդուկ, կիթառ, թավջութակ, ֆլեյտա, ուդ  և այլն:

Ասում է, որ թեև հայկական ժողովրդական երաժշտությունը անասելի հարստությամբ ծով է, բայց այնտեղ մտնելը դեռևս մեծ խնդիր է շատերի համար: Խնդիրը ոչ թե մտնողի կարողունակության, այլ՝ ակադեմիական կարծրատիպերի բախմանը դիմակայելն է: «Կոմիտասը, հետո իր աշակերտները, հետո նոր ու նոր անուններ, նվիրյալներ արել են ահռելի մեծ գործ՝ հավաքագրել, մաքրել, ստեղծագործել՝ փոխանցելով մեզ: Բայց էսօր այդ արված Մեծ գործը մնում է փոշու հաստ շերտի տակ ու մենք … չենք կպնում դրանց: Որովհետև «հայապահպաններից» շատերի կարծիքով՝ դրանց ձեռք տալ չի կարելի, կվնասվեն: Դրա համար էլ այդ գեղեցիկ երգերն ու երաժշտությունը այսօր կամ կիսաթուրքական կլկլոցի մեջ են հայտնվում, կամ, լավագույն դեպքում, ջազում: Առաջինն, իհարկե, այլ ու սարսափելի մեծ մի խնդիր է, և, իմ կարծիքով, ամեն դեպքում դա էլ քիչ լսելու ու քիչ օգտագործելու հետևանքն է,- ասում է Վիգենը:- Ժողովրդական երգերը հիմնականում այս երկու ուղղությամբ են արտահայտվում, դրա համար էլ հենց մի բան լսում են, տեղավորում են սրանցից մեկնումեկի մեջ: Ես չեմ հասկանում ամուր բռնելու ու «մի՛ կպեք դրան» մոտեցումը: Այդ երգերը իմն են, քոնն են, հայ ժողովրդինն են, մենք դրանցով պիտի մեզ շրջապատենք ու երգենք նաև այսօրվա զգացողությամբ: Դրանց չկպնելու պատճառով է, որ այսօր մեր երաժշտության մեջ ունենք այդ անհասկանալի տեսակը»:

Վիգենի կարծիքով՝ ցանկացած ավանդական երգ կարող է շատ գեղեցիկ ու անսովոր ընկալվել նոր գործիքավորման մեջ, բայց դա նաև չի նշանակում, որ երգի հետ ամեն ինչ կարելի է անել: Կա մի սահման, որը խախտելն արդեն փոխում է ամեն ինչ. «Երգի արմատը, հիմքը, ոգին պետք է հաստատուն մնան, իսկ դրա համար երգը առաջին հերթին իմանալ է պետք, ոչ թե միայն ծանոթանալ,- ասում է Վիգենը,- դա մեծ պատասխանատվություն է անձամբ ինձ համար: Ես այդ երգերը լսելուց բացի՝ լավ ուսումնասիրում եմ նրան ստեղծած ժամանակների հայոց պատմությունը, իրադարձությունները, մշակույթը, մարդուն ու իր կենցաղը: Այդ ամենը շատ կարևոր են ինձ համար»:

2017թ. թողարկվեց Վիգեն Հովսեփյանի առաջին ձայնասկավառակը՝ «Echoes»- «Արձագանքներ» անվամբ: Այստեղ նա բոլորովին նոր գործիքավորմամբ և մատուցմամբ ներկայացրել է հայկական ժողովրդական երգեր՝ տարբեր տարածաշրջաններից՝ «Դըրդո», «Սարերի հովին մեռնեմ», «Մշո գորանի», «Տալ-տալա», «Գուլո» և այլն: «Սարերի հովին մեռնեմ», «Գուլո», «Լուսնյակ գիշեր» երգերում հայ երաժիշտներից բացի, նվագում են Հովարդ Էնսթադը (թավջութակ, դաշնամուր) և Էստելա Բրոտոն (ֆլեյտա):

«Հովարդը նորվեգացի է, շատ է սիրում հայկական երաժշտությունը: Նա նաև կոմպոզիտոր է և մի քանի երգերում անձամբ մասնակցել է գործիքավորմանը,- ասում է Վիգենը,- «Ձայնասկավառակն անվանել ենք «Արձագանքներ», քանի որ այստեղ ընդգրկված են հայկական ավանդական շատ գեղեցիկ երգեր, որոնք ինձ համար անցյալից դեպի մեզ եկող ձայն-արձագանքներ են»:

Ձայնագրություններին մասնակցել են ճանաչված ուդահար Արա Դինքջյանը, Հովարդ Հովարդ Էնսթադը, Միքայել Ոսկանյանը, Գարեգին Առաքելյանը, Հարություն Չկոլյանը, Արսեն Պետրոսյանը և այլք։ «Ինձ համար մեծագույն ձեռքբերում էր ճանաչված ուդահար Արա Դինքջյանի հետ համագործակցությունը,- ասում է Վիգենը,- ձայնասկավառակում ընդգրկված «Նարե» երգում նվագում է Դինքջյանը»:

Համերգներից մեկի ժամանակ, որին հերթական անգամ ներկա էր «Pomegranate music»-ի հիմնադիր-տնօրեն, պրոդյուսեր Րաֆֆի Մենեշյանը, Վիգենը նրանից ալբոմ ձայնագրելու առաջարկ ստացավ:

«Երբ հարցրեց, թե ինչ երգեր կնախընտրեմ ընդգրկել ձայնասկավառակում, ես պատասխանեցի՝ հայկական ժողովրդական: Նա սկզբում զարմացավ, քանի որ այդ ժամանակ ես հանդես էի գալիս իսպանական երաժշտությամբ: Հետո, երբ ներկայացրեցի երկու երգ, որոշումն արդեն երկու կողմից էլ միանշանակ հաստատվեց, որի համար ես անչափ ուրախ եմ և շնորհակալ  Րաֆֆի Մենեշյանին, ով վստահեց մեզ»:

Վիգենը շատ ինտենսիվ ու ժամանակի սկզբունքներին համահունչ գործնական քայլեր է անում: Նա նկարահանել է տեսահոլովակներ, արդեն համերգային եվրոպական շրջագայություններ է անցել ու պատրաստվում է այս տարի ևս նոր համերգներ ունենալ տարբեր երկրներում, հիմնականում՝ ԱՄՆ-ում:

 

«Հոկտեմբերին համերգներով հանդես եկանք Բարսելոնայում, Լոնդոնում, Փարիզում: Իմ գերագույն նպատակն է մեր երաժշտությունը լսելի դարձնել դրսի հանդիսատեսին: Երբ էնտեղ պահանջված լինի, մենք էլ էստեղ կսկսենք լսել,- կես-կատակ, կես-լուրջ նկատում է Վիգենը,- մեր երաժշտությունը մոգական ազդեցություն ունի, որը մենք չենք զգում: Իսպանիայում ընկերական մի հավաքույթի ժամանակ ինձ խնդրեցին որևէ երգ կատարել: Ես երգեցի «Սարի աղջիկը»՝ կիթառի նվագակցությամբ: Ներկաներից մեկը լաց եղավ: Երբ հարցրեցի, թե ինչու է լալիս, չէ՞ որ երգի լեզուն անհասկանալի էր իրեն, ասաց. «Չգիտեմ, բայց ձեր երաժշտության մեջ հոգու համար շատ ազդեցիկ բան կա»: Այդպես է որ կա, մենք չենք ուզում տեսնել: Ես շատ կուզենամ, որ դրսում օտարերկրացիները երաժշտություն լսելիս հայկականը հստակ տարբերել կարողանան մյուսներից»:

«Մարդիկ նախընտրում են հեշտ տարբերակը: Շատ ստուդիաներում կենդանի երաժշտության, գործիքի հետ աշխատելու ամենատարրական աշխատանքն արդեն չգիտեն, ամեն ինչ համակարգչով են անում,- դժգոհում է Վիգենը,- բայց երաժշտության ամբողջ հարստությունը այդ կենդանի շփման մեջ է»:

Տեխնիկական հնարքներով զգացողություն ապահովելն, ինչ խոսք, ամբողջ աշխարհի խնդիրն է, ոչ միայն Հայաստանինը, դա փոփ-արտադրանքի սկզբունքն է, նպատակն ու հետևանքը: Բայց երաժշտության մեջ ապրող մարդուն ոչ միայն դա, այլև ցանկացած հնարովի պատնեշ չի կարող հնչյունի զգայարանի մասին այլ հեքիաթ պատմել: Այնպես, ինչպես Վիգենն է զգում, որ տարբեր երաժշտական աճպարարություններ տեսած աշխարհն այսօր կարիք ունի ժողովրդական ձայնի ու ամեն կերպ փորձում է այնտեղ հասցնել հայկական երգը՝ նոր մոտեցմամբ, նոր հագուկապով՝ առանց ոգու և էության խաթարման:

2018 թվականի համար նա նույնպես բազմաթիվ ծրագրեր ունի՝ նոր համագործակցություններ, համերգներ, նոր ձայնագրություններ ու տեսահոլովակներ: Սկզբունքն անփոփոխ է ու հաստատուն՝ ուսումնասիրել, հիշեցնել ու տարածել երաժշտական գանձերի նոր անուններ՝ հայկական երաժշտության մոռացվող գանձարանից:

 

Լուսանկարները Շահե Նաքքաշյանի

Գլխավոր լուսանկարը` երգչի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter